Հայ առաքելական եկեղեցին «ամենակոռումպացված կառույցներից» է

Posted on February. 25. 2020

Գրեց՝ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Պահանջում են, որ եկեղեցին արտոնյալ կարգավիճակ էլ չունենա, ունեցվածքը գույքագրի ու հարկ վճարի Պարզվում է, Հայ առաքելական եկեղեցին շատ ավելի կոռումպացված է, քան պատգամավորները, նախարարությունները, վարչապետի աշխատակազմը, ԱԺ նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ նախագահն ու իր աշխատակազմը եւ մի շարք այլ մարմիններ: Այսպիսի ուշագրավ արդյունք է ցույց տվել երեկ հրապարակված կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտությունը, որն իրականացվել է հեղափոխությունից հետո՝ 2019-ին:
Հետազոտությունը կատարվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: 1500 հարցվածների 11 տոկոսն ասել է, որ մեր եկեղեցին մեծապես կոռումպացված է, 18 տոկոսն էլ գտել է, որ կոռումպացված է, բայց որոշ չափով: Հետազոտությունն իրականացնող «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը» գտնում է, որ հավանաբար պատճառն այն է, որ հանգանականությունները, որոնք տրվում են եկեղեցուն, թափանցիկ չեն, ոչ մեկը չգիտի ով տվեց, ոնց տվեց եւ ինչ նպատակի վրա ծախսվեց:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասաց, որ եկեղեցին մեր ամենափակ կառույցն է ու եթե պետական այլ հիմնարկներին կարող են վերահսկել, եկեղեցու դեպքում դա հնարավոր չէ: Ըստ նրա, մարդկանց գիտելիքները եկեղեցու սպասավորների վերաբերյալ ավելացել են, նախկինում քիչ տոկոսն է նշել, որ եկեղեցին կոռումպացված է, հիմա մարդիկ ավելի վատ կարծիքի են եկեղեցու մասին, ընդ որում, այս դեպքում չգիտես ում պահանջներ ներկայացնես՝ Ամենայն հայոց կաթողիկոսի՞ն, թե՞ այլ ներկայացուցչի:
«Առավոտի» հետ զրույցում տիկին Այվազյանը մեր հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր եկեղեցին վերահսկման դաշտ բերել՝ պատասխանեց. «Նախ պետք է իսկապես պահանջել, որպեսզի եկեղեցու կողմից տիրապետվող, տնօրինվող ակտիվների ինֆորմացիան թափանցիկ լինի եւ նրանք եւս հարկեր մուծեն: Այդ երկու քայլը միանշանակ պետք է լինի: Թե ներսում ինչ է կատարվում, այնտեղ բավականին փակ կառույց է եւ սովորական քաղաքացին չի կարող հենց այնպես պահանջել, որ հրապարակեք ձեր հաշվետվությունները: Բայց հավատացյալ համայնքի հետ աշխատանքն է կարեւոր: Իրենք պետք է հասկանան, որ եկեղեցին, եթե ոչ անհավատ քաղաքացիների, ապա հավատացյալների առաջ միանշանակ պետք է հաշվետու լինի ու իրենց ցույց տա, թե ուր են գնում այն գումարները, որ իրենք հավաքում են համայնքից, միգուցե բարեգործությունների վրա են ծախսում: Եկեղեցուն հետեւող համայնքը պետք է կարողանա հասնել իր փոքրիկ իշխանությանը, եթե այդպես կարելի է կոչել»:
Ըստ Սոնա Այվազյանի, որպես քաղաքացի, ինքն ուզում է հասկանալ, թե եկեղեցին ինչ ունեցվածք ունի, պետք է գույքագրում արվի. «Գույքագրումը պետք թափանցիկ լինի: Այդ ինչերի՞ պետք է տիրապետի եկեղեցին, որ դա լինի գաղտնի, շատ անհասկանալի է: Երկրորդը՝ ինչո՞ւ դա չպետք է հարկվի: Այնպես որ, այդ արտոնությունները, որ գոյություն ունեն մասնավորապես Հայ առաքելական եկեղեցու համար, կարծում եմ, ամբողջովին պետք է վերացվեն: Եկեղեցին բավական հարուստ կառույց է եւ այդ արտոնությունների կարիքը չունի: Նույնիսկ եթե եկեղեցին արտոնյալ կարգավիճակ ունի ՀՀ-ում պատմականորեն իր դերակատարման պատճառով, ներկայում պետք է բերվի որոշակի այլ շրջանակների մեջ եւ նրա գործունեությունը պետք է համապատասխանեցվի 21-րդ դարի պահանջներին ու համապատասխան ստանդարտներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.02.2020

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *