ԱՆՄԵՂՆԵՐ

Posted on January. 10. 2020

«Եթէ չքաւորութիւնը
յանցանքների մայրն է, ապա
պիղծ հոգին՝ նրա հայրն է»:
Ֆրանսական

Համացանցով մեզ հասած լուրերին ծանօթանալով առաջին քայլը լինում է՝ ողբաձայն բացականչել, թէ այդքան փոքր մի երկրում, որքա՞ն յանցանք, խաբեբայութիւն ու մարդկային ստոր արարքներ կարող են համախմբուել ու կուտակուել: Երկիրը կարծես դարձել է խտացուած չարիքի կենտրոն:
Ո՛չ եւ ո՛չ: Չեմ ուզում հաւատալ, որ մեր երկիրը ստորաքարշ աւազակների որջ է, նոյնիսկ եթէ կան այդպիսիները, որ իրենց մարդկային կերպարանքը կորցրել են կամ չեն ունեցել, եւ օգտուելով հայի բնական հեզութիւնից ու բարեացակամ բնոյթից՝ շնացել են վերջին երեք տասնամեակի ընթացքին եւ զբաղուել երկիրի կողոպուտով: Նրանք նոյնիսկ աւազակ կոչուելու անարժան են, քանի որ աւազակները, օրէնքով գողերն ու այլ երկոտանի շնագայլերը իրենց վարմունքի չգրուած կարգ ու կանոնները ունեն եւ որեւէ անօրէնութիւն չեն անում սեփական ընտանիքի ներսը: Մինչդեռ մերոնք իրենց հասանելի բոլոր սահմանները խախտել են: Ըստ շրջուող լուրերի երկրի բոլոր հանքավայրերի փայատէր է երկրորդ նախագահը իսկ Ամուլսարի յիսուն տոկոսին է, տիրապետում տարբեր ազգականների անուններով եւ առաւել զարմանալի է որ ներկայ իշխանութիւնը՝ դեռ այն, վերամշակելու նրբացուցիչ հանգամանքներ է փնտրում: Ենթադրաբար կարելի է՞ մտածել թէ գիտենալով որ, Թութանխամոնի թաղման ոսկէ դիմակը մօտ տասն կիլօ է, մեր նախագահը ցանկանում է որ իրենը լինի աւելին:
Սխալ է այն տպաւորութիւնը, թէ բոլորն են այդ վարքի ու բարքի: Ըստ մամուլի՝ ընդամէնը մօտ երկու-երեք հարիւրից չեն անցնում սակաւապետականները, որ ընդհանուր բնակչութեան չնչին՝ մէկ հազարերորդ տոկոսն անգամ չեն, մինչդեռ այդ հայ բորենիները երկրի բոլոր բարիքներից օգտուելով իրենց գործունէութեամբ ստեղծել էին վախի ու անօրէնութեան միջավայր: Խոհեմ եւ ազնիւ բնակչութեան մի մասը չդիմանալով պայմաններին բռնեց չարիք դարձած արտագաղթի ճամբան, եւ պատահական չէ, որ երկրորդ նախագահը իր մամուլի ասուլիսի ընթացքին շեշտել է, թէ «ի՞նչ էք բողոքում, գնում են զատօ փող են ուղարկում»:
Ցաւալի է երեւոյթը, բայց կայ նաեւ հատուցում ոճիրի դիմաց: Մանկապիղծը չի կարող ներում հայցել, ինչպէս զինուորի հաց գողացողը եւ բոլոր օրինա-զանցները, ինչպիսին էլ լինի նրանց պաշտօնը, կատարած յանցանքը՝բոլորին չյիշենք, պարտադիր պիտի դատաստանի առջեւ կանգնեն:
Հնացած, նոյնիսկ շատ հին սկզբունք է դարձած, թէ սխալը մարդկային է, որի դէմ պայքարի ոչ մէկ տեսակ գոյութիւն ունի, ուրեմն թոյլատրելի է կամայ թէ ակամայ սխալ գործել, նոյնիսկ առանց մեղանչելու, զանց չառնելով, որ այդ անմեղ սխալները երբեմն կարող են խիստ վտանգաւոր հետեւանքներ ունենալ՝ տարբեր չափի ու կարեւորութեան, ընդհուպ երկրի կործանում:
Նման դիպուածի վկան եղանք 2020-ի տարեմուտի առաջին վայրկեաններին, երբ, վարչապետի ամանորի մաղթանքներից յետոյ, հեռատեսիլի հաղորդավարը չսփռեց պետական օրհներգը, որ աննկատ չմնաց եւ չէր կարող մնալ: Մամուլը արձագանքեց, բայց չարիքը արդէն գործուած էր: Անկարելի է հարց չտալ, թէ այդ արարքի հեղինակը, լինելով նախկինների համակիր, դիտաւորեա՞լ է այդ խափա-նարար քայլին դիմել, –որ բացառուած չէ,– թէ՞ տկարամտութեամբ ակամայ սխալուել է: Յամենայն դէպս հակադիրները քնած չեն եւ պատրաստւում են վերադառնալու:
Հաւանօրէն պետական համակարգում դեռ թաքնուած նախկինները, որոնց թիւը բաւական պատկառելի է լինելու, յուսակորոյս չեն եւ ըստ երեւոյթին երազում են քոչ-սերժականների վերադարձին՝ իրենց խաղը խաղալու: Բնական է, որ դռնապանից մինչեւ նախագահ՝ պիղծ, ողն ու ծուծով ապականուած մի համակարգ անհնար է աւելի մի հարուածով մաքրել եւ չէզոքացնել եւ դուրս վռնդել՝ժամանակի խնդիր է:
Իրաւացի է նաեւ, որ վիճակը բարդ է ու խրթին, քանզի հակառակորդը ներսից է՝ ընտանիքի անդամ եւ յաճախ ծածկուած կամ դիմակաւորուած, որին յայտնաբերելը շատ աւելի դժուար է, նոյնիսկ անհնար:
Բազում լուծելի ու անլուծելի խնդիրներին դիմագրաւելով կամքն ու եռանդը կ՛ունենանք, միաժամանակ վերածնուել եւ շտկել դարերով երազած մեր, մեծ լոռեցու խօսքերով, յոյսի եւ լոյսի հայրենիքը:
Հոգելոյս մայրս պիտի ասէր՝ «Մուրազդ կատար»:
05-01-20 Ռուբէն Յովակիմեան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *