ՆՈՐՈԳ

Posted on June. 4. 2020

«Զրպարտութիւնը հարուածում է
օրինաւորներին, ինչպէս որդերն են
գերադասում՝ լաւագոյն պտուղները»:
Ջ. Սվիֆտ

ԳՐԵՑ՝ Ռուբէն Յովակիմեան

Հայրենական իրադարձութիւններին հնարաւորի չափ հետեւելով ակամայ միտք է ծագում, թէ արդեօք, դարեր շարունակ մնալով տարբեր տիրութիւնների լուծի ներքոյ, ձեռք ենք բերել յատկութիւններ, որ դարձել են մեր սեփականը, որոնցից աչքի է ընկնում սուտ ու կեղծիք՝ խաբէութիւնը, որ նոր բան չէ, տարածուած է աշխարհով մէկ եւ ներկայ է բոլոր բնագաւառներում: Խաբում են բոլորը՝ այր թէ կին, մեծ թէ փոքր, գործարար թէ բանուոր, պաշտօնեայ թէ կուսակցական, լրագրող թէ քաղաքագէտ, դատաւոր թէ իրաւապաշտպան եւ վերջապէս՝ երկրի ղեկավար՝ ընդհուպ հոգեւորական, անկախ կարգից, անշուշտ բացառութիւնները յարգելի են եւ գնահատելի: Տեղին է «Պէպօ» թատեր-գութեան՝ Զիմզիմովի մենախօսութիւնը նշել յիշողութեամբ՝ «Խաբում ենք, խաբւում ենք, խաբւած ենք,», որ իրականութիւն է:
Ի՞նչ են անում Քոչարեանի պաշտպանները:
Հետեւելով իրենց կուռքի ցուցումներին՝ ամէն տեսակի կեղծ խաբկանքներով, դատավարութեան ընթացքը խաթարելով ժամանակ են շահում. նախ որ իրենք վճարուած են իւրաքանչիւր անցած ժամի դիմաց եւ յուսալով՝ թէ «կամ էշը կը սատկի, կամ իշատէրը»: Խաբկանքը ապրելակերպ ու գործելակերպ ընդունելով՝ երկու նախագահների բոլոր ընտրութիւնները եղել են կեղծուած եւ ընտրական յանձնաժողովի նախագահը, իրական արդիւնքները կոծկելով, այն յայտարարել է օրինական
Եթէ անդրադառնանք վերջին արցախեան զոյգ ընտրութիւններին, ապա ա՛յն մի խմոր է, որ շատ ջուր կը քաշի: Նախ, որ շարունակաբար տասնամեակների ընթացքին անհատներ եւ զանազան խմբեր՝ մեծ ու փոքր, աշխատել են հնարաւորի սահմաններում, այդ Գորդեան հանգոյցը լուծել մոսկովեան պատկան մարմիններին խնդրելով՝ վերամիաւորել Հայաստանն ու Արցախը, քանզի՝ ի սկզբանէ՝ նրանք մէկ երկիր են: Այդ քայլերը բանի չծառայեցին՝ մնալով «թղթէ շերեփ», իսկ «միութիւնը ուժ է» իղձերը՝ դարձան անուրջ:
Նոյնքան անհամատեղելի են, որ դարերի ընթացքին շփուել ենք ձանձրալի եւ անմիտ խնդիրների՝ երկու լեզու, երկու կաթողիկոս, իսկ այսօր հազարաւոր զոհերի արեան գնով ազատագրուած տարածքը դարձնել երկրորդ հանրապետութիւն: Թող ներող լինեն այլ կերպ մտածողները, բայց չեմ կարող հարց չտալ, թէ ո՞ւմ ջրաղացին է ջուր բերում այդ լուծումը, բացի այն, որ նոր ծիլ տուած սակաւապետները (օլիգարխ) իրենց ալան֊թալանը հանգիստ կարողանան կազմակերպել, երեւանեան դատ ու դատաստանների նման՝ որպէս օրինակ-նմուշ: Նման կասկածները բաւարար չե՞ն արդեօք՝ այս ընտրութիւնները որակել աւելորդ եւ անտեղի, նոյնիսկ անիմաստ խամաճիկային: Ըստ իս այո: Բերանը այրած մէկը՝ մածունը փչելով է ուտում:
Այսուհանդերձ Արայիկ Յարութիւնեանը ստանձնեց նախագահի պաշտօնը երդման հանդիսաւոր արարողութեամբ՝ Շուշիում, Ազգային ժողովի յատուկ նիստին` օրինական կարգով, որ չէր տարբերւում ռոբ-սերժականից: Նրանք եւս միջնադարեան Աւետարանի վրայ երդուել եւ ուխտել էին ջանք չխնայել երկրի բարեկեցութիւնը ապահովելու, բայց մոռացել էին նշել, որ երկի՛ր ասելով նկատի ունէին իրենց ընտանիքի անդամներին: Զանց չառնելով ալան-թալանի հանգամանքը, միշտ հարց եմ տալիս, անպատասխան մնալով, թէ ի՞նչ կարեւոր ծառայութիւններ մատուցելու դիմաց է, որ Սերժիկը իր մերձաւորների՝ եղբայրների եւ փեսայի կրծքին շքանշաններ կախեց:
Ենթադրաբար, առանց որեւէ փաստարկութեան, որեւէերաշխիք չունենք, որ այս անգամ եւս, ելնելով յարմար պայմաններից միեւնոյն ուղին չի բռնի նոր ընտրեալը, (անձամբ տրամադրուած չեմ հաւատալ), քանի որ ո՛չ միայն խանգարողներ չկան, այլեւ որոշ քաղաքական ուժեր՝ հին ու նոր, ներսից, թէ դրսից աննախադէպ աշխուժութեամբ լծուել են այս ընտրապայքարին, եւ նմանւում են խորտակուող խոշոր նաւից՝ մակոյկներով փրկուողներին: Ոմանք Արցախը տեսնում են որպէս «հակայեղափոխական պլատֆօրմ», համացանցային մամուլի համաձայն: Նոյն աղբիւրի մեկնաբաններ կան, որ պնդում են, թէ քուէարկութեան մէկ միաւորը յիսունդոլար է եղել գնահատուած: Անկեղծ լինելու համար սա՛ եւս, չնայած անկարելի չէ, բայց կ՝ուզեմ չհաւատալ:
Իրաւ է, որ վարչապետը անկեղծօրէն շնորհաւորեց Արցախի նորընտիրը, որը իր կարգին յայտարարեց՝ «Արցախը Հայաստան է ու վերջ», իսկ Նախագահ Արմէն Սարգսեանը յայտարարեց, որ «Արցախը կայացած ժողովրդավարական պետութիւն է»:
Երկրում տիրող, արդի քաղաքական միջավայրը, ուր վարչապետի համակիրներն ու կողմնակիցները, ինչպէս խորհրդարանում, այնպէս էլ հասարակութեան ոլորտում կազմում են մեծամասնութիւն, ո՛ւր այսուհանդերձ տարբեր տեսակի խմորումներ են ծնունդ առնում՝ կազմելով կողմ, բայց դժգոհ զանգուածներ իշխանութեան նկատմամբ: Շշուկներ կան, թէ «Արցախը Հայաստան է եւ ՎԵՐՋ», իր յայտնի խիստ բազմանշանակ կոչից յետոյ, հանդիպումների ընթացքին՝ ինչ որ ստիպողական ճնշումների տեղի տալով, վարչապետը անկռահելի համաձայնութեան է եկել՝ երկու հանրապետութեան համագոյակցութեան գաղափարին, այլ կերպ, թերեւս Բալասանեանը իր համակիրների ոհմակով, պատրաստ կը լինէին եւ կարող էին՝ քաղաքացիական պատերազմի գնալ: Յոռեգոյն դժոխք, ո՛ւր նուիրեալներ չկան:
Միւս կողմից՝ վարչապետի ո՛չ օրինաւոր (legitime), ա՛յլ զաւթիչ (usurpate) լինելու, նախկինների փայփայած որակումը՝ բաց է ի բաց աղմկողները նրա փոխարէն տեսնում են փեսայ Միշիկին, կամ Վանեցեանին՝ որպէս իրաւական ժառանգորդ: Մեծ է ախորժակը: Այսուհանդերձ կան լուրջ քաղաքագէտներ ու մտաւորականներ, որ երկրի հասարակութեան փոքր բայց առողջ մասն են կազմում, որոնք եղած իշխանութեանը կուրօրէն դէմ եւ իշխանատենչ չեն, այլ յանուն ընդհանուր շահի պատրաստ են բերել իրենց ՝մասնակցողի աջակցութիւնը երկիրը վերականգնելու ընթացքին, ո՛ւր նրանց դժգոհութիւնը՝ շատերի նման, ծնուում է սահմանադրական եւ դատաիրաւական համակարգի մաքրման դանդաղումից, ինչպէս նաեւ յայտնի եւ հաստատուած յանցագործների անպատիժմնալու հետեւանքով:
Իրաւամբ բազմաթիւ են յարուցուած քրէական գործերը՝ առանց պատժուածների, հաշուի չառնելով, փախստականներին որոնք ճարպկօրէն իրենց ճարը տեսնում են բանտարկուելու նախօրէին: Չմոռանանք, երբ սխալի ու յանցանքների հատուցում չկայ, նրանց կրկնուելու հաւանականութիւնը ապահով է: Պարզ է մտածել, որ ծպտուած նախկինները, պահելով իրենց աթոռները, շարունակում են իրենց նենգ գործը այլոց հաշուին: Թերեւս ճիշտ կը լինի, որ վարչապետը դադարի սահմանափակուել միայն իր կուսակիցների շրջանակում փնտրել գործակիցներ, այլ ընտրել անկուսակցական, բայց ունակ եւ արդար համբաւի տէր մարդկանց, որոնց թիւը կարծում եմ բաւական մեծ է երկրում, չնայած չարիք դարձած արտագաղթին, իսկ հակառակ դէպքում՝ ինչո՞ւ չհրաւիրել սփիւռքի մասնագէտ հայրենակիցներին:
Կարել չէ մոռանալ նաեւ պսակաձեւ չարիքը, որ հայկական բնոյթի չէ, բայց մեծ միջոցներ է պահանջում առաջքն առնելու եւ հետեւանքները մեղմելու համար: Այս պայմաններում մեր վարչապետը երկրի բոլոր բնակիչների ղեկավարը լինելով՝ բոլորի կարիքն ունի եւ բոլորի հետ է՝ Արցախը ներառեալ, որ պիտի զինուի ողջամտութեամբ եւ հետեւողական դիրք բռնելու իմաստութեամբ, այլապէս «Բաժանիր, որ տիրես»֊ի սկզբունքն է իշխում եւ ունայն է դառնում միացեալ ուժի գերակայութեան գաղափարը:
26֊5֊20
Ռուբէն Յովակիմեան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *