ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում նոր սկանդալ է հասունացել, որի արձագանքները հասել են Հայաստան, Սփյուռքի տարբեր կառույցներ, ինչպես նաև Պաղեստինյան իշխանություններին: Խոսքը Երուսաղեմի հայոց պատրիարքության մի հողակտորի մասին է, որը վերջերս պատրիարքը վարձակալության է տվել Ավստրալիայից ժամանած հրեա գործարարի:

Երուսաղեմի պատրիարքությունում մեր աղբյուրը որոշ մանրամասներ է հայտնել այս պատմության մասին: Ըստ այդմ, 99 տարով այս վարձակալությունը հաստատել են Երուսաղեմի պատրիարք Նուրհան պատրիարք Մանուկյանը, պատրիարքարանի անշարժ գույքի բաժնի տնօրեն հայր Պարետ Երեցյանը և պատրիարքարանի լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, որոնք պատրիարքարանի ութ հոգուց բաղկացած Սուրբ Սինոդի (Տնօրեն ժողով) փոքրամասնությունն են: Այս համաձայնագիրը ստորագրվել է առանց Հայոց պատրիարքարանի ամբողջական Սուրբ Սինոդի կամ Սրբոց Յակովբեանց եղբայրության հաստատման, ինչը ենթադրում է, որ գործարքն անօրինական է:
Պատրիարքարանը մեկ մլն դոլար կանխավճար է ստացել գործարարից, իսկ ամբողջ գործարքի արժեքը հայտնի չէ:

Ավստրալացի գործարարը նախատեսում է այդ կալվածքի վրա, որը Երևանի Հանրապետության հրապարակի կեսի չափ է, կառուցել յոթ աստղանի շքեղ հյուրանոց, և հյուրանոցի տարեկան եկամտի մի մասը փոխանցվելու է պատրիարքարանին: Նման երկարաժամկետ վարձակալությունը շատերին ստիպում է ենթադրել, որ պատրիարքարանը երբեք չի վերստանալու այդ կալվածքը, թեև գործարքը կնքողները պնդում են, որ ավստրալացի գործարարը վարձակալության ավարտից հետո պարտավոր է կալվածքը վերադարձնել պատրիարքարանին՝ դրա վրա կառուցված թանկարժեք հյուրանոցի հետ միասին:
Ըստ էության, ոչ ոք 99 տարի հետո ողջ չի լինելու, որպեսզի տեսնի՝ հայկական այդ կալվածքը հետ վերադարձվե՞ց, թե ոչ:

Վիճարկվող կալվածքը կոչվում է «Կովերի պարտեզ», որը գտնվում է պատմական Սիոն լեռան վրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում:

«Լրագրի» աղբյուրը նշում է, որ պայմանագիրը կնքվել է 3 ամիս առաջ՝ հուլիսին, որով Երուսաղեմում հայկական թաղամասի այդ հողատարածքը տրվել է հրեա գործարարի:

«Ըստ Երուսաղեմի պատրիարքարանի կանոնադրության՝ 25 տարուց ավելի որևէ հողատարածք չի կարող տրվել վարձակալության, իսկ եթե տրվում է հողատարածք, այդ որոշումը պետք է վավերացվի Հայոց պատրիարքարանի ամբողջական Սուրբ Սինոդի կամ Սրբոց Յակովբեանց եղբայրության ժողովի կողմից: Իսկ իրականում այս պայմանագիրը ոչ մեկին չի ներկայացվել, այն տեսել են միայն Նուրհան պատրիարքը և Պատրիարքարանի անշարժ գույքի բաժնի պարետ Բարեթ Երեցյանը: Հենց իրենք էլ ստորագրել են պայմանագիրը: Այսինքն Սինոդը չի հավաքվել, որ այս հարցը քննարկի, հետևաբար, այս պայմանագիրն անօրինական է և կնքվել է գաղտնի:

Վերջերս բավականին աղմուկ բարձրացրեց պաղեստինյան ինքնավարության իշխանությունը, որն արդեն նամակով դիմել է Ամենայն հայոց կաթողիկոսին, որպեսզի միջամտի այս պատմությանը և կանգնեցնի գործարքը, քանի որ հայկական գույքի վարձակալությունը հրեա գործարարի կողմից պաղեստիցները դիտում են որպես Իսրայելի ներկայության ընդլայնում», ասաց մեր աղբյուրը:
Նա նաև հավելեց, որ այս հարցով դիմել են սփյուռքի կառույցներին, որոնք իրենց թերթերում լուսաբանեցին այս խնդիրը, դժբախտաբար հայաստանյան մամուլը այս հարցը չի քննարկել և որևէ տեղեկություն չի հրապարակել:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *