Posted on April. 27. 2022
«Խոցը աւելի վտանգաւոր է, երբ արիւնահոսութիւնը ներքին է»:
Լիլի, անգլ. միջնադար:
Խոցելիութիւնը մի երեւոյթ է, որին ենթակայ են բոլորը՝ մարդիկ, երկրները, պետութիւնները, կենդանական թէ բուսական աշխարհը եւ չնշուած միւս կառոյցները: Բացառութիւն չկայ եւ ամէնը ենթակայ են այդ չարիքի գործօնին: Նրանք խոցելի են եւ խոցւում են, եթէ զգօնութեան պակաս ունեն կամ անտարբեր են իրենց իսկ նկատմամբ: Այս օրերին ողջ աշխարհի ուշադրութիւնը սեւեռուած է Ուկրաինայում տիրող վիճակին, ինչ որ մենք ապրեցինք աւելիով՝ քառասունչորսօրեայ դժոխքի օրերին, միայն թէ մեր պարագային լռութիւն տիրեց եւ որեւէ մատ շարժող չեղաւ, ինչպէս Կիպրոսի դէպքում, ուր աւելի քան 25 տարի է, ինչ թուրքերը իրենց ախորժակի, ճաշակի եւ աւանդութեան համաձայն գործում են առանց որեւէ արգելքի: Արդարադատ զգայուն հզօրները միշտ չէ, որ անհանգստացած են միւսների բարեկեցութեամբ, մանաւանդ երբ իրենց շահերը ներգրաւուած չեն: Նոյն Ուկրաինան ռազմական սպիտակ ֆոսֆոր էր մատակարարում ազերի բանակին՝ գիտենալով, որ այն կիրառուելու է Արցախի տարածքում, քանզի չկար այլ նպատակ, բայց հոգը չէր, քանի որ շահաւէտ էր, նոյնիսկ հաշուի չառնելով որ մօտ 350 հազարանոց հայ գաղութ կայ այդ երկրում, որոնք չեն մնում փախստականների կարգավիճակով, այլ այդ երկրի տնտեսութեան համար բարգաւաճող գործակիցներ են, իսկ այսօր աշխարհով մէկ օգնութեան կանչեր է արձակում՝ չկասկածելով, որ այդ օրը սպասելի էր: Մտադիր չեմ այս գորշ դէպքերը թուարկել, միայն չարն ու բարին իրարից զատելով, բայց նշենք, որ փոխարէնը մերոնք Արցախից դէպի Կիեւ օդանաւ ուղարկեցին՝ մարդասիրական օգնութեան 14 տոննա բեռով, չնայած նրանք Ալիեւին շնորհաւորել էին մեր դէմ յաղթանակի առիթով : : Մի բան հաստատ է, որ խոցելիութեան աստիճանը կախում ունի գերհզօրների կամքից, ախորժակից եւ շահից, ինչպէս այն եղաւ Սիրիայի, Իրաքի եւ այլոց պարագային, իսկ այժմ արեւմուտքը ոտքի է ելել տարբեր պատժամիջոցներով ճնշելու ռուսներին, որ եւս իրենց բնոյթին համապատասխան է եւ վստահօրէն, կարելի է հաստատել, որ տխմարութիւնը հայկական որակ չէ, այլ հաւասար սփռուած, եթէ յիշենք վաթսունականներին Կուբայում տեղաւորած ռուսական հրթիռների առիթով Գրեց՝ Ռուբէն Յովակիմեան (Սեն Ռաֆայել) ԽՈՑԵԼԻ եղած վիճաբանութիւնը, երբ Խրուշչովը կօշիկով խփեց սեղանին ՄԱԿ֊ի նիստի ընթացքին: ԱՄՆ-ի տարատեսակ յայտարարութիւնների կողքին, որ յաճախ իրար հակասող են, արժանի է նշել Բելգիայում մի ռուսազգի ուսանողին կրթաթոշակից զրկելու փաստը՝ որպէս պատժամիջոց, իսկ Իտալիայում նոյն նպատակով համալսարաններից մէկում արգելել են Դոստոեւսկի դասաւանդելը: Չեմ համարձակւում անուն տալ, միայն թէ նոյն տրամաբանութեամբ շարունակելու պարագային պէտք էր, որ երկու համաշխարհային պատերազմների տարիներին արգելէին Բեթհովենին ու Վագներին, իսկ այսօր մոռացել են արգելքի տակ դնել Մենդելեյեւի քիմիական տարրերի աղիւսակը, որ միակ է: Ողբալի է: Խոցելիութիւնը միայն դրսից եկած արհաւիրք չէ եւ այն կարող է լինել ներքին պայմանների, ադաթների եւ համատարած տխմարութեան ինքնածին հետեւանք, որ յատուկ չէ միայն մեր երկրին: Այդ չարիքներից մէկը կարելի է համարել ծխախոտի, թմրանիւթի, սուրճի եւ ոգելից խմիչքի՝ հիմնականում օղի (թթի արաղ) ոչ-հսկելի գործածութիւնը, երբեմն բոլորը միաժամանակ: Ամէն տարի հազարաւոր մահերի առիթով բուժական անձնակազմի հնչեցրած տագնապը, որ հետեւանք է այդ բաղադրիչների հիւանդածին լինելու եւ նրանց անգիտակից օգտագործմանը, մնում է «ձայն բառբառոյ», իսկ փակ տարածքներում ծխելը արգելելու քայլը համազգային բողոքի առիթ եղաւ: Ոմանք փորձում են համոզել, թէ ճանաչում են մէկին, որի հարեւանի քեռին ծխում եւ խմում էր անչափ, բայց հարիւր տարի ապրեց: Տխմարութիւնը սահման ու չափ չունի եւ որպէս նորոյթ՝ Երեւանում գործում են մի քանի նարգիլէի սրահներ եւ երբեք դատարկ չեն լինում: Մի այլ արհաւիրք է համարւում կերակրի աղի անչափ գործածումը: Ըստ մասնագէտների՝ այն առաջացնում է սրտանօթային տարբեր հիւանդութիւններ, որից ամէն տարի հազարաւոր անժամանակ մահացութեան դէպք է լինում: Իրաւ է, որ ոմանք սեղան նստելուն պէս առաջին քայլը լինում է, կերակուրը ճաշակելուց առաջ, նախ աղել, մինչ հնարաւոր է, որ այն արդէն անալի չէր, բայց ինչ հոգ, մարդը իր սովորութեան գերին է եւ պիտի իր քայլը անի: Առողջապահութեան պատասխանատուները այն եզրակացութեան են եկել, որ նուազեցնելու համար աղի սպառումը, պէտք է ճաշարաններում եւ բոլոր սննդի կէտերում արգելել սեղանին աղի ամանի ներկայութիւնը, հակառակ դէպքում՝ ինչ որ չափի տուգանքի խնդիր է ծագում: Որոշումի տրամաբանական լինելը թողնենք ընթերցողի հայեցողութեան, միան այն կոշտ է ու բռի: Մի այլ ներքին խոցելիութեան կարեւոր նմուշ են երկրում տիրող մեքենաների անթիւ եւ անմիտ բախումները, որ հազարաւոր կորուստների պատճառ են եւ նրանց դէմ պայքարի որեւէ միջոց չկայ, բացի վարորդական արտօնութեան կաշառքով ձեռք բերելու ճանապարհի փակումը: Այս ոլորտում անհասկանալին եւ զարմանքը այն է, որ մեր երկրում արկածները յաճախ լինում են դէմ առ դէմ՝ ճակատային, ինչը նշանակում է որ երկուսից մէկը խախտում է կատարել, քանզի ծանօթ չէ եւ չգիտի երթեւեկութեան տարրական կանոնները. չմոռանանք ճանապարհային ազդանշանների իսպառ բացակայութիւնը: Նիւթական վնասների կողքին, որ արհամարհելի չեն,է լինում են յաճախ երիտասարդ գործունեայ անձանց կորուստ, որ անփոխարինելի են, եւ մենք չենք կարող եւ իրաւունք չունենք նման կորուստներ ունենալ, հաշուի առնելով մեր երկրում ծնելութեան՝ իմա մարդկային աճի ցածր մակարդակը: Ամենամեայ այցելութիւնների օրերին տեսնում եմ, թէ ի՛նչ անկարգութիւն է տիրում Երեւանի փողոցներում: Ոչ ոք դիմացինին հանդուրժելու տրամադիր չէ, իսկ անսպառ խճողումների պարագային շչակներն են, որ գործում են առանց դադարի՝ ստեղծելով ժխոր: Տգիտութեան այս անշեղ մթնոլորտում, չարիք դարձած անփոխարինելի հեռախօսը նաեւ առկայ է, որ երբեմն վրաերթի պատճառ է լինում: Դեռ ասելիք շատ կայ, բայց այս է մեր ունեցածը եւ այն պիտի սիրենք եւ գուրգուրենք:
11-3-2022 Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել