Posted on April. 20. 2019
Սույն թւականի Փետրւարի 17-ին տեղի ունեցաւ Հոլիվուդի Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցու Տարեկան Անդա-մական Ժողովը: Որպէս եկեղեցու գերագոյն եւ լիազօր մարմին՝ Անդամական Ժողովն անդրադարձաւ եկեղեցու շինարարութեան, ինչպէս նաեւ կից սրահի (Տաղլեան) հետ կապւած դատական գործընթացներին:
Մասնաւորաբար, պաշտօնապէս յայտարարւեց շատ մօտ ապագայում եկեղեցու շինարարական աշխատանք-ների վերսկսման մասին:
Ի պատասխան հետաքրքրասէր հասարակութեան` Անդամական Ժողովը կատարեց հետեւեալ հաստա-տումները.
Ա) Հիւրասիրութիւններ իրականացնող ընկերութիւնը, որին թոյլ էր տրւել օգտագործել սրահը, չի՛ եւ երբեք չի՛ եղել դրա սեփականատէրը: Հետեւաբար, վերոնշեալ ընկերութիւնը չունի սեփականութեան որեւէ իրաւունք խնդրոյ առարկայ շէնքի նկատմամբ:
Բ) Այսուհանդերձ, նեղ անձնական եւ առեւտրական շահերից մղւած, դատական հայց է ներկայացւել ընդդէմ եկեղեցու՛ հաստատութեան անկողոպտելի իրաւունքների դէմ ոտնձգութեան փորձ կատարելով: Սրան ի պատաս-խան, հակընդէմ հայցով եկեղեցին դիմել է դատարան՝ տարածքն ազատելու պահանջով:
Գ) Անդամական Ժողովը եւ ներգրաւուած փաստա-բանական խորհուրդը համաձայն չեն դատարանի վերջին որոշման հետ եւ պիտի շարունակեն հետամուտ լինել եկեղեցու արդար իրաւունքներին օրինական բոլոր միջոց-ներով:
Դ) Անդամական ժողովը խստիւ դատապարտեց ապատեղեկատուական վայրի արշաւը սանձազերծուած մի քանի վարձկան «լրագրողների» եւ «լրատւամիջոց-ների» կողմից:
Ե) Անդամական Ժողովն իր ամբողջական զօրակ-ցութիւնն յայտնեց Ծխական Խորհրդին եւ Հոգեւոր Հովւին:
Զ) Ի պատասխան շրջանառուող ոչ փաստական տեղեկութիւների եւ բացայայտ երեւակայական ստերի, խոստացուեց հեռուստատեսութեամբ եւ հանրային այլ լրատուամիջոցներով ծաւալուն եւ մանրամասն անդրադարձ կատարել եկեղեցու շինարարութեան եւ սրահի շուրջ ծաւալւած խնդիրներին՝ դատական գործընթացներից յետոյ, կոնկրետ փաստերով եւ քննութեան արդիւնքում ձեռք բերւած ապացոյցներով:
Վերջում, Անդամական Ժողովն հորդորեց ժողովրդին չտրւել ապատեղեկատուական մեքենայի տարածած ստահոդ լուրերին, տուրք չտալ կենցաղային մակարդակի բամբասանքներին եւ ստոր զրպարտութիւններին:
Ս. Հովհաննու Կարապետ Եկեղեցին մշտապես հաշվետու է եղել իր անդամներին եւ շարունակում է իր առաքելությունը նույն թափանցիկ ոճով՝ Թեմական Կանոնադրության եւ երկրի օրենքներին համահունչ: Մենք մշտապէս բաց ենք եղել եւ շարունակում ենք բաց մնալ մեր համայնքի առաջ: Եթե որեւէ մեկը՝ անհատ կամ կազմակերպութիւն, կը փափագի ճշտումներ կատարել կամ ստոյգ տեղեկութիւններ ստանալ խնդրի մասին, առանց յապաղելու կարող է դիմել Ս. Հովհաննու Կարապետ Եկեղեցու Ծխական Խորհրդին:
Եկեղեցին, ինչպէս որ միշտ եղել է իր հոգեւոր վեհ բարձունքին, այդպէս ալ պիտի շարունակի իր սրբազան առաքելութիւնը՝ տուրք չտալով մանրախնդիր եւ մոլորեալ որոշ անհատների դաւերին:
ԴԻՎԱՆ՝ ԱՆԴԱՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ, Մարտի 11, 2019, Հոլիւուտ, Կալիֆոռնիա