ԱՏԵԼՈՒԹԻՒՆ

Posted on April. 11. 2024

Գրեց՝ Ռուբէն Յովակիմեան- Սեն Ռաֆայել

«Ատելութիւնը անհրաժեշտ է գործածել խնայողաբար, քանզի նրա կարիքաւորները բազում են»: 

Շատոբրիան: 

Ատելութիւնը զգացում է, որի բաղադրիչներն են նողկանքը, արհամարհանքը, տհաճութիւնը եւ այլն, ինչ որ հակադրուած է սիրոյ եւ յարգանքին, իսկ հիւանդ հանրութեան մէջ, տարբեր պատճառներով, այն ծնում է բռնութիւն եւ տեռոր, թէ՛ անհատների եւ թէ՛ երբեմն իշխանութեան հեղինակութեամբ: 

Իմաստունները պնդում են, թէ որեւէ մէկին սիրելու համար անհրաժեշտ չէ ստոյգ պատճառ, բաւական է, որ իրար համակրեն, մինչդեռ, ատելու համար անհրաժեշտ են պատճառներ, ապացուցելի փաստեր (argument): 

Ատելութիւնը լինում է անհատական, խմբակային, ինչպէս իշխանութիւն-ընդդիմութիւն, մինչեւ իսկ ազգային մակարդակի, օրինակ հայ-թուրք, հայ-ազերի դարաւոր փոխադարձ ատելութիւնը, օրինակները բազմազան են: Քաղաքակիրթ երկրներում ցոյցեր են լինում տարբեր տեսակի բռնութեան եւ ատելութեան դէմ: Մեր երկրում այն արդարացնում եւ քաջալերում է հասարակութեան մի մասի կողմից եւ երբեմն փորձելով մասնակից լինել: Անհերքելի է, որ ատելութիւնը եւ բռնութիւնը միասին որեւէ խնդիր լուծելու հնար չեն, բայց ցաւօք թաւշեայ իշխանափոխութիւնից յետոյ՝ դարձան համատարած օրինաչափութիւն՝ մանրակրկիտ ծրագրուած ընդդիմադիր ղեկավարների կողմից: Այն անընդմէջ առկայ է ԱԺ նիստերի ընթացքին եւ յատուկ միջոցներով ուղղուած է մեր պետականութեան դէմ. նրա հիմնական պիտակն ու բառապաշարն է՝ դաւաճան, անապագայ, հող ծախող, ապիկար, թուրք եւ այլ բազում խտացուած ու մշակուած բառեր, որոնց միակ նպատակը քաղա- քական հաւասարակշռութեան համակարգային խախտումն է: Ոմանք յամառօրէն չեն մասնակցում ընտրութիւններին, բայց նաեւ չեն հաւատում նրա արդիւնքներին, այդ եւս հոգեկան բաւարարութեան առիթ է եւ նրանք դեռ չեն հասկացել, որ ատելութիւնը չի կարող լինել տարբեր խաւերի ու քաղա- քական խմբաւորումների միջեւ յարաբերութիւնների գործիք եւ նպատակին հասնելու արդար միջոց: Բացառուած է: 

Երիցս զարմանալի, անընդունելի եւ ողբալի է, որ եկեղեցականները զինա- կոչի են ենթարկուել վերոնշեալ կացութեան պայմաններում: Ըստ իրենց կոչումի եւ երդումի համաձայն՝ փոխանակ սէր, հաշտութիւն եւ բարոյականութիւն քարոզելու, սերմանում են մոլի հակապետական վրէժ եւ ատելութիւն: Տեղին է յիշել արք. Աջապահեանը եւ եպ. Գալստանեանը, որոնք միակը չեն, որոնք զօրավարի դիրք են բռնել, ամէնուրեք քարոզում եւ ցոյցերին մասնակցելով գոռում են, թէ արդի ՀՀ այլեւս Հայաստան չէ, այլ Թուրքերն են հրամայում վարչապետին, եւ այնքան կուրացել են իրենց մոլուցքի ոլորանի մէջ, որ կոչ են անում գրոհել եւ բռնութեամբ իշխանափոխութիւն իրագործել: Ի դէպ անցած օրերին Տաւուշի առաջնորդը մեծ միտինգ էր կազմակերպել բնաբան ունենալով՝ չորս գիւղերը յանձնելու արարքին դիմադրելն եւ ամէն գնով վիժեցումը: Այդ երկուսի անունը յիշեցի, բայց բազում են նմանները Հոգեւոր Բարձրագոյն Խորհրդի (ՀԳԽ) անդամներով մէկտեղ, չմոռանալով ճակատին խաչ կրողը, որ ոչ միայն արգելք չի դնում եւ հանդարտեցնում այդպիսի կղերին, այլ քաջալերում եւ ինքը եւս նրանց միանում է մեր պետականութեան հիմքերը խախտելուն: Հայ մամուլի մի տեսակ կայ, ի սփիւռս աշխարհի, որ պարբերաբար ներկայացնում է հոգեւոր արժէքներից հեռու այդ հոգեւորականների յօդուածները, որ ունեն իրենց ընթերցողները եւ խմբագիրները: Աւելորդ չէ յիշեցնել տասներկու դար առաջ եղած ոճիրը, երբ Սիւնեաց աշխարհի հովուապետ Ստեփանոս եպիսկոպոսին սպանեց եւ գլխատեց մի հայ կին, որին նա բանադրել էր անյայտ պատճառներով: Ինչպիսի՜ անկում: 

Արդէն հինգերորդ տարին է, բուռն ատելութիւնը եւ բռնի վերաբերմունքը իշխանութեան, իմա՛ պետական կառոյցի նկատմամբ դարձել է ապրելակերպ ոմանց համար, եւ հակապետական արարքները միայն բանաւոր կամ գրաւոր խօսքով չեն վերջանում եւ այդ ատելութեամբ յագեցած խօսքերը ակամայից տանում են դէպի գործողութիւն, զինուած յարձակումներ, մինչեւ իսկ մահափորձ՝ վարչապետի նկատմամբ, թէպէտ վիժուած: 

Ակնյայտ է, որ բոլոր յարձակումները՝ բանաւոր թէ զինեալ, պետութեան հիմքերը խախտելու նպատակ ունեն եւ ղեկավարւում են ոչ միայն ներսից, այլ նաեւ դրսից եւ ոչ միայն արտաքին ուժերի կողմից, այլ նաեւ երկիրը թալանած եւ հեռուներում հաստատուած մեր տարագիր նախկինների կողմից՝ վերադարձի յոյսերով: 

Ատելութեան մէկ այլ անսպառ աղբիւր է Արցախի ողբալի կորուստի փաստը եւ նրա հրաժարուած եւ ՀՀ ղեկավարութեան միջեւ եղած յարաբերութիւնները: Հեռու մնալով այդ ողբալի կորուստի պատճառներից եւ մեղաւորներից, քանզի բարդ է ու խճճուած, չեմ կարող չնշել, որ հարիւր հազարից աւել տեղահան ազգակից է հիւրընկալուել ՀՀ-ում: Հնարաւորին սահմանում պէտք էր ապահովել բնակարանով, լուծել նրանց զանազան տեսակի կենսական կարիքները, իմա՛ հաշմանդամներ, դպրոցականներ, զառամեալ եւ կենցաղային հազար ու մէկ խնդիրներ, որին յանձնառու եղաւ 

իշխանութիւնը, եւ սակայն ոչ միայն գնահատականի չարժանացաւ, այլ նաեւ դժգոհութիւնները անպակաս են: Ճիշտ է եւ իրաւ, որ արցախցին օտար չէ եւ մենք պարտաւոր ենք օժանդակել ամէն ինչով՝ կարելիութեան սահմանում, բայց նախկին փրկիչների կենտրոնական կոմիտէն բարձր գոռում է թէ՝ «Սատար ենք կանգնելու Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեանը»: Կ՝ուզէի գիտենալ, թէ խորհրդարանում Արցախի դրօշ ծածանող փրկիչները եւ Էջմիածինը ինչո՞վ, ի՞նչ վերաբերմունքով կամ ստոյգ քայլերով սատար եղան այդ տառապեալներին, երբ վերոնշեալ եպիսկոպոսը բարձր ձայնով գոռում էր, թէ իրենք եռագոյնը պիտի ծածանեն ոչ միայն Արցախի, այլ նաեւ Նախիջեւանի վրայ : 

Եկ, վարդապետ, ու մի՛ խենթացիր: 

1/4/24 

Ռուբէն Յովակիմեան- Սեն Ռաֆայել 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *