Հայաստա՜ն։ Իմ հայրենի՛ք: Իմ հպարտությո՛ւն: Իմ թախի՛ծ։

Posted on April. 24. 2022

Հեղինակ՝ ՆԱԴԵԺԴԱ ՅԱՓՈՒՋՅԱՆ

Նախ և առաջ անհրաժեշտ է հստակեցնել հայրենիք հասկացության իմաստը՝ ինչ է հայրենիքը, և ինչ տեղ է այն զբաղեցնում իմ կյանքում: Հնարավոր է դա այն փողո՞ցն է, տո՞ւնը, որտեղ ես ծնվել եմ: Իսկ գուցե դա ավելի՞ խորը հասկացություն է՝ փիլիսոփայական, մատերիալիստական, ազգագրական: Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ է հայրենիքը: Յուրաքանչյուր սերունդ, որպես կանոն, երբ սկսում է ավելի խորը մտածել, տալիս է իրեն այդ հավերժական հարցը՝ ի՞նչ է հայրենիքը, ինչի՞ց է այն սկսվում.

Ինչի՞ց է սկսվում հայրենիքը.

Քո այբբենարանի նկարի՞ց,

Հարևան բակում բնակվող

Լավ ու հավատարիմ ընկերների՞ց:

Իսկ գուցե այն սկսվում է

Այն երգից, որ երգել է մեզ մայրիկը,

Այն ամենից, ինչ ցանկացած փորձություն

Չի կարող խլել մեզանից:

Բայց, ցավոք, պատմությունը բազմիցս ապացուցել է, որ շատերն են ցանկանում խլել մեզանից մեր հնամենի, մեր պատմական ժառանգությունը: 2015 թվականին ողջ աշխարհը նշում էր հայ ժողովրդի ցեղասպանության 100- րդ տարելիցը: Ողջ աշխարհը մեզ հետ սգում էր արնախում, վայրագ թուրքերի ձեռքով դաժանաբար ոչնչացված 1,5 միլիոն անմեղ հայերի հիշատակը: Այո՛, 1915 թ. ապրիլ 24-ը հայ ժողովրդի պատմության սև օրն է: Թուրքերը շիկացած երկաթով այդ ամսաթիվը գրել են յուրաքանչյուր հայի սրտում: Ահա այսպես է նկարագրել այդ կոտորածի տեսարանը Ռուբեն Սևակը (1885 – 1915)՝

Ես քայլում եմ մարմինների վրայով մեռյալի հետ

Կանգ առնել անկարող եմ ես,

Թվում է՝ արյունը սառել է երակներումս

Եվ իջել ոտնաթաթերիս մեջ քարացած արճիճի նման…

(«Ծեր քահանան»)

կամ էլ՝

Չունեն նրանք ոչինչ՝ ո՛չ հարազատ, ո՛չ Աստված,

Չունեն նրանք անգամ մի բուռ իրենց հայրենի հողից:

Նրանք ունեն միայն արցունքներ, դատարկ ճանապարհ,

Եվ պարզած են ձեռքերը նրանց մի կտոր չոր հացի համար:

(«Կարմիր դատարան»)

Կատաղած, լպիրշացած թուրքերը կոտորում էին ոչ թե ուղղակի մարդկանց, այլ ոչնչացնում էին հայ ազգին, նրանք ոչնչացնում էին իմ նախնիներին, իմ ժողովրդին: Մարդկանց հիշողությունից ոչնչացնում, արմատախիլ էին անում հայրենիքի, տան, հողի, լեզվի, գրականության գաղափարը, մեծ մշակույթի, քաղաքակրթության մասնիկը լինելու մեր ընկալումը: Երևանում՝ Մաշտոցի պողոտայի բարձունքում, վեր է խոյանում Մատենադարանի յուրօրինակ շինությունը, որի մուտքի մոտ կանգնեցված է մեծն Մ. Մաշտոցի արձանը, իսկ ներսում գտնվում է հին ձեռագրերի պահոցը։ Մատենադարանի նմուշներից մեկը այն եզակի գիրքն է, որը փրկել են երկու գաղթական կանայք՝ կիսելով այն միմյանց միջև: Նրանք ոտաբոբիկ քայլում էին Դեր Զորի անապատով անցնող մահվան ճանապարհի շիկացած ավազի վրայով, քայլում էին առանց հացի ու ջրի, սաստիկ տապի պայմաններում, նրանք անցնում էին դիակների վրայով, մտնում արյան գետերի մեջ: Նրանք քայլում էին օրեր ու գիշերներ՝ կորցրած ժամանակի զգացողությունը, չգիտակցելով իրենց ազգին պատուհասած համաշխարհային ողբերգության ծավալները: Նրանք ընդառաջ էին գնում իրենց պարտքի իրականացմանը: Իսկ այդ պարտքն էր տեղ հասցնել անգին գանձը՝ Սուրբ գիրքը, որը նրանք բաժանել էին իրենց միջև: Դա նրանք համարում էին իրենց կոչումը, առաքելությունը այդ սարսափելի քաոսում, աշխարհին պատած այդ խելագարության մեջ, որում նրանք ապրում էին: Նրանք շարունակում էին քայլել: Եվ վերջապես հասան իրենց նպատակին և փրկեցին գիրքը: Այդ հայրենասեր կանայք փրկում էին իրենց ազգի սեփականությունը՝ Քրիստոնեական հավատքի սրբու-թյունը: Իսկ ահա մեկ այլ կին, որին մեծ վերապահումով կարելի էր կին անվանել, հյուծված, ուրվականի նման, ուժասպառ, եղնիկի խոշոր մոխրագույն աչքերով, որոնք կրում էին իրենց մեջ աշխարհի վիշտը, քարշ գալով անցնում էր այդ նույն ճանապարհով՝ տանելով իր անգին «բեռը»: Նա, ամուր սեղմած կրծքին, տանում էր իր 40 օրական առաջնեկին՝ որդուն, փրկում էր նրան այն կոտորածից, որի պատճառով արդեն կորցրել էր իր ցեղի ավելի քան 40 անդամների: Այդ մասին նա դեռ չէր մտածում: Նա մտածում էր միայն նրա՝ երեխայի մասին, որին այժմ կարող էր տալ միայն իր անսահման սերը, ուրիշ ոչինչ: Եվ նա տեղ հասցրեց իր գանձը՝ իր որդուն: Այդ նորածինը Սարգիս Հարությունի Յափուջյանն էր՝ ամուսնուս ավագ եղբայրը: Այս պատմությունն ինձ պատմել է հենց այն կինը՝ Սիրանուշը: Պատմել է իմ տանը՝ թախտին նստած, թուրքերի պես ոտքերը ծալած, ձեռքերը կրծքին խաչած, ճոճվելով աջ ու ձախ, երբեմնի գեղեցիկ մոխրագույն աչքերը փակած, իսկ աչքերից արցունքներ էին հոսում: Պատմության ընթացքում, չունենալով ձայնային տվյալների, նա երգում էր Կոմիտասի «Զիմ Կիլիկիա»-ն: Մեծագույն վշտի այդ պատկերը մինչ օրս կանգնած է աչքերիս առջև: Սակայն խելագարվելու դաժան ճակատագրից չխուսափեց հայ երաժշտության հանճար մեծ Կոմիտասը (1869 – 1935), որը չդիմացավ՝ ականատես լինելով վայրագությունների հրեշավոր տեսարաններին:

Հայ կինը, ով փրկեց իր 40 օրեկան առաջնեկին

Եվ գրեթե 20 տարի անցկացրեց հոգեբուժարանում՝ այդպես էլ չգալով մտքի պայծառացման: Կանայք ավելի ամուր գտնվեցին: Նրանք դիմակայեցին, տեղափոխեցին և փրկեցին այդ գանձը՝ գիրքը, որը հավատքի, մտածողության, մշակույթի, սեփական ազգին նվիրվածության խորհրդանիշն էր: Եվ նաև մայրը, որը փրկեց իր որդուն։ Փրկեցին գիրքն ու որդուն, որ ապրի ազգը, որ հավերժի ազգը։ Ազգ, որին ձգտում են բնաջնջել թուրքերը՝ մեր վաղեմի թշնամիները՝ չընդունելով, որ մենք ազգ ենք: Ազգ, որն արժանի է հարգանքի, ազգ, որը միշտ արժանապատվորեն հիշեցնում է իր մասին: Եվ դա այն պատճառով, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ ազգի վեհությունը նրա յուրա-քանչյուր ներկայացուցչի մեջ է, որտեղ էլ որ նա գտնվի: Այդ իսկ պատճառով հարց է ծնվում. «Իսկ ես կկարողանայի՞ կատարել այդ երկու կանանց սխրանքը: Ինչի՞ եմ ես ընդունակ հանուն իմ ազգի, հանուն իմ հայրենիքի»: Իսկ հայրենի՞քը: Ի՞նչ է այն՝ տո՞ւնը, փողո՞ցը, որտեղ ծնվել եմ, ձևավորվել որպես անհատ: Բարդ է գտնել լիարժեք պատասխան: Բայց մի բան ես հստակ գիտեմ՝ հայրենիքը ես չեմ սիրի հեռվից: Ես երբեք չեմ լքի այս փոքրիկ հողակտորը, այս տունը, դաշտերը, որտեղ տեսել եմ առաջին արևածագը, հիացել եմ իմ կյանքում առաջին մայրամուտով, որտեղ տեսել եմ, թե ինչպես է արևի առաջին շողերի հետ հովիվը դուրս գալիս «գլխավոր» փողոց, և քնկոտ, բայց արդեն գոգնոցները կապած կանայք դուրս են քշում իրենց ընտանի կենդանիներին՝ կովերին, հորթերին, ոչխարներին, այծերին, որոնք, թափահարելով կախ գցած գլուխները, գնում են արոտավայր՝ անցկացնելու այնտեղ ամբողջ օրը: Իսկ երբևէ առիթ ունեցե՞լ եք նայելու նրանց աչքերի մեջ: Այո՛, այո՛, հենց այդ կենդանիների: Որքան քնքշանք, թախիծ ու մանկական անմեղություն ու մաքրություն կա դրանց մեջ: Եվ նրանցից այնպիսի լույս և հանգստություն է ճառագում, որը ձեզ կբավականացնի ողջ օրվա ընթացքում: Հոտը դանդաղ, համաչափ շարժվում է դեպի արոտավայր, որտեղ շատ դարեր առաջ արածել են նրանց վայրի նախնիները: Ես, կանգնած իմ տան ցանկապատի մոտ, տրորելով աչքերս, նախանձով նայում եմ նրանց և մտածում, որ այդ կենդանիները կխմեն արտեզյան ջրհորերի սառը ջուրը, կուտեն թարմ խոտը, և ներսումս ինչ-որ բան է ալեկոծվում: Այո՛, ես նայում են նրանց հետևից և մտածում, որ երբեք ոչ մեկին չեմ կարող թողնել այս հողը, այս վայրերը, որոնք մեզ հասել են մեր նախնիներից: Դրանք մեզ են հասել, որպեսզի մենք ապրենք այստեղ, բարգավաճենք, ավելացնենք մեր երկրի բարիքները: Ես չեմ կարող տանել այն թախիծը, որը տեսնում եմ արտերկրում ապրող մեր հայրենակիցների աչքերում: Այդ թախիծով են լցված հայ պոեզիայի դասականի՝ Ավ. Իսահակյանի տողերը: «Քարավան» ստեղծագործության մեջ նա ժողովրդին համեմատում է աշխարհով մեկ ցաքուցրիվ եղած, անտուն, բոլորի կողմից մոռացված, անապատով անցնող քարավանի հետ.

Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա

Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.

Կանգնի՛ր, քարավան, ինձի կըթվա,

Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:

Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա

Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում…

Ես չեմ ցանկանում տրվել այդպիսի թախիծի, հավեր-ժական թախիծ, որին տրվել են օտարության մեջ գտնվող իմ հայրենակիցները: Այդ թախիծն արտահայտել է նաև Վիլյամ Սարոյանն իր խոստովանության մեջ. «Վիլյամ Սարոյանը ծնվել է օտարության մեջ: Վիլյամ Սարոյանները պետք է ծնվեն և ապրեն հայրենիքում, հնամենի հայկական հողում»: Այնուհետև ավելացրել է. «Օտար երկիրը հայրենիք չի դառնա: Այո՛, այո՛, օտար երկիրը հայրենիք չի դառնա»: Եվ ես ստորագրում եմ այդ դարավոր ճշմարտության տակ: Կարողանալ տեսնել սեփական հայրենիքի արժանիքները, նրա բոլոր առավելությունները ուրիշ երկրների նկատմամբ, հպարտանալ, որ ամեն առավոտ կարող եմ տեսնել ճերմակագագաթ Արարատը յուր կրտսեր եղբոր՝ Սիսի հետ, խմել այն հրաշալի սառնորակ ջուրը, որով հպարտանում էր Ռուբեն ջանը (Մհեր Մկրտչյան) «Միմինո» ֆիլմից՝ հատկացնելով նրան 2-րդ տեղն աշխարհում, ամե-նուր լսել հայերեն խոսքը, մի՞թե սա հպարտության առարկա չէ: Ես հպարտ եմ նաև նրանով, որ Բյուրականում գտնվում է հայտնի աստղադիտարանը, որտեղ աշխատել են մեր գիտության 20 – րդ դարի ռահվիրանները, որոնց ամենավառ ներկայացուցիչը Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համազասպի Համբարձումյանն էր, ինչպես նաև նրա գործընկերները: Նրանք աշխարհի համար նոր աստղեր էին բացահայտում, որոնք իրենց փայլով լուսավորում էին աշխարհը, աշխարհ, որում մենք ապրում ենք: Այդ պատճառով Բյուրականում առանձնահատուկ լուսավորություն է: Եվ այդ լույսը տեսնում են միայն նրանք, ովքեր արմատներով մխրճված են այս հողի մեջ, նրանք, ում համար այդ լույսը հայրենիքի, հարազատ հողի լույսն է: Այդ լույսը այնպիսի հայրենասեր հերոսների համար է, ինչպիսին է Պ. Սևակը, նաև նրանց, ովքեր ցավալիորեն «համալրեցին» Եռաբլուրի փառքի ծառուղին՝ 44-օր-յա պատերազմի զոհերի: Պատերազմ, որը 2020 թ. սանձազերծեց արնախում, վայրագ թշնամին: Փա՜ռք մեր հերոսներին: Հավերժ փա՜ռք: Ես ամբողջ հոգով ցավում եմ այս մի բուռ հողի հա-մար, որտեղ ծնվել եմ: Ես ցավում եմ այն հինավուրց ազգի համար, որի ժառանգներն ենք մենք, ցավում եմ նրանց համար, ում հիշատակի համար կանգնեցված է Ծիծեռնակաբերդը, ովքեր ննջում են Եռաբլուրում: Այսպիսին է հայրենիքի իմ ընկալումը, որը չի սահմանափակվում այն ստույգ հասցեով, ուր կատարվում են ինձ հասցեագրված փոստային առաքումները: Սա հենց այն է, ինչից մեզ ցանկանում են զրկել մեր վաղեմի թշնամի թուրքերը: Դրա հրաշալի պատասխանն է Պ. Սևակի բանաստեղծությունը.

Ա՜խ, իմ հայրենի՛ք…

Դու՝ Հազարամյա իմ ազգանո՜ւնը,

Ես – այնպե՛ս ապրել կարողանայի,

Որ ինձ ազգանուն բաշխելուդ համար

Դու երբևիցե անհարմար չզգաս…

Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է:

Ա՜խ, երանի՜ թե ես այնպես մեռնեմ,

Որ դու… ինձ սգաս:

Ինչպես կարող ես չհպարտանալ, որ ապրում ես այնպիսի հանճարեղ հերոսների ժամանակաշրջանում, որոնց համար ոչինչ առավել չէ սեփական ժողովրդից, հողից, մեծ ու փոքր հայրենիքից, որը «մեզնից ոչ ոք չի կարող խլել»: Փաստն այն է, որ մեր թշնամիները վատ են սերտել հայերի բնավորության առանձնահատկությունները, իսկ ավելի ճիշտ՝ չեն կարող հրաժարվել մեր հանդեպ ունեցած նախանձից: Նրանք չեն կարող մարսել այն, որ յուրաքնչյուր դար կյանքի տարբեր ոլորտներում հայ ժողովուրդը հանճարներ է տալիս աշխարհին՝ սկսած V-րդ դարի մեծն Մեսրոպ Մաշտոցից, վերջացրած XX-րդ դարի հռչակավոր Մ. Սարյանով, Ա. Խաչատրյանով, Պ. Սևակով և շատ ու շատ ուրիշներով: Այդ ցանկն անվերջ է: Եվ մենք մեծանում ենք՝ հպարտանալով այդ կերպարներով, ընդունելով նրանց կյանքի հավատամքը: Մենք աշխատում ենք շատ հարցերում նմանվել նրանց: Աշխատում ենք նրանցից սովորել ապրել և սիրել այս հողը, որը մեզ է հասել երբեմնի հսկայական Հայկական պետությունից՝ «Ծովից ծով Հայաստան»: Ցավալի է տեսնել մեր այժմյան մի բուռ հայրենի հողը: Այդ իսկ պատճառով մեզ համար թանկ է ամեն հողակտորը, նրա ամեն մի թիզը: Ես ուզում եմ վստահ լինել իմ ժողովրդի ապագայի համար, ուզում եմ, որ մարգարեական լինեն մեծ պոետ Պ. Սևակի խոսքերը: Ես ուզում եմ, որ պարապը լցվի լացով, բայց ոչ թե մոր, այլ մանուկի: Ես ուզում եմ, որ կարապը ոչ թե մեռնի, որ կարապը ապրի՜ երգով: Ես ուզում եմ, որ տարափը տեղա արտի, ոչ թե՝ իզուր՝ ծովի վրա… Ես ուզում եմ, որ քարափը քարայծ պահի, ոչ թե օձեր ու մողեսներ: Ու թե կորյունը շուն դառնա Թող գոնե լինի նա գելխեղդ, Եվ թե մեկի արյունը ջուր է դառնում, Թող գոնե դառնա այն գինի: Այո՛, մեր երկիրը աշխարհում միշտ հայտնի է եղել իր գինեգործությամբ, կոնյակի արտադրությամբ: Իսկ մեր յուրահատուկ կոթողների՝ Գառնիի, Գեղարդի, Զվարթնոցի, խաչքարերի նմանը չկա ողջ աշխարհում: Երևանի երկաթուղային կայարանի հրապարակում կանգնեցված է Սասունցի Դավթի արձանը, որի հեղինակն է քանդակագործ Երվանդ Քոչարը: Այն դարձել է Հայաստանի խորհրդանիշը: Հուշարձան-կոթողը իմ ժողովրդի անպարտելիության, հավիտենության ու անկախության խորհրդանիշն է: Նրա մեջ ես տեսնում եմ հայ ժողովրդի 1.4 Միլիոն Դոլար Ուղղուած… լավագույն գծերը, նրա անքակտելի կապն իմ նախնիների հողի հետ: Մեզ բաժին է հասել այս հողը: Եվ մեր խնդիրն է ավելացնել նրա բարիքները, ցավել նրա համար, ցավել հանուն նրանց, ովքեր այդ հողի համար ամենից թանկ գնով են վճարել՝ իրենց կյանքով: Եվ ուրեմն թող Պարույր Սևակի խոսքերը մեզ համար լինեն որպես աղերս առ Աստված. Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ շատանա՛նք: Սա հենց այն երկիրն է, որը ժառանգել են մեզ մեր նախնիները: Սա Հայաստանն է՝ իմ հայրենիքը, իմ հպարտությունը, իմ թախիծը։

ՆԱԴԵԺԴԱ ՅԱՓՈՒՋՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *