ԿԱՐԵՒՈՐ

Posted on May. 1. 2020

«Ամէնուն հետ եւ ամէնուն դէմ, բայց
միշտ եւ միայն հայութեան համար»:
Սիմոն Սիմոնեան


Համընդհանուր կարծիք է տիրում, թէ պատմութիւնը ստեղծում է ժողովուրդը, բայց իրականում՝ այն ստեղծում է անհատը, իսկ ժողովուրդը իւրացնողն է եւ տէրը՝ որպէս իր արժանի զաւակից եկած շնորհ կամ պատիժ, ինչը որ նոյնքան տրամաբանական է: Այդ կարգի անձը կարող է՝ կամայ թէ ակամայ, մարդուն յատուկ արարքի հեղինակ լինել, ինչպէս դրական, նոյնպէս բացասական: Նման երեւոյթի վկան ենք մենք բոլորս, որ կատարուեց մեր կամքից անկախ անկախութիւնից յետոյ, երբ անկայուն քաղաքական մթնոլորտ էր տիրում եւ շատ պետական այրեր ունէին ամերիկեան մայր ցամաքը յայտնաբերող Ֆերնանդ Մագելանի վիճակը՝ որ չգիտէր, թէ որտե՞ղ է գտնուում եւ չգիտէր, թէ ո՞ւր է գնում: Այդ կացութեան մէջ էր նաեւ երկրի վարչապետ Վազգէն Սարգսեանը, զանց չառնելով նրա դերն ու աշխատանքը:
Նպատակս չէ նրա գործունէութեան գնահատականը տալ, բայց անկարելի է չնշել իր գործած այն կարեւոր սխալները, որ նախորդ քսանամեակին, երկիրը մղեց ծագումով հայ ստրկատիրական համակարգի գիրկը, երբ քրէական կլանը տիրացաւ պետական լծակներին: Ճշմարիտ է, որ Բիշքեքեան զինադադարից յետոյ, ինքն էր երկրի ուժեղ քաղաքական գործիչը եւ նրա ցանկութեամբ եւ ջանքերով էր, որ քոչ֊սերժական բորենիների ոհմակը հաստատուեց Երեւանում՝ փոխարինելու նախորդ չարիք նախագահին, որից յետոյ նոյն կարգով կաթողիկոսի գահին բազմեցրեց այսօր եղածին, որ իրականում, ըստ նախկին Գերագոյն հոգեւոր խորհուրդի անդամ եւ մոսկովեան հայ թեմի առաջնորդ Տիրան արքգ Կիւրեղեանի, ընտրութիւնը կեղծուել էր ու վաւեր ճանաչուել վերից եկած հրամանով: Երեւոյթը կրկնակի աղէտալի էր, քանի որ ընտրութեան միեւնոյն օրը, երբ այն ընթացքի մէջ էր եւ գրեթէ միեւնոյն ժամին տեղի է ունենում Ազգային ժողովի սպանդը, ձեռամբ Յունանեանի խմբի՝ հոկտեմբեր 27֊ին: Կարելի է՞ ասել, թէ իր սխալ ընտրութեան առաջին զոհը եղաւ ինքը՝ վարչապետ Վազգէն Սարգսեանը, իր հետ տանելով անմեղ, սխալ չգործած գործընկերներին, որից յետոյ երկու տասնամեակ երկիրը վաշխառուների ու ստոր թալանչի առնէտների տիրոյթի մէջ սուզուեց:
Պիտի չծանրանամ երկրի չարաբաստիկ նախկինների ստեղծած անբարոյ միջավայրի ցուցադրութեանը, որին կից եւ նոյն ոճով խաթարուել է նաեւ մեր հազարամեայ հոգեւոր ժառանգութիւնը՝ ծնելով զանազան խմորումներ, որ յաճախ յարիր չեն մեզ: Երբ շարքային մի քաղաքացի ինչ-որ յայտնի կամ անյայտ անձնական պատճառներով չարախօսոմ է իր եկեղեցւոյ ծառայողներին, կարելի է թերեւս լուրջի չառնել կամ պարզապէս արհամարհել, բայց երբ երկրի իրաւական մարմիններն են քննութեան ենթարկում բարձր կարգի հոգեւորականին՝ խարդախ դրամաշորթութեան դիպուածով, արդէն պատկերը այլ երանգներ է ստանում: Առաւել նուաստացուցիչ է, երբ համացանցային կայքերը ցուցադրում են կաթողիկոսին պատկանող՝ մի քանի միլիոն դոլար գնահատուող հսկայ ապարանքի լուսանկարներ, այն պարագային երբ երկիրը դեռ պատերազմի կարգավիճակի մէջ է, իսկ բնակչութեան մէկ երրորդը չքաւորութեան շեմին: Վերջապէս որտեղի՞ց են գալիս այդ գումարները, երբ արտադրութիւնը գրեթէ մեռած է:
Այս բոլոր նիւթականին, ցաւօք, գումարւում է նաեւ որոշ հոգեւորական-ների կողմից անհանդուրժելի տիրող կեցուածք, որից վեհափառի հրաժարականը պահանջող բողոքները բազում են, թէ՛ հոգեւոր դասի եւ թէ՛ անհատ հաւատացեալների կողմից, հուսկ բազմանում են յայտնի եւ անյայտ աղանդներ ու զանազան հակահոսանքներ: Մի խօսքով մթնոլորտը առողջ եւ համակեաց չէ:
Երբ աշխարհական կառոյցներն են գործում անկանոն պայմաններում իշխանութիւները իրաւասու եւ կարող են միջամուխ լինել, մինչդեռ երբ խնդիրը վերաբերում է ամենահայոցին՝ միայն հոգեւոր Սինոդը, որի անդամները հլուհամակիրներ են, ըստ առաքելական եկեղեցւոյ կանոնադրութեան իրաւասու է նրա հրաժարականի խնդիրը քննարկել եւ որոշումը ի կատար ածել՝:
Ոչ միայն ցաւալի, այլ խորապէս ողբալի է, որ երկրում տիրում է նման նողկալի կացութիւն, ուր պետութիւն պահող հիմնական սիւները՝ ի դէմս նախագահի, վարչապետի, հոգեւոր առաջնորդի, քաղաքապետի եւ այլոց, իրենց շրջապատող գողական համակարգով՝ ոչ միայն երերուն են, այլ փտած ու հակաժողովրդական:
Երբ ակամայից այս վիճակը ամփոփելու միտում ենք ունենում, թուում է թէ ՀԱՅ մարդը իր բանականութիւնը կորցրել է եւ չի կողմնորոշում չարի եւ բարու սահմանը եւ մամոնան դարձել է տիրակալ ամէնուրեք: Մինչեւ երբ պիտի գագօները, սամօներն ու այլ առնէտներ պղտորեն ու այլանդակեն երկրի կեցութեան ընթացքը: Արդեօք դա՛ ե՞ւս հայկական հիւանդութիւն է դարձել:
ՈՉ ԵՒ ՈՉ:
Փառք տանք, որ դեռ մնացել են առողջ դատողութեամբ անհատներ, որոնք հիմնական միջուկ են կազմում, ներկայ են, բայց անզօր լինելով՝ դարձել են ողբացող առկայ վկաներ:
Յուսանք, որ կ՝արթնանան իրենց արհեստական թմբիրից եւ ազատուելով որոշ պառակտող եւ անբարոյ քա-ղաքական ուժերից ու նրանց ազ-դեցութիւնից՝ կը միաւորուեն ու կը կազմեն երկիրը վերականգնելու հիմնական ատաղձը, իսկ նզովքի նման-ուող նախկին կացութեան հեղինակները հեռացուած կը լինեն մեզանից:
Մեր ժողովուրդը վաղուց է ձեռք բերել արժանապատիւ եւ խաղաղ, արկածա-խնդրութիւններից հեռու կեանք ապրելու իր օրինական իրաւունքը:
28֊4֊2020
Ռուբէն Յովակիմեան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *