ՄԵՆՔ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆՔ ՄԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Posted on April. 12. 2022

ՈՐՏԵՂ «Շունը տիրոջը չի ճանաչում», ՈՐՏԵՂ շունն իր տիրոջն է փնտրում, տերը չի հասկանում իր գլխին եկածը: ՈՐՏԵՂ բոլորը տերեր են փնտրում, վախենում են՝ անտեր մնան: Հաճախ մի տերով չեն բավարարվում, ուզում են մի քանի տերեր, մեկը մյուսից՝ զորեղ, մեկը մյուսից՝ հավակնոտ, եսասեր ու այլասեր: ՈՐՏԵՂ երկու տերեր փընտրողները պիտի իմանան, որ «երկու տիրոջ ծառա չըլլա, նրանցից մեկին կսիրեն, մյուսին կատեն անտարակույս, մեկին կնվիրվեն, մյուսին կդավաճանեն անպատճառ» /Ավետարան ըստ Մաթեոսի/: ՈՐՏԵՂ «նրանք հաՃախ իրենց տիրոջը չեն փնտրում՝ Նրա արդարությունը հաստատելու, այլ ամեն մեկը քայլում է իր իսկ ճանապարհով և իր իսկ աստծո պատկերի հետևից» /Ջոզեֆ Սմիթ Վարդապետություն և Ուխտեր 1.16: ՈՐՏԵՂ տերն իր ծառային չի ճանաչում, քանզի ծառաները հոգնակի են, տերերը՝ եզակի: ՈՐՏԵՂ ընդունելի է այն ծառան, որը քիչ հոգսեր և անհանգստություններ է պատճառում տիրոջը: ՈՐՏԵՂ ծառան ավելի շատ է տալիս տիրոջը, քան ստանում տիրոջից: ՈՐՏԵՂ գործում են երկակի ստանդարդներ, երկակի խաղեր, երկակի հատուցումներ՝ ըստ նպատակահարմարությունների և պահի թելադրանքի: ՈՐՏԵՂ «Նպատակը արդարացնւմ է միջոցները» /Մաքիավելի/: ՈՐՏԵՂ «Յուրաքանչյուր մարդ կարող է բարկանալ,դա հեշտ է: Բայց բարկանալ անհրաժեշտ մարդու վրա, անհրաժեշտ ժամանակ, անհրաժեշտ պատճառով և անհրաժեշտ ձևով՝ ամեն մեկը չի կարողանում» /Արիստոտել/: ՈՐՏԵՂ «Իշխանությունը և ընդդիմությունը նման են տակաշորերի, երկուսն էլ նույն պատճառով ենթակա են փոխվելու»: /Ֆրանսիական ասացվածք/: ՈՐՏԵՂ «այն ժողովուրդը, որի վերնախավը կաշառակեր է, դավաճան, ինքնակոչ, գող և հայրենադավ՝ ոչ թե զոհ է, այլ հանցակից: /Ջորջ Օրուել/: ՈՐՏԵՂ «Չկա այնպիսի հիմարություն, որը հնարավոր չլինի ուղղել խելքի օգնությամբ, և չկա այնպիսի իմաստություն, որը հնարվոր չլիներ փչացնել հիմարության օգնությամբ»: /Ի.Գյոթե/: ՈՐՏԵՂ «Բնությունը մեզ չի ստեղծել անցյալը դիտելու համար, այդ պատ ճառով էլ մեր աչքերը դրել է ոչ թե մեր ետև, այլ մեր առջև»: /Լեռ Կամսար/ ՈՐՏԵՂ «Օ, վաշխառու ճորտեր, հացկատակներ, մթին Սերմանողներ քամու և մուրացկանության,- Մեզ ժառանգած գանձի, օ, վատնիչներ հետին, Որ ափերում հեռու ձեզ ապաստան գտած Կերտեցիք դղյակներ ու ապարանքներ, Մեր անունից մրրիկ սերմանեցիք…»: /Եղիշե Չարենց/ ՈՐՏԵՂ , «Եթե չես հետևում մամուլին, տեղեկացված չես, իսկ եթե հետևում ես՝ խաբված ես»: /Մարկ Տվեն/: ՈՐՏԵՂ «Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով, Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ, Կընկնեք մուրալու, հափրած որկորով՝ Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ: /Ավետիք Իսահակյան/ ՈՐՏԵՂ «Վաղվա օրն անհայտ է մեզ, Ապրենք այսօր, քանի կանք»: /Շիլլեր/: ՈՐՏԵՂ «Երկու մեծ խոչընդոտ է կանգնած իրերի ճիշտ ճանաչողության ճանապարհին, հոգին լցնող ամոթը և վախը, որը վտանգի դեպքում ետ է պահում խիզախ որոշումներից: Իսկ հիմարությունը, զարմանալի թեթևությամբ իրենից հեռացնում է և՛ ամոթը, և՛ վախը»: /Էրազմ Ռոտերդամցի/: ՈՐՏԵՂ «Արածներիդ համար երբեք չես ասելու, ախ ու ափսոս, Չարածներիդ համար է, որ ասելու ես ափսոս, հազար ափսոս»:/Վահան Տերյան/ ՈՐՏԵՂ «Ուժն ու իշխանությունը պետք է լինեն մեղմ ու խոնարհ, այլապես ոչնչացնելու են ամեն ինչ և իրենք են ոչնչանալու»: /Հռոմի Պապ Ֆրանցիսկոս/: ՈՐՏԵՂ Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ, Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ. Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ, Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։ /Հով.Թումանյան/ ՈՐՏԵՂ պատերազմները կարող են սկսվել ոչ թե որևէ պատճառով, այլ պատրվակով / «կազուս բելլի»/: Այդ գործում հաջողվել են Պուտինը Ուկրաինայում և Ալիևը՝ Արցախում: ՈՐՏԵՂ մեկ մարդը, եթե նա երկրի առաջնորդ է կարգված, կարող է այլասերել ողջ ժողովրդին, այդ մարդկանց ցուցակը վերջնական չէ: ՈՐՏԵՂ այդ մարդու զինվորը, որը կարող է լինել Պրիմակով կամ այլ ազգանունով մարդ կամ պարտադիր էլ չէ, որ մարդ կոչվի, նա Հայաստանի Գյումրիում, Ուկրաինայի Բուչում կիրագործի այնպիսի ոճիրներ, որ աշխարհն այլևս չի ցանկանա հիշել, որ այս ազգը կարող էր նաև Տոլստոյ, Դոստաևսկի, Պուշկին կամ Լերմոնտով էլ ծնած լինել: ՈՐՏԵՂ Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգի կարծիքով՝ 30 տարի ժամկետը բավական է Լուսնի վրա, եւ 50 տարին՝ Մարսի վրա բազա ստեղծելու համար:Հոքինգն առաջարկում է այդ երկնային մարմիններ ուղարկել բույսերի, կենդանիների եւ սնկերի նմուշներ: «Ես համոզված եմ, որ մարդիկ պետք է լքեն Երկիրը: Երկիրը չափազանց փոքր է դառնում մեզ համար»,- հայտարարել է ֆիզիկոսը: Գիտնականի կարծիքով՝ Երկրի վրա աղետը, որը կարող է տեղի ունենալ աստղակերպի անկման, գերբնակեցման, գլոբալ տաքացման կամ ատոմային պատերազմի պատճառով, երբևիցե անխուսափելիորեն վրա կհասնի: ՈՐՏԵՂ մեկ էլ տեսար Պուտին կոչվածը կարող է ձեռք տալ «Կարմիր կոճակին» և ատոմային պատերազմ սկսելու հրաման տալ: Ինքը եթե թռչելու է Լուսին կամ Մարս մոլորակ, լավ կանի իր հետ տանի նաև իր Շոյգու-Մոյգուներին, Ալեքսանդր Լուգաշենկոյին Բելոռուսից, Իլհամ Ալիևին Ադրբեջանից , Ռեջեպ Երդողանին Թուրքիայից, Հայաստանից էլ նրա հետ գնացողներ կլինեն, թող գնան, միայն թե մեզ թողնի հանգիստ ապրենք մեր այս ավերված Աշխարհում, մենք ամեն ինչ նոր տեղից կսկսենք, դրան սովոր ենք: Վերջացա՜վ… Ինչ հույս արինք` փուչ ելավ, Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։ Այսքանով չի վերջանում: Բոլոր մեջբերումների սկզբնաղբյուրները գտնվում են վերահրատարակման պատրաստվող իմ ԿՌԱՊԱՇՏՆԵՐԸ գրքում:

ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *