Այսօր Մեծն ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻ ծննդյան օրն է… ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԱՍԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Posted on September. 4. 2022

——————————
Ծանօթ. Խմբագրութեան. Հոյակապ միտք էր՝ հոգեզմայլանք եւ ներշնչում սփռող զրոյցը վերահրատարակելը։
Անցեալ շաբաթ, աշխարհահռչակ արուեստագիտուհի Յասմիկ Պապյանի ծննդեան օրուայ առթիւ՝ զրուցավար եւ հրապարակագիր Գայանէ Պողոսեան վերստին հրատարակեց 2016-ի խիստ շահեկան զրոյցը Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին։
Այս առթիւ, Տիկին Պապեան գրեց. « Սիրելի, աննման Գայանէ Պողոսեան, շնորհակալ եմ շատ ջերմ բարեմաղթանքների համար: Տարիների վաղեմութիւն ունեցող հարցազրոյցը այսօր եւս մնում է շատ արդիական՝ Ձեր տւած խորիմաստ ու հետաքրքիր հարցերի, ինչպէս նաեւ իմ պատասխանները ճշգրիտ շեշտադրելու Ձեր բացառիկ ունակութեան եւ արհեստավարժութեան շնորհիւ: Առողջ եղէք ամենակարեւորը եւ մշտապէս՝ մեր կողքին»:
Շնորհակալութիւն՝ Գայանէ Պողոսեանին։
Շնորհակալութիւն՝ տիկին Յասմիկ Պապյանին կենսատու ոգիի համար։
Աբօ Չափարեան
Լոս Անճելոս
————————

-Տիկին Պապյան, ինչ հույզերով եք եկել Հայրենիք:

-Վերջերս առիթ ունեցա շփվելու Սպիվակովի նվագախմբի արտիստների հետ։ Նրանք Հայաստանում էին 10 տարվա ընդմիջումից հետո։ Այնքան հաճելի էր լսել նրանց կարծիքը Երևանի մասին։ Ասում էին, որ մեր մայրաքաղաքը իսկական դրախտ է, եվրոպական նրբաճաշակ ու գեղեցիկ քաղաք՝ իր արևոտ գույներով, իր պայծառությամբ, իր ջերմությամբ։ Նրանք առանձնակի հիացմունքով էին խոսում մեր ժողովրդի մասին։ Ասում էին, որ երևանցու կերպարը Երևանին փայլ ու շուք տվող ամենագլխավոր բաղադրիչն է, քանի որ երևանցին հյուրընկալ է, բարի, զգայուն, սիրով լի…

Իմ նախորդ այցելության ժամանակ աղջիկս՝ Սիրանույշը, խնդրեց իրեն տանել Խոր Վիրապ։ Օրն արդեն մթնում էր, բայց ես չցանկացա մերժել նրան։ Խոր Վիրապում հանդիպեցինք երկու երիտասարդ աղջկա։ Շատ զարմացանք՝ տեսնելով երկու ֆրանսուհիներին մթնող, ամայի վայրում։ Նրանք կրկնեցին ռուս արտիստների խոսքերը։ Ասացին, որ Հայաստանում իրենք գտան իսկական դրախտը։ Որ Հայաստանում իրենք շատ ավելի պաշտպանված են զգում իրենց, քան սեփական երկրում։ Որ իրենք առանց որևէ մտավախության քնելու են բաց երկնքի տակ, քնապարկերի մեջ։ Նրանց ապշեցրել էր հայ մարդու ջերմությունը։ Պատմում էին, որ իրենք մի քանի շաբաթ է մեր երկրում են, բայց փող չեն ծախսել, որովհետև գյուղացիները հյուրասիրում են իրենց, հրավիրում են տուն. «Չգիտենք՝ ինչպես ենք լքելու այս դրախտը, ինչպես ենք վերադառնալու, այնքան դժվար է բաժանվել այս ամենից»… Ես Վիեննայում չեմ ապրում։ Ես Վիեննայում աշխատում եմ, իսկ ապրում եմ Հայաստանում։ Իմ սիրտը Հայաստանում է տրոփում։ Ամեն տարի ես գալիս եմ հայրենիք ուժ հավաքելու։ Ես գալիս եմ ջերմություն հավաքելու, սեր հավաքելու։

-Դուք սիրո կարի՞ք ունեք… Աշխարհի սերն ու հիացմունքը, ծափերն ու ակնածանքը վայելող Հասմիկ Պապյանը խոսում է սիրո պակասի՞ց…

-Մի քանի օր առաջ առիթ ունեցա շփվելու կոշիկ նորոգող վարպետի հետ։ Երբ հարցրեցի՝ որքան պետք է վճարեմ կոշիկս նորոգելու համար, ասաց՝ ինչ կտաս, տուր։ Երբ հազար դրամ տվեցի (ընդամենը հազար դրամ կոշիկս հրաշալի նորոգելու համար), ասաց՝ չէ, չէ, դա շատ է, 500 դրամից ոչ ավել… Ես այս ջերմության, այս ազնվության, այս մարդասիրության կարիքն ունեմ։ Շուկայում բարեհամբույր, տարեց կնոջից գնումներ անելուց հետո իմ շնորհակալությունը հայտնեցի՝ շնորհակալ եմ, մայրիկ ջան, ասաց՝ մայրիկը մեռնի ջանիդ… Ես այս բառերի կարիքն ունեմ՝ մայրենի լեզվով, հայկական, տաք սիրով լեցուն… Մի դեպք հիշեցի։ Զանգեցին Մյունխենի օպերային թատրոնից և ասացին, որ մի քանի ժամից ներկայացումն սկսվելու է, իսկ երգչուհին անսպասելի հիվանդացել է, ու խնդրեցին գալ-երգել հիվանդ երգչուհու փոխարեն։ Նրանք ահռելի գումարներ տվեցին, որ ինքնաթիռը սպասի ինձ, պատրաստ էին ուղղաթիռ ուղարկել, որը ինձ արագ տեղ կհասցներ… Երբ հասա թատրոն, հիշեցի, որ ամբողջ օրը ոչինչ չեմ կերել ու խնդրեցի ինձ համար բուտերբրոդ բերել, որպեսզի ընդմիջմանը ուտեմ։ Երկուսուկես եվրո՝ տեղեկացրեց ադմինիստրատորը։ Ես ապշած մնացի։ Ես հիշեցի հայկական հյուրասիրությունը։ Պահեք իմ հոնորարից՝ ասացի։ Երբ հոնորարս ստացա, տեսա, որ երկուս ու կես եվրոն հանել էին իմ հոնորարից։ Երբեմն արցունքոտվելու աստիճան խղճում եմ ինքս ինձ, մտածում եմ, որ կյանքը կողքովս անցավ, չկարողացա մինչև վերջ վայելել կյանքը, որովհետև հայրենիքում չէի… Ինչ-որ բան իմ կյանքում միշտ պակաս եղավ։ 12-ամյա աղջկաս շարադրություն էին հանձնարարել դպրոցում` «Իմ ամենամտերիմ ընկերուհին» թեմայով։ Նա գրել էր, որ իր ամենամոտ ընկերուհին Հայաստանում է։ Նա հաճախ չի լինում Հայաստանում, բայց Հայաստանը ամենացանկալի վայրն է նրա համար։ Նրա հոգու հայրենիքը…

Երբ ցրտի, խավարի տարիներին եղբորս խնդրում էի գալ Եվրոպա՝ առաջարկելով ապահովություն ու բարեկեցություն, նա ասում էր. «Ես բժիշկ եմ, պետք եմ հայրենակիցներիս, ինչպե՞ս կարող եմ հեռանալ հայրենիքից»…

-Տիկին Պապյան, իսկ ի՞նչը Ձեզ դուր չի գալիս հայրենիքում։

-Մի անգամ առիթ ունեցա Հայաստանում մասնակցելու հարսանիքի։ Ինձ ցնցեց վայրենաբարո ճոխությունը, ցուցամոլությունը, վատնումը… Ես խղճացի այդ մարդկանց. դժբախտ, սառած հոգիներով, շփոթված մարդիկ են, որոնք իրենց կյանքի դատարկությունը լցնելու համար կառչում են փրփուրներից…

-Փրփուրների՞ց… Դուք փո՞ղն եք անվանում փրփուրներ, ճոխությունը, կյանքը (Սիլվա Կապուտիկյանը կասեր) լայնքով ու երկայնքով վայելելու հնարավորությո՞ւնը։

-Ճշմարիտ վայելքները բոլորովին այլ ափերում են հանգրվանում՝ սիրո, մտերմության, գեղեցկության, վեհության, ազնվության, նվիրումի ոլորտներում։

Սպիվակովի նվագխմբի արտիստները դժգոհում էին, որ իրենք ցանկացել են հայկական չրեր գնել, սակայն որոնել ու չեն գտել նախկին «Փակ շուկան»… Ինձ ցավ են պատճառում նման կորուստները։

Մի հայ ընտանիք էր Հայաստանից տեղափոխվել Ավստրիա։ Մեկ տարի անց հետաքրքրվեցի հայրենակիցներիս որպիսությամբ։ Շատ լավ ենք՝ ասացին, երեխաները մի բառ հայերեն չեն խոսում… Ես շատ լավ հասկանում եմ, որ քիչ չեն նաև հայրենասեր, ազնիվ մարդիկ, որոնք ստիպված են հեռանալ երկրից։ Նրանց հայացքը հայրենիքին է, նրանք հայրենիքում են թողնում իրենց սիրտն ու մի օր վերադառնալու են անպատճառ…

Դուք հարցնում եք թերությունների մասին, բայց ես կրկին ուզում եմ հիշել մեր առավելությունները։ Այնքան կուզենայի, որ աղջիկս Հայաստանում դպրոց գնար։ Թեեւ դպրոցը, որտեղ սովորում է աղջիկս, 600 տարվա պատմություն ունի, այդտեղ են սովորել Շուբերտը, Ֆրոյդը և շատ հռչակավոր մարդիկ։

Վիեննայում թաղամասեր կան, որտեղ ոստիկաննե՛րն անգամ վախենում են շրջել։ Ես, գիշերվա որ ժամն էլ լինի, հանգիստ շրջում եմ Երևանի փողոցներում, իսկ Վիեննայում այդքան ապահով չեմ…

Մենք փառահեղ երիտասարդություն ունենք։ Եվրոպայում իմ համերգների ժամանակ դահլիճում միայն սպիտակ գլուխներ եմ տեսնում՝ տարիքով մարդկանց, իսկ Հայաստանում դահլիճը լեփ-լեցուն էր երիտասարդներով։ Մեր տղաները՝ բոլորովին պատանի, սովորում են զինվորական գործը, կանգնում են հայրենի երկրի սահմանին, հայրենիք են պաշտպանում։ Ես չգիտեմ՝ ինչ անեմ զինվորի համար, չգիտեմ՝ ինչ անեմ… Ես երգեցի հայկական բանակի կազմավորման 20-ամյակի տոնակատարության ժամանակ։ Դահլիճում զինվորներ կային, այնքան ոգևորող էր, այնքան հուզիչ…
-Ի՞նչ վիճակում է հայ մշակույթն այսօր…

-Վերջերս ավելի հաճախ եմ հայ արձակ կարդում։ Ու ապշում եմ, ինչպիսի՜ անուններ ունենք, ինչ հզոր գրականություն է ստեղծվում Հայաստանում։ Այսօր անգամ Գերմանիան չունի Լևոն Խեչոյանի պես գրող, մերկ մարմինների ու անասնական կրքերի աշխարհով մեկ տարածվող պոեզիան չունի հայ բանաստեղծության գեղեցկությունն ու խորությունը։ Դուք կարդացե՞լ եք Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը»։ Գերմանական ամենահզոր պարբերականներից մեկը գրեց, որ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպին հավասար գործ է (վեպը ներկայացված է Նոբելյան մրցանակի)։ Ես հիշում եմ Ավետ Տերտերյանի «Երկրաշարժի» մասին հնչած կարծիքները։ Հայ կոմպոզիտորին համեմատում էին Վերդիի հետ… Մենք շատ մեծ ներուժ ունենք… շատ մեծ…

-Մեծ ու չօգտագործված…

-Մենք մեր արվեստը աշխարհին ճանաչելի դարձնելու խնդիր ունենք։ Երբեմն մշակութային քաղաքականության տրամաբանությունն է անհասկանալի։ Գյումրիի թատրոնը նորոգելու համար մի քանի միլիոն դրամ չգտնվեց մեր բյուջեում, բայց մի երգչուհու կարող են տասնյակ միլիոնավոր դրամ վճարել ազգային արժեք չունեցող համերգի համար։

Ինձ ցավ է պատճառում հայկական եթերից հնչող հայերենը՝ աղճատված, աղքատիկ… Լրագրողների մտքի տկարությունը, արհեստավարժության ցածր մակարդակը, նրանց պատրաստած անբովանդակ հաղորդումները…

Օպերայի բեմը նորոգեցին, սակայն մինչ օրս չեն օգտագործում, որովհետև համապատասխան մասնագետներ չկան։ Մի՞թե դժվար է լուծել այդ խնդիրը, մասնագետներ վերապատրաստել արտերկրում։ Ինձ ցավ է պատճառում այս անտարբերությունը սեփական երկրի ու մշակույթի հանդեպ։

Այդուամենայնիվ,  ես վստահ եմ, որ ջրերը պարզվելու են, մոլորակը, որ ասես դուրս է եկել իր ուղեծրից, վերադառնալու է սիրո, բարության, հավատարմության, գեղեցկության իր բնականոն ընթացքին…
-Տիկին Պապյան, Դուք էլ մեր շատ արվեստագետների նման ապրում և ստեղծագործում եք արտերկրում, սակայն, ի տարբերություն շատերի, թվում է` չեք բացակայում Հայաստանից: Դուք մասնակցում եք գրեթե բոլոր նշանակալի միջոցառումներին, հանդիպում եք լրագրողների հետ, հասարակությունը հնարավորություն ունի ծանոթանալու Ձեր գնահատականներին, կարծիքին հայկական իրականության կարևոր իրադարձությունների վերաբերյալ:

-Ես բարձր եմ գնահատում մարդու քաղաքացիական ակտիվությունը, մանավանդ, եթե դու քիչ թե շատ ճանաչված ես, և քո կարծիքը կարող է հետաքրքրել քեզ վստահող ու հավատացող մարդկանց: Հայաստանում լինեմ, թե արտերկրում` իմ օրն սկսվում է Հայաստանի մասին լուրերի ընթերցանությամբ…

-Ես միշտ մտածել եմ, որ արտերկրում ապրող հայը, որքան էլ հայրենասեր լինի, ինչ-որ չափով հոգեպես կտրվում է հայրենիքից, որովհետև Հայաստանում կատարվող իրադարձությունները այլևս չեն ազդում նրա կյանքի, առօրյայի ու բարեկեցության վրա:

-Մարդը կարող է ապրել հայրենիքում և հետաքրքրված լինել միայն իր ընտանիքի հոգսերով և սեփական բարեկեցությունը ապահովելու ջանքերով: Երբ սկսեցին գործել «Ավստրիական ավիաուղիները», իմ այցելությունները հայրենիք բազմապատկվեցին: Վիեննայի իմ բնակարանից մինչև երևանյան բնակարանս 4 ժամվա ճանապարհ է, ու ես չեմ կարող չօգտվել այս բարեբախտությունից: Կարծում եմ՝ հասկանալի է, որ աշխարհը լի է հիասքանչ վայրերով ու դրախտային վայելքներով, դրանք հասու են նաև իմ ընտանիքին, բայց ես ու աղջիկս գերադասում ենք մեր ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում, որովհետև Հայաստանը մի մեծ առավելություն ունի` մեր հայրենիքն է: Ավելին` երբ Հայաստանից տագնապալի լուրեր են տարածվում, երբ խնդիրները ահագնանում են, ես ավելի հաճախ եմ հայրենիք գալիս, ցանկանում եմ ավելի մոտ լինել հայ ժողովրդին, շփվել մարդկանց հետ, մեկի մատից մի փուշ հանել, մեկին քաջալերել: Իմ ուժն ավելացնել համընդհանուր դիմակայությանը: Սա բնական մղում է, այնպես չէ՞:

-Որքան էլ հաճախ լինեք Հայաստանում կամ Ձեզ համարեք Հայաստանի մի մասնիկը, Եվրոպայում ապրելը և համաշխարհային մշակույթի ու քաղաքակրթության հետ ամենօրյա կենցաղային շփումը հնարավորություն կտա ավելի սթափ ու օբյեկտիվ գնահատելու մեր ընթացքը, ձեռքբերումները, ձախողումները…

-Իմ տպավորությամբ` երկիրը բաժանված է երկու մասի. մի մասը ապրում է բացարձակ անտարբեր ու անհաղորդ իր շուրջ ծավալվող իրադարձությունների, իր հայրենիքի ճակատագրի, հայ մարդու ցավի հանդեպ: Մյուս մասը գերմարդկային ճիգեր է գործադրում, որ մենք չմնանք կեսճանապարհին, որ մեր նավը հասնի խաղաղ հանգրվանի… Մեր ամենամեծ ձախողումը կենսամակարդակի անօրինակ բևեռացումն է, որը երկփեղկեց հայ հասարակությանը, ձևավորեց երկու հակոտնյա, իրարամերժ շերտեր: Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ հակառակ մեր բոլոր սխալների ու թերացումների, Հայաստանում բարձրացավ մի հրաշալիորեն հայրենասեր, ուժեղ, հպարտ, արժանապատիվ, ազատախոհ, խելացի ու պայծառ սերունդ` մեր Հույսը: Այդ սերունդը պաշտպանեց Արցախի սահմանները քառօրյա պատերազմի ժամանակ՝ հայոց պատմությունը հարստացնելով նոր ասքերով ու հերոսապատումներով: Ասես մի սառը, մաքուր շունչ անցավ երկրի վրայով` սթափեցնող, վեհացնող, ոգի ու արժանապատվություն ներարկեց երկրին: Հիմա պիտի կարողանանք ճիշտ շարունակությամբ բորբոքել այդ ոգին, դարձնել գործ, վերաբերմունք, հոգեբանություն…

Բարձրացող սերունդը իր դիմագիծն է կերտում նաև արվեստի, մշակույթի ոլորտում: Ինչ տաղանդավոր երիտասարդներ ունենք, ուղղակի չեմ կարողանում թաքցնել հրճվանքս, նրանք կարող են համաշխարհային մեծության աստղեր դառնալ, պարզապես պիտի ճիշտ ուղղորդել նրանց ճանապարհը, որպեսզի չարժանանան ավագ սերնդի բախտին:

-Ո՞ւմ նկատի ունեք` ավագ սերունդ ասելով, և ինչո՞ւ նրանց բախտը չի բերել:

-Իմ խորին համոզմամբ` Հրանտ Մաթևոսյանն ու Լևոն Խեչոյանը, եթե չասեմ ավելի մեծ են, ապա ոչ մի բանով չեն զիջում, ասենք, Մարկեսին: Բայց այսօր ամբողջ աշխարհն է ճանաչում Մարկեսին, իսկ մերոնք այդպես էլ մնացին հայկական և խիստ մերձակա շրջանակներում, չդարձան աշխարհի սեփականությունը: Սա սրտի խոր ցավով եմ ասում` մշակութային քաղաքականության և մշակույթի զարգացման հայեցակարգ չունենալու պատճառով մեր` աշխարհը նվաճելու հնարավորություն ունեցող տաղանդները այդպես էլ մնում են չբացահայտված: Մենք իրավունք չունենք ոչնչացնելու բարձրացող սերնդի ահռելի մշակութային ներուժն ու Աստվածատուր տաղանդը: Մենք իրավունք չունենք ոչնչացնելու բարձրացող սերնդի բարոյական հզոր ներուժը, որը կարող է աներևակայելիորեն արդյունավետ ծառայել հայրենիքի շահերին, մեր ազգային զարթոնքին ու հզորությանը: Եթե Դուք ինձ հարցնեք` որն է մեր ամենամեծ առավելությունը եվրոպական ծաղկուն երկրներից, ես կասեմ` մեր երիտասարդության առաքինությունը, հայրենասիրությունը, տաղանդը…
-Հիշեցի «Ավրորա» մրցանակաբաշխությունը, որին Դուք ևս մասնակցում էիք, ինչ գեղեցիկ խորհուրդ ուներ այն` ցեղասպանություն վերապրածների կողմից մրցանակ է շնորհվում նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգելով՝ փրկում են մարդկային կյանքեր:

-Բարեգործություն ասելով` մենք վաղուց հասկանում ենք մարդկանց փող տալը, մինչդեռ իրական բարեգործությունն այն է, երբ դու տալիս ես` քեզ զրկելով, քեզ վտանգելով: «Ավրորա» մրցանակաբաշխությանը ներկայացված մարդիկ իրենց զրկել են տասնյակ բարիքներից, հարմարավետությունից և սեփական կյանքը վտանգելով են կյանք պարգևել մարդկանց: Բարեգործության ու մարդու այս տեսակը պիտի փրկենք ոչնչացումից: Ու հրաշալի է, որ մենք` հայերս, այս Աստվածահաճո ուղերձը ուղարկեցինք աշխարհին` առաջին քրիստոնյա երկրից, ցեղասպանություն տեսած ժողովրդից: Եվ ամեն տարի մենք ամբողջ աշխարհով մեկ փնտրելու ենք այն մարդկանց, ովքեր բարձր են պահում սիրո ու բարության նշաձողը մեր մոլորակի վրա:

-Դուք նվաճել եք աշխարհի բոլոր հեղինակավոր բեմերը,  Աստված շռայլ է եղել Ձեր հանդեպ ու լիակատար երջանկություն է շնորհել…

– Երբ ես բացում եմ աչքերս ու տեսնում եմ ծագող արևի լույսը, երբ մտածում եմ, որ դեռ ժամանակ ու հնարավորություն ունեմ ինչ-որ մեկին ուրախություն պարգևելու, զգում եմ երջանկության թրթիռը սրտիս մեջ: Մարդու առավելություններն ի վերուստ տրված են` դրանք չունեցողին բաժին հանելու համար: Սա է երջանկության օրենքը: Պետք է տարբերել բարեգործությունը ինքնագովազդից: Այս տարբերության մեջ է ամբողջանում մարդասիրությունն ու սեփական երջանկությունը: Բարեգործությունը ապրելու ձև է, ամենօրյա վարք, երբ դու յուրաքանչյուր հարաբերության մեջ ուզում ես օգտակար լինել քեզ հետ շփվող մարդկանց: Ու այդ մասին չես պատմում երրորդ մարդուն: Մտքովդ էլ չի անցնում, որովհետև դու ապրելու ուրիշ ձև չգիտես:

-Բայց ուրիշին օգնելու, ինչ-որ բան փոխելու համար պիտի հնարավորություն ունենաս:

-Բռնիր աղբը փողոց նետող ձեռքը, բարձրաձայն ասա ճշմարտությունը: Օրինակ՝ ես թույլ չեմ տալիս, որ որևէ մեկը անցնի կարմիր լույսի տակով: Ձեր ակնարկած հզորությունները երբեմն այնքան թույլ են, փխրուն ու երերուն: Ճշմարտությունը ամենահզոր զենքն է, ճշմարիտ ու ազնիվ եղիր ինքդ քո, ընկերներիդ, ժողովրդիդ, երկրիդ առաջ: Ու դու ամենահզորը կլինես:

-Տիկին Պապյան, մեր կյանքի կարևոր հանգրվաններում բոլորս էլ ետ ենք նայում, որ ասենք` ես աշխարհ եկա ու արեցի իմ կյանքի ամենակարևոր գործը, որը մեր ապրած ժամանակի մեջ մի քիչ լույս ավելացրեց:

-Ես եկա ու երգեցի, իհարկե: Բայց իմ կյանքի ամենակարևոր գործերը նոր եմ անելու :

-Տիկին Պապյան, թող իրականանան Ձեր բոլոր երազանքները, քանի որ, վստահ եմ, դրանից հազարավոր մարդիկ կշահեն:

…Հիմա, այս հարցազրույցից հետո, ես պիտի հանդիպեմ մի զինվորի, որ օրերս է զորացրվել, և որը քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի երեք տանկ է խոցել: Ինչ-որ բան ունե՞ք ասելու գյումրեցի զինվոր Շուլի Հակոբյանին:

-Հուզվեցի… Տղա՛ս, ես հպարտ եմ, որ քո հայրենակիցն եմ: Ու մենք ազգովի պիտի ամեն օր ապացուցենք, որ արժանի ենք քո կողքին ապրելու իրավունքին: Թերևս ապրելու այս չափանիշը, որ դու իջեցրել ես սահմանից, ավելի կարևոր է, քան թշնամու խոցված երեք տանկը, քանի որ այս պատգամն ու ոգին հազարավոր տանկերի զորություն են տալու մեզ:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
26.07.2016 թվ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *