Posted on June. 21. 2024
Զառա Մարկոսյանը ծնվել է 1983 թ․-ին ք․ Երևանում, 1989-1999թթ-ին սովորել և ավարտել է Վ․ Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը։ Զուգահեռ 1990թ․-ին ընդունվել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական 7 ամյա դպրոց դաշնամուրային բաժին։ Երեք տարի այնտեղ սովորելուց հետո Զարուհին տեղափոխվում է Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց՝ դաշնամուրային և ջազ վոկալ բաժիններ։ Գերազանց ավարտում է այն 2000թ․- ին։ Այնուհետև 2000թ-ին ընդունվում է երաժշտական լավագույն ԲՈՒՀերից մեկը՝ Գնեսինների անվ․ երաժշտական ակադեմիա՝ ջազ վոկալ բաժին։Այնտեղ դեռ ուսումնական տարիների ընթացքում նրան նկատում են տարբեր հեռուստաալիքներից ռեժիսորներ, պրոդյուսերներ և առաջարկում նկարահանել հոլովակներ, ինչպես հեղինակային երգերի այնպես էլ cover երգերի համար, հրավիրում են տարբեր մրցույթ-փառատոնների, որտեղ Զարուհին իհարկե նվաճում է բարձր աստիճանի մրցանակներ։ 2004թ․-ին ակադեմիան ավարտելուց հետո Զարուհին որոշում է դասավանդել։
Սկզբում ունենում է մասնավոր աշակերտներ, այնուհետև ստանում է առաջարկ դասավանդելու իր իսկ ավարտած Չայկովսկու անվ․ երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում, որտեղ իր մշակած ջազ վոկալ ծրագրով կրթում է երեխաներին, վերջիններս էլ ցույց են տալիս մեծ առաջընթաց։
Իսկ հետագայում Զարուհու շրջանավարտները ընդունվում են լավագույն բուհեր։ Զարուհուն սիրում են բոլոր աշակերտները և առ այսօր դիմում են նրան մասնագիտական հարցերով։
Իր կարիերայի ընթացքում Զարուհին հասցրել է ստեղծել իր ջազ բենդը (jazz band), ձայնագրել սկավառակ, հյուրախաղերով մեկնել աշխարհի բազմաթիվ երկրներ, նկարահանել տեսահոլովակներ, դասավանդել և ստանալ “Տարվա լավագույն ջազ երգչուհի>> կոչումը և մասնակցել բարեգործական տարբեր միջոցառումների, հանդիսանալ ֆրանսիայում Պրովանս Արմենի (Provence Armenie) բարեգործական ասոցիացիայի անդամ։
– Զառա, ո՞րն է ձեր ԱՄՆ այցի պատճառը։
– Ես միշտ ցանկություն եմ ունեցել մոտ լինել ջազին, որքանով որ իհարկե դա հնարավոր է, սակայն խիտ գրաֆիկի պատճառով չի ստացվել այցելել ԱՄՆ։ Ուրախ եմ որ իմ խորհուրդներով կարող եմ օգտակար լինել երիտասարդ կատարողներին այստեղ։ Նրանք իմանալով, որ այստեղ եմ գտնվում անմիջապես կապ հաստատեցին իմ հետ, խնդրեցին և առաջարկեցին անցկացնել վարպետության դասեր։
– Գիտենք, որ Երևանում դասավանդում եք։ Կպատմե՞ք մի փոքր։
– Այո իհարկե, մեծ սիրով։ Ես դասավանդելուն մեծ նշանակություն եմ տալիս՝ ասես իմ գիտելիքները հավերժ կյանք են ստանում, շարունակություն են ունենում նոր և ավելի երիտասարդ (ժպտում է Զառան) ջազ վոկալիստների միջոցով։ Ես նրանց մեջ ինձ եմ տեսնում և հաջողության մեծ պոտենցիալ, հատկապես երբ հասնում են հաջողությունների։ Ունեցել եմ բազմաթիվ աշակերտներ Չայկովսկու անվ․ երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրցում, Հայաստանի երգի պետական թատրոնում, Արթուր Գրիգորյանի երգի ստուդիայում, Շառլ Ազնավուրի անվ․ մշակույթի և արվեստի պետական քոլեջում, նաև շատ կոմերցիոն խմբակներում։Միշտ դասավանդել եմ իմ գիտելիքների և փորձի հիման վրա մշակած ջազ վոկալ ծրագրով, որը բաղկացած է բարդ շնչառական վարժություններից, տարբեր ռիթմիկ պատկերներից կազմված իմպրովիզացիաներից, համաշխարհային ճանաչում ունեցող կլասիկ ստեղծագործություններից, և այլ ճանաչված ժամանակակից համաշխարհային հիթերի հարմոնիայի վրա հիմնված նոր երգերից՝ օգտագործելով տարբեր ռեգիստրերի արագ թռիչքներ և քրոմատիկ գամաներ տվյալ ստեղծագորություններում, սկեչ և էլի շատ վարժություններ ընդգծող կատարողի ձայնային տվյալները։
– Դուք լինելով Ձեր դասախոսի սանը կմտածեի՞ք երբևիցե, որ ցանկություն կունենայիք հետագայում փոխանցել Ձեր գիտելիքները մյուս սերընդներին։
– Ուզում եմ նշել, որ իմ առաջին դասատուն իմ տատիկն է եղել՝ Էմմա Անդրևնան, ով ողջ կյանքում դասավանդել է դաշնամուր զուգահեռ մի քանի ուսումնական հաստատություններում։ Հիշում եմ ստիպում էր մի քանի ժամ պարապեի, երբ իմ հասակակիցները բակում խաղում էին, ես հետո հասկացա թե որքան կարևոր էր դա իմ համար։ Ինչևիցե․․․ մեր մեջ կար պարզ և բարի կապ։ Ցավոք նա այլևս մեր հետ չէ։ Իսկ երբ մրցույթներից մեկում ես ծանոթացա իմ ապագա դասատուի հետ, ով իմ մեջ նկատեց մեծ տաղանդ, իմ մոտ տպավորություն էր, որ ես անպայման ասելիք կունենամ իմ բնագավառում։ Նրա մեծ նվիրումը,գիտելիքները մոտեցումն ու մեթոդիկան ստիպեցին որպեսզի ես սիրահարվեմ իմ մասնագիտությանը։ Եվ ես շարունակեցի նրա գործը և սիրով մինչ այժմ կրթում եմ երեխաներին։
– Զառա ջան իսկ մրցույթների մասին ինչ կասեք
– Ճիշտն ասած ես այնքան էլ չեմ սիրում մրցույթներ, հատկապես երբ դրանք կրում են կոմերցիոն բնույթ։Ես կարծում եմ, որ ոչ միշտ է արդար գնահատվում մասնակիցը։ Բայց իմ սաներին հորդորում եմ մասնակցել մրցույթների, որովհետև բացի պատշաճ հանդես գալուց և փայլելուց պետք է փորձ ձեռք բերեն և կոփվեն բնավորությամբ՝ ձգտելով էլ ավելի կատարելագործվել։
– 2004 թ-ին ձայնագրեցիք սկավառակ ‘’Jazz with me’’ խորագրով, ո՞վ էր այդ գաղափարի հեղինակը։
– Առաջատար բանկերից մեկը իր հյուրերին հաճախ հրավիրում էր Մալխաս Ջազ-Ակումբ, որտեղ ես ելույթ եմ ունեցել մոտ 12 տարի իմ բենդով։
Հերթական ելույթներից մեկի վերջում ինձ մոտեցավ բանկի տնօրենը և առաջարկեց ձայնագրել սկավառակ։ Ես իհարկե մեծ ուրախությամբ ընդունեցի այդ առաջարկը։ Իսկ սկավառակի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ քաղաքի լավագույն music hall-երից մեկում, բանկի տնօրենը խոստովանեց, որ իրենց հյուրերն այնքան հիացած են ստեղծագործությունների իմ մեկնաբանությամբ, վաղուց ճանաչում ստացած միջազգային հիթերի և թե ջազ ստանդարտների կատարմամբ, որ շատ կուզենային սկավառակի տեսքով դրանք ունենալ, գոնե դրանցից մի քանիսը։
Սկավառակում ընդգրկված են ինչպես արևմտյան, լատինոամերիկյան հիթերի, միջազգային ջազ ստանդարտների, այնպես էլ հին հայկական հիթերի cover տարբերակներ։ Սկավառակի հետ կապված հիշում եմ մի զավեշտալի պատմություն։ Իմ ծանոթներից մեկի զարմիկը (փոքր երեխա) իմ կատարումները լսելով փորձում էր կրկնօրինակել իմ երգած դժվար մի հատված, և անընդհատ կրկնում էր այն, իսկ բարեկամները ձայնագրում էին կամ տեսագրում և այն ուղարկում ինձ։ Իսկ ինձ շատ հաճելի էր, երբ իմ արվեստը գնահատում էին նաև երեխաները։
Եվ վերջում շատ կուզեի նշել, որ ինձ մոտ մնացել է ընդամենը մեկ սկավառակ, իսկ մնացածը գտել են իրենց հասցեատերերին։