ՄԵՆՔ

Posted on December. 30. 2022

Գրեց՝ Ռուբէն Յովակիմեան (Սեն Ռաֆայել)

«Հասարակութիւնը կարող է ոտքի կանգնել ըմբոստանալ , միայն ցածր գաղափարներով »: Շամֆորտ (XVդար)
Երկիր, ազգ, հայրենիք, հասարակութիւն, համայնք, ժողովուրդ, ամբոխ, հանրութիւն, բնակչութիւն։ Այս բառերից իւրաքանչիւրը ունի ի՛ր իմաստն ու ծաւալուն բովանդակութիւնը ի՛ր անխափան արժէքը, որի հետ նաեւ, ի՛ր պահանջներն ու մօտեցումները գուրգուրանքով բոլոր, հայերի՝ իւրաքանչիւրի կարողու-թեան համեմատ: Այդ արժէքների բաղադրիչները՝ բարեկեցութիւն, մշակոյթ, լեզու, առողջապահութիւն արդարադատութիւն բանակ, կրթութիւն եւ այլն անվարան պարտադիր եւ կենսական, է պահպանել ու զարգացնել: Ցաւօ՜ք, այն յարգուած չէ բնակչութեան մի մասի կողմից այնքան որ իրար ատելը, հասնում է թշնամանքի մակարդակի իսկ թերացումները, բազում են թերեւս այդ է պատճառներից մէկը ինչ որ տեղի է ունենում ՀՀ եւ Արցախի շուրջը, քանզի սահմանի միւս կողմը տեսնում են որ հայերը դեռ բռունցք չեն դարձած:
Ադրբեջանը, մեզ բզկտելու նպատակով օրըստօրէ նոր պահանջ է ստեղծում որ իր սկզբնական իղձն է իսկ ռուս խաղաղապահներն համոզում են որ հնարաւոր չէ եւ չեն կարող ոչինչ անել՝ պէտք է համակերպուել աւելի վատից փրկուելու համար մինչ Բերձորի միջանցքը բացառապէս նոր պատերազմ սկսելու սադրանք է պատրուակ, եւ միջազգային հեղինակաւոր կառոյցները, որ անքուն գիշերներ են անց կացնում աշխարհը փրկելու՝ նոր պատերազմը անխուսափելի են համարում։
Իսկ հայրենի մեր «ամենագէտներ ը» համահունչ, սփիւռքի որոշ մամուլի
հետ, կրկին փախցնելով լռելու առիթը, աղմկում են թէ ՀՀ արդի իշխանութիւնները ակնյայտօրէն՝ մտադիր չեն կանխել պատերազմը, ու չեն էլ աշխատում այդ ուղղութեամբ։ Կարելի՞ է աւելի տխմար լինել, քան նման թերուսները, որ կուրացել են նիկոլախտից եւ պատրաստ են ամէն տեսակի ստոր քայլի եւ հասկանալու ընդունակ եւս չեն, որ լինել չլինելու – վիճակում ենք եւ հասուն է հաւանականութիւնը նոր բախումների առումով՝ մեր «թղթից շերեփ ի» դիմաց, իսկ ազերի բորենին գեղեցիկ խօսք ու գիր չի հասկանում նա ճանաչում է զէնք եւ կոշտ ուժ: Պարզամիտ պէտք է լինել չհասկանալու, որ Ալիեւի աճպարարութիւնները Սիւնիքի միջանցքին տիրանալն է եւ պատրաստ ամէն գնով հասնել այդ նպատակին:
Անժխտելի փաստի առջեւ ենք, որ հասարակական կարծիք ստեղծող հայ տարատեսակ մամուլը հիւանդ է մթնոլորտը՝ թունաւոր, Արմէնպրեսի հետ մէկտեղ:
Մեծ ի մասամբ նրանցից ոմանք գործում են ինչ որ մէկի պատուէրով եւ այնքան են մխրճուել ոլորանի սուտ ու կեղծ գալարների մէջ որ նրանցից մէկը համարձակւում է նշել, թէ միջազգային չափանիշերով «Եւրատեսիլ»-ը ոչ կարեւոր միջոցառում լինելով, պետութիւնը, այսու հանդերձ չի կարողացել այն ծառայեցնել քարոզչական նպատակներով եւ նոր գալիք պատերազմի վտանգը կասեցնել Աւելի հեռու է գնում ԶԱՐԹՕՆՔ ը-: Կարդում ենք խմբագրականում՝ «Արցախի ելքը միայն անկախութեան միջազգային ճանաչումին ի խնդիր՝ մեր միահամուռ եւ գործնական պահանջին մէջ կը կայանայ−Ս.Յ.»: Ինչպիսի՜ պայծառ միտք: Բաւական է , միահամուռ պահանջենք եւ ամէն ինչ ըստ կանոնի տեղաւորենք՝ Ալիեւը ծնկի կը գայ:
«Խելքին աշեցէք» − պիտի ասէր զառամեալ գուսանը:
Նման մտքերի ծնունդը սերտօրէն կապուած է հայեցի ընդհանուր գաղափարախօսութեան բացակայութեան, եղած մտաւորականների կրաւորական կեցուածքի եւ, որ շատ կարեւոր է համատարած թերուս լինելը, որին կարելի է կցել նաեւ տնտեսական վիճակը, որ հեռու է համասեռ լինելուց, որ չի նշանակում թէ բոլորը միեւնոյն մակարդակի կենցաղ պիտի ունենան, միայն թէ նուազագոյնի նիշը իրականութիւնից շատ հեռու է Ի՞նչ կարելի է ասել լեզուի եւ մշակոյթի մասին, երբ թերի գրագիտութիւնը դարձել է համակարգ, համաճարակ, ուր տիրում են ամօթալի անգլոհայերէնը եւ եւրատեսիլի մակարդակը, իսկ իւրաքանչիւրը իր կատարելութեան հետեւելու փոխարէն ամէն ինչի լուծումը սպասում է պետութիւնից, որի դերը հսկայական է, բայց յաճախ նա եւս նոյն անձանց խմբաւորում է Հայ դպրոցը վրիպել է իր դերը: Միակ գաղափարը, որ բազում հայրենաբնակների մէջ համատարած եւ ամրագրուած է՝ արտագաղթն է, որ մնում է աներեր եւ շատերը՝ եթէ իրենք տրամադիր չեն գաղթելու ապա ուղարկում են զաւակներին:
Արտերկրում բուժուելը դարձել է սովորոյթ որ նման է ԵՄ արդարադատութեանը դիմելուն, իսկ կալանքի դէպքում դառնում՝ անբուժելի հիւանդ քաղբանտարկեալի պիտակ ձեռք բերում,− օրինակները շատ են:
Ճիշտ է որ պատերազմ ենք կորցրել որի պատճառները բազում են եւ այլազան, որ պայմանները բարենպաստ չեն մեր տարածքում, շրջապատ-ուածենք արիւնարբու թշնամիներով որ հոգեբանական ճնշում են ստեղծում, իսկ Ալիեւի ու Էրդողանի լրբութիւնները սահման չունեն: Ճիշտ է նաեւ, որ կարելի է մտածել, թէ մենք ի՞նչ սխալներ ենք գործել, շարունակում ենք գոր-ծել՝ առանց մի պահ անդրադառնալու որ այդտեղ է թաղուած, խոզի գլուխը:
Կան տարբեր ամբոխավար կարծիքներ՝ հակադրուած չմտածուած հիմքերով, երբ ոմանք յամառօրէն կրկնում են, թէ կործանման եզրին ենք եւ պիտի շուտափոյտ միանանք մի մեծ երկրի, կամ ոգեկոչում են ռուսներից հեռանալու, կամ մէկը միւսից աւելի անմիտ տարբերակներ ու տխմար, բայց ոչ մէկ տեղից ձայն չեկաւ թէ ինչպէս անել որ գլուխ գլխի գալով միասին քննարկենք եղած հնարաւոր ուղիները եւ մեր ջանքերով նուազ վնասով մի ելք գտնենք՝ զանց չառնելով ենթադրեալ օգնութիւնները դրսից:
Յաճախ եմ մտորում թէ արդեօք անկախութիւնը ճի՞շտ էր մեզ համար եւ ի՞նչ ունեցանք՝ բացի մաշումից ու անհամար կորուստներից կորցնելով բանականութիւնը, եւ պատշաճ հասարակութիւնը, եւ արդի վիճակով հեռու չենք ամբոխ լինելուց մինչդեռ առկայ են երկրներ որ աւելի վատ կացութեան մէջ գտնուելով կարողացան ոտքի կանգնել եւ մինչեւ իսկ առաջնակարգ կացութիւն ստեղծել, ինչպէս Գերմանիան, Կորեան, Սինգապուրը եւ այլք:
Որքան որ ցաւալի լինի, անհնար է հարց չտալ՝ ինչո՞ւ մենք այդ ցանկի վրայ չենք եւ նոյնիսկ, եթէ թերեւս նաւթ ունենայինք, դարձեալ չկարողանայինք իրար հասկանալ, քանզի պառակտուելու հնարաւորութիւններ աւելի շատ կ՝ունենայինք: Տեսնենք, թէ արեւածագը ո՞ր տեղից է գալու:
15-12-22
Ռուբէն Յովակիմեան – Սեն Ռաֆայել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *