Գուրգեն Մուրադյան` պատմաբան, դասախոս
Արսեն Նազոյան՝ քաղաքական մեկնաբան
Էդուարդ Էնֆիաջյան՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակից, հետախույզ
Վան Ահարոնյան՝ պատմաբան, հայագետ, Արցախյան երկրորդ եւ ռուս-ուկրաինական պատերազմների մասնակից
Գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արծրուն Հովհաննիսյանը մտավորական զինվորական է, ով ողջ կյանքը նվիրել է ռազմական գիտության զարգացմանը և տարածմանը ՀՀ ԶՈւ-ում։ Դեռ կուրսանտական տարիներից(1997-2001 թթ․) Արծրուն Հովհաննիսյանը Վ․ Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայում հիմնադրում է «ՄԻՏՔ» ռազմագիտական կուրսանտական խմբակը, հեղինակում է տարբեր ռազմամասնագիտական հոդվածներ, կազմակերպում է գիտագործնական կոնֆերանսներ։
Հետագա տարիներին, արդեն որպես սպա շարունակում է իր գիտական գործունեությունը, որի շրջանակներում անդրադառնում է ինչպես տարատեսակ ու փոքր թվացող զինատեսակների մշակմանը, մարտավարական փոքր փոփոխություններին, այնպես էլ ժամանակի ընթացքում հասնելով մինչև տեսական բարդ խնդիրների առաջքաշմանը։
Որպես ռազմական տեսաբան՝ Արծրուն Հովհաննիսյանը, դեռ 2009-2010 թթ. Սկսած, իր աշխատություններում ու հոդվածներում [1] պատմահամեմատական և անալիտիկ մեթոդներով, ռազմարվեստի տեսության զարգացման հիմնարար չափորոշիչներով քննադատության է ենթարկել խորհրդային ռազմագիտական դպրոցը` նշելով այդ դպրոցի թերություններն ու խոցելի տեղերը մեզ համար, առաջ քաշելով մի շարք նորարարական հայեցակարգային լուծումներ։ Արծրուն Հովհանիսյանը արդեն 2009 թ․ «Մի քանի հարցեր ավիացիայից» [2] աշխատությունում անդրադառնում է համազորային մարտի ճգնաժամին, դրա թվայնացման անհրաժեշտությանը, ճշգրիտ զենքերի, ԱԹՍ-ների կարևորությանը և մի քանի այլ հիմնախնդիրների։ Շեշտադրում է ժամանակակից ինքնագնաց հրետանու կարևորությունը, հրետանու և ԱԹՍ-ների փոխկապվածությունը, արագաշարժ միավորների առավելությունը դիվիզիաների նկատմամբ և այլն։ Ցավոք, սակայն, այդ առաջարկները չեն գտնում իրենց արձագանքը ոչ զինվորական միջավայրում, ոչ հասարակական ռազմամասնագիտական վերլուծական տիրույթում։
Մեկ այլ կարևոր աշխատությամբ՝ «Օդային գերակայություն» [3] խորագրով, հիմնավորել է օդային գերակայության դերը որպես հաղթանակի հիմնական գրավական։ Պնդել ու հիմնավորել է կործանիչ օդուժի կարևորությունը՝ այս հարցին հատկացնելով առանձնահատուկ մեծ ուշադրություն։ Առաջին անգամ հայ իրականության մեջ այս աշխատությունում առաջ է քաշել այն կարևորությունը, որ հայկական ՌՕՈՒ-ի համար լավագույն տարբերակը(եթե չհաշվի գումարային խնդիրները) ամերիկյան նորագույն «F-35»-ն է։ Ըստ հեղինակի՝ կործանիչն աշխարհում միակն է, որն ունի մեկ շարժիչ, միաժամանակ ուղղահայաց թռիչք-վայրէջքի հնարավորություն, որոնք իդեալական են մեր ռելիեֆին։ Նման հատկանիշներով այն մեզ համար դառնում է անփոխարինելի։ Այս առումով ավելորդ չի թվում պարզաբանել, որ ՀՀ-ում օդանավակայանային ցանցի սակավության պատճառով «F-35»-ի ՈՒԹՎ-ի հնարավորությունն ուղղակի անփոխարինելի է մեզ համար։
Դեռ 2010 թ․ հեղինակը նշված աշխատությունում ընդգծում էր՝ մենք՝ հայերս, առաջինը պետք է անցնենք տեխնոգեն պատերազմների, քանի որ մեր մարդկային ռեսուրսները խիստ սահմանափակ են։ Նոր պատերազմների այս դարաշրջանում, ելնելով այդ պատերազմներում ունեցած իրենց նշանակությունից, մենք նախ և առաջ պետք է հոգանք ՕՀՄ-ների զարգացման մասին։ Այս մտքերը նույնպես մեղմ ասած անտեսվել են, ուղղակի չեն նկատվել ոչ մեկի կողմից։
«Տարածաշրջանի ռազմականացումը և հայոց բանակը» [4] ուսումնասիրությունում գնդապետ Հովհաննիսյանը կարևորում է, որ Հայաստանում պարտադիր պետք է վերականգնել ավիադպրոցը, որն ակտիվորեն կպատրաստի ավիասպորտսմեններ, սիրողական օդաչուներ. այս ամենը պետական ծրագրի շրջանակներում և ոչ վճարովի: Որպես սպորտ և առողջ ապրելակերպ՝ այն կլինի շատ ձգող և գրավիչ, որպես նմանվելու օրինակ՝ շատ վարակիչ, իսկ որպես սերնդի դաստիարակման միջոց՝ հիանալի տարբերակ:
ՊՆ-ի կամ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում անհրաժեշտ է ստեղծել Ռազմարվեստի գիտահետազոտական փորձարարական ինստիտուտ- թանգարան: Վերջինս պետք է զբաղվի պատերազմների պատմության, ռազմարվեստի, մարտավարության ուսումնասիրությամբ, զինվորական հանդերձանքի որոշ բաղկամասերի, ինչու չէ նաև սպառազինությունների որոշ տեսակների մշակմամբ և այլն: Ռազմական ինստիտուտներում գործող գիտական խորհուրդներին պետք է հզորացնել այնքան, որ կարողանան միայնակ կամ վերը նշվածների հետ համատեղ թեմաներ պատրաստել և գիտական կոչումներ շնորհել զինվորականներին: Ներկայումս այս գործն իրենց վրա են վերցրել մի քանի էնտուզիաստներ, որոնք, հաճախ տիրապետելով հանդերձ անհրաժեշտ ոլորտի բավականին լուրջ գիտելիքների, չեն կարողանում գործել համակարգված, իսկ պետական մակարդակով նրանց գործունեությունը ոչ միայն չի ուղղորդվում ու չի ստանում որևէ այլ օժանդակություն, այլև տարաբնույթ կազմակերպչական խնդիրների պատճառներով հաճախ նույնիսկ խոչընդոտվում է։ Այս աշխատությունը նրա առաջին աշխատությունն է, որտեղ հեղինակն առաջ է քաշում ԶՈւ-երի զարգացման համազորային խնդիրներ. մասնավորապես՝ պաշտպանության կազմակերպման հարցերը, մոբիլիզացիայի կազմակերպման հարցերը եւ այլն։
Սրանցից բացի, Արծրուն Հովհաննիսյանը նաեւ իր հոդվածներում(սկսած 2009-2016թթ) մշտապես բարձրացնում է բանակի արդիականացման, վերազինման, կառվարման համակարգի թվայնացման, մոբիլիզացիայի կազմակերպման, համապարփակ անվտանգային համակարգի ներդրման եւ այլ հարցերը։ Այդ հոդվածների ցանկը առանձին տես տեքստի վերջում։
Նա իր աշխատություններում և հատկապես ՑՀԿ պատերազմի տեսության մեջ հիմնավորել է օդային գերակայության վեց կանոնները` իր կանոնները [5]։ Այս կանոնների մասին հրատարակված անգլիալեզու հոդվածներում, որոնք տպագրվել են հնդկական և բրիտանական հանդեսներում, նա վերջին մոտ քառորդ դարի փորձով հիմնավորել է, որ այդ կանոնների ապահովումը բերում է հաղթանակ և, ցավոք, անգամ մեր դառը փորձը հաստատում է նրա տեսական ճշմարտացիությունը։
Արծրուն Հովհաննիսյանն առհասարակ իր բանավոր խոսքում ռազմագիտական հարցերին 2010-2020 թթ. անդրադառնում է մի փոքր զգույշ ու շերտավորված, ասելիքը հաճախ տողատակերում է, սակայն հոդվածներում ու աշխատություններում դրանք ավելի բաց են, հիմնավոր ու փաստարկված։ Որպես ՀՀ ՊՆ խոսնակ՝ նրա բանավոր հանրային խոսքը երբեմն ավելի զգուշավոր էր։
Զուտ ռազմական ռազմավարության տիրույթում Արծրուն Հովհաննիսյանը՝ որպես տեսաբան, դեռ տասը տարի առաջ պնդում էր, որ միայն պասիվ պաշտպանությամբ հնարավոր չէ սպասվելիք պատերազմում հասնել հաղթանակի [6]։ Սկզբից զգուշավոր, հետո ավելի բաց խոսում է այն մասին, որ հարձակումը հաղթելու միակ տարբերակն է և ՀՀ ԶՈւ-երը պետք է փոխեն իրենց մոտեցումը ապագա պատերազմի հարցում։ Արդեն 2019 թ. վերջինս այս տեսակետը վերածում է առանձին «Հարձակման Սիմֆոնիան» կամ ջախջախման պատերազմի հասունացումը ռազմարվեստում» աշխատության, որտեղ պնդում է, որ հարկավոր է պատրաստվել հարձակողական պատերազմի [7]։
Աշխատությունն ունի բավականին հստակ գործնական նշանակություն։ Դրան նպաստող ամենամեծ գործոնը հեղինակի պարզ շարադրման ոճն է։ Գիրքը պարունակում է ռազմարվեստի ստեղծման ու զարգացման տարբեր ակնարկներ, որոնք շարադրված են ժամանակագրական կարգով և նվիրված այնպիսի ռազմական իրադարձություններին, որոնք մինչև օրս բավարար ուսումնասիրված չեն գիտական ոլորտում։
Նշանակալի է ռազմավարների և ռազմական տեսության ակնառու ներկայացուցիչների գործունեության պատկերումը, նրանց, ովքեր վայելել են հաղթանակի բերկրանքը, կրել պարտությունների դառնությունը և դավաճանության տառապանքը։
Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է ռազմավարության ու օպերատիվ արվեստի մի շարք հիմնահարցերի, մասնավորապես՝ նա դեռ 2016-2017 թթ. անդրադառնում է պատերազմասերունդների հարցին` առաջ քաշելով սեփական մոտեցումը, որի հիմնավորումները ուշագրավ են։ Պատերազմասերունդների՝ Հովհաննիսյանի մեթոդոլոգիայի հիմքում դրված են քաղաքակրթական զարգացման ավելի հիմնավոր և խորքային գործոններ [8]։ Նույն ժամանակ, Արծրուն Հովհաննիսյանն առաջ է քաշում ցանցահարթակակենտրոն պատերազմի (ՑՀԿ) տեսությունը, որում պնդում է օդուժի և ՀՕՊ զորքերի միավորման անհրաժեշտության, ճշգրիտ զենքերի, էլեկտրակրակային օպերացիաների, ավտոմատացված կառավարման համակարգերի, արհեստավարժ զորքերի և այլ երևույթների մասին [9]։
Օդային գերակայության հիմնահարցը
Իր ծավալուն «Ռազմարվեստ» երկհատորյակի առաջին՝ «Օդային գերակայություն», [10] հատորում հեղինակը, վերլուծելով համաշխարհային ռազմարվեստի պատմությունն ու հատուկ շեշտադրում կատարելով 20-րդ դարի պատերզամների վրա, հաջողակ փորձ է կատարել ոչ միայն գնահատելու և հասկանալու ներկայում մեր տիպի ազգերի ու պետությունների առջև վեր հառնող մարտահրավերները ռազմատեսական ու ռազմական շինարարության բնագավառում, այլեւ կանխատեսում է ապագա պատերազմների հնարավոր բնույթը, ինչը թույլ կտա մեզ մեր հակառակորդներից միշտ մեկ քայլ առաջ գտնվել։
Աշխատությունում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվում ինչպես ցանցակենտրոն գործողություններն ու պատերազմները, այնպես էլ հեղինակի առաջ քաշած ցանցահարթակակենտրոն պատրեազմները։ Հարթակը հիմնականում վերաբերում է հարվածող միջոցներին, իսկ ապագայում գրեթե բոլոր հարվածային միջոցները մոդուլային են լինելու, ինչը ենթադրում է հարթակահիմք։ Ըստ հեղինակի՝ այսօր անցած սերնդի պատերազմներից դեռ կիրառվում են շատ զինատեսակներ, սակայն կարճ ժամանակ անց դա կվերանա։ Այն կապված է նաև պատերազմի բարձրագույն մակարդակի՝ տնտեսաքաղաքական հիմքի հետ։ Ավելի ձեռնտու է ուղղակի ստեղծել բազմահիմք, մոդուլային սարքեր, իսկ հետագայում՝ նանոտեխնոլոգիաների միջոցով նաև վերափոխվող հարթակներ։
ԱԹՍ-ների կարևորության մասին հստակ պարզաբանում է, որ նրանց մասնակի կիրառությունը սահամանափակ ստորաբաժանումների կամ ստորաբաժանման կողմից սահմանափակ տարածքում և ժամանակում կոնկրետ տեղեկատվություն ստանալու համար մեր փոքր տարածաշրջանում կարող է զգալիորեն բարձրացնել տվյալ ստորաբաժանման և նույնիսկ ամբողջ զորամիավորման մարտական հնարավորությունները։ Օրինակ՝ մեր տարածաշրջանում անհրաժեշտ է մեկ համազորային զորամիավորմանն ապահովել անընդհատ հետախուզական ստույգ տվյալներով ռազմաճակատի ամբողջ երկայնքով և խորությամբ։ Ներկայում գոյություն ունեցող և բազմիցս կիրառված ԱԹՍ-ներն ապացուցել են այդ հնարավորությունները։
Ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության այլ ուղիների հարցը
Դեռ 2010-2013 թթ. Հեղինակը, առանց որևէ քաղաքական անդրադարձերի, զուտ գիտական չափորոշիչներով հիմնավորում է իր «Մի քանի հարց Ավիացիայից» [11] գրքում, որ ՀՀ ԶՈւ-երի համար ռուսական ռազմագիտական դպրոցն արդեն հնացած է և չի կարող մեզ համար ուղեցույց լինել, հատկապես օդային գերակայության ու գործիքակազմի հարցերում։ Հետևաբար, ըստ նրա առաջարկի, հարկավոր է զարգացնել համապատասխան հարաբերություններ աշխարհի առաջատար երկրների հետ։ Սակայն ուշագրավ է, որ տարիներ անց մեկ այլ աշխատությունում՝ «Տարածաշրջանի ռազմականացումը և Հայոց Բանակը» [12] գրքում, նա այդ հարցում բացի առաջատար երկրներից նշում է նաև Հարավային Կորեայի, Շվեդիայի, Հնդկաստանի ռազմագիտական դպրոցների ու ռազմարդյունաբերության մասին։ Այս հարցերում նա անգամ թվարկում է կոնկրետ ուղղություններ ու զինատեսակներ, որոնք կարող են Հայաստանի Հանրապետության համար լինել հեռանկարային։
Արծրուն Հովհաննիսյանն իր աշխատություններում, հոդվածներում դեռ 2013-2015 թթ. առանձին քննարկել է մի շարք արդիական ռազմագիտական խնդիրներ, որոնք հատկապես սուր դրսևորվեցին Արցախյան քառասունչորսօրյա, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմներում։ Դրանցից են՝ ռազմավարական օբյեկտներին հասցվող հարվածների արդյունավետության խնդիրը, պաշտպանական բնագծերի ճեղքման խնդիրները, նոր մարտավարական ստորաբաժանումների, մասնավորապես գումարտակային մարտավարական խմբերի կիրառման մասին, ժամանակակից պատերազմներում ուժերի լրահամալրման ժամանակի խնդիրը և այլն [13]։
Իր «Ռազմարվեստ» երկհատորյակի երկրորդ՝ «Ցամաքային ճեղքում» [14] հատորում, գնդապետ Հովհաննիսյանն առաջ է քաշում պատերազմասերունդների դասակարգման նոր մոդել։ Հեղինակն ամբողջ 20-րդ դարի և ընթացիկ 21-րդ դարի պատերազմների վերլուծության հիման վրա գալիս է եզրահանգման, որ ժամանակակից օպերատիվ արվեստը մտել է փակուղի, ճշգրտորեն առաջ է քաշում այդ փակուղուց դուրս գալու ուղիներ։ Այս հատորն առաջին հատորի տրամաբանական շարունակությունն է։ Բազմակողմանի գնահատականներ են տրված Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կիրառվող ռազմական գործողություններին, զարգացման տրամաբանությանը, հիմնական առանձնահատկություններին, տնտեսաքաղաքական և սոցիալական տարբեր կողմերին։ Հետաքրքիր է հեղինակի դիրքորոշումը ժամանակակից օպերատիվ արվեստի խնդիրների, էլեկտրոնային մարտերի, ռազմագործողությունների և ցանցահարթակակենտրոն պատերազմների գաղափարներին։ Աշխատությունն ունի բավականին գործնական նշանակություն։ Դրան նպաստող ամենամեծ գործոնը հեղինակի պարզ ու հստակ պատերզամների ընթացիկի շարադրումն է։
Մարտական գործողությունների ծանրության կենտրոնը վաղուց գետնից շարժվում է դեպի երկինք:
Այս պարզ ճշմարտության ընկալումը կարող է հաղթանակներ ու գերակայություն ապահովել ապագայում և հակառակը՝ կորուստներ պատճառել այն չընդունելու պարագայում: Նման դառնությունները մենք մեզ թույլ տալու հնարավորություն չունենք: Մեզանում, որպես կանոն, ուշադրություն է դարձվում ցամաքային զինատեսակների և զորատեսակների զարգացմանը, իսկ ԹՍ-ների, ՕՀՄ-ների զարգացումը թերի է կամ լավագույն դեպքում լիովին արտացոլում է ռուսական ընդհանուր մոտեցումը: Այդպիսի ուշադրությունն ՕՀՄ-ների նկատմամբ չի կարող լինել բավարար, քանզի այս զինատեսակները կարևոր են և օրեցօր նրանց դերն ու նշանակությունը ավելի է մեծանում: Ռուսաստանյան ամենահեղինակավոր մասնագետներն անգամ հայտնում են այն կարծիքը, որ ավիացիայի նկատմամբ իրենց ուշադրությունը բավարար չէ, ավիացիայի գալիքն ԱԹՍ-ներն են, իսկ ներկայումս ԱԹՍ-ների կիրառության հիմունքները դեռ վերջնականապես հաստատված չեն: Որպեսզի հասկանաս նման սարքերի դերն ապագա պատերազմներում, անհրաժեշտ է պատկերացնել ապագայի պատերազմների մոդելը:
Միգուցե երբեք պատերազմները չվերածվեն ֆանտաստիկ ֆիլմերի, ամենակատարյալ ռոբոտն անգամ չի կարող փոխարինել մարդուն, քանի որ ոչ մի ռոբոտ ստեղծագործաբար չի կարող մտածել, իսկ դա մարդուն շահեկանորեն տարբերում է ցանկացած մեքենայից: Սակայն հուսալի և արագագործ համակարգերը կարող են մարդուն բավականին օգնել մարտի դաշտում: Յուրաքանչյուր դարաշրջանում գերակայող մի զորատեսակ իր նշանակությամբ թելադրում է մարտավարության ձևաչափը: Փոխվում է պատերազմի վարման ավանդական պատկերացումը, գալիս են նոր գաղափարներ և մոտեցումներ: Հարկավոր է ճիշտ հասկանալ նրանց շունչը և ոչ թե սպասել այդ փոփոխություններին: ԱԹՍ-ները միայն նոր տեսակի ԹՍ-ներ չեն, դրանք գալիք պատերազմներում նոր տեսակի ավիացիա են, ցավոք, այս պարզ ճշմարտությունը մինչ օրս հասկացել են շատ քչերը։
«Ռազմարվաստ»-ի երկրորդ հատորում հեղինակը նորից անդրադառնալով ՑՀԿ-ին, պնդում է, որ ՑՀԿ պատերազմներում ղեկավարման համակարգի համար կադրերի պատրաստման և որակի հետ մեկտեղ մեծ կարևորություն ունի անխափան ու բազմուղի կապը։ Դեռ ԱՀՊ-ից հետո գերմանական ռազմական միտքը մեծ ուշադրություն էր դարձնում այս հարցին։ Գծալարային կապի հետ մեկտեղ մեծ զարկ տրվեց ռադիոկապին ու միաժամանակ դրա օգտագործման անվտանգությանը։ Ըստ Հովհաննիսյանի՝ մարտական գործողությունների վարման ու հարվածների հերթականությունն ըստ նշանակետերի կարևորության չի փոփոխվում․ դրանք նույն են արդեն մոտավորապես 20 տարի է։ Առաջնային հարված է հասցվում հակառակորդի հետախուզական, ղեկավարման, կապի և այլ համակարգերին, որպեսզի նա զրկվի կազմակերպված հակազդեցության հնարավորությունից։ Հաջորդ հարվածը հասցվում է հակառակորդի օդային ու հակաօդային համակարգերին, այսինքն՝ ապահովվում է օդային գերակայություն [15]։
«Ցամաքային ճեղքում»-ում անդրադառնալով հիբրիդային պատերազմներին, հստակ ձևակերպում է վերջինս. հիբրիդային պատերազմը հին ու նոր, կանոնավոր և դեռ անկանոն մարտական գործողությունների ու կիրատված մեթոդների և միջոցների ամբողջությունն է, որ տվյալ դեպքում կիրառվում է որպես ժամանակավոր լուծում։ Ըստ բնույթի՝ հիբրիդային պատերազմներն այսօր բաժանվում են երկու դպրոցի՝ արևմտյան և ռուսական, որոնց տարբերությունը շատ բնականորեն ավելի մեղմ մեթոդների ծավալն է։ Ռուսական դպրոցը մեղմ մեթոդներն ավելի քիչ է ընդունում։ Կանոնների հիբրիդայնության հարցն առնվազն ոչ պակաս կարևոր է։
Բարդակազմ պատերազմների տեսությունը
Ներկայում այս միաձուլման, փոփոխության անկանոնի հղկումը դեպի կանոնավոր երևույթի խնդիրը ծնել է նոր գիտական վեճեր։ Այդ պատճառով է, որ ռազմագիտական տիրույթում, դրանով պայմանավորված, հնարել են «բարդակազմ պատերազմներ» տերմինը, որի մասին հեղինակը ընթերցողի դատին է հանձնել նոր աշխատություն։
Արծրուն Հովհաննիսյանի վերջերս լույս տեսած գրքում՝ «Բարդակազմ/բազմաշերտ պատերազմի տեսություն․ 6-րդ սերնդի պատերազմի համառոտագիր»-ում [16], ցույց է տրված, որ ռազմական գիտելիքը վճռական գործոն է դառնում պետությունների միջև՝ աշխարհում տեղեկատվական վերահսկողության և իշխանության համար մղվող պայքարում։
Արծրուն Հովհաննիսյանի այս աշխատանքը զեկույց է ռազմական գիտելիքի, բազմաշերտ պատերազմների բնույթի և հասարակության և պետական քաղաքականության մեջ դրա կարգավիճակի փոփոխության մասին: Այն բանի մասին, թե ինչ ձևաչափով է ստեղծվում, կազմակերպվում, տարածվում և օգտագործվում պատերազմների նոր հայեցակարգերը թվային դարաշրջանում ժամանակակից հասարակություններում։
Աշխատությունը մասնավորապես արձանագրում է ռազմական տեխնոլոգիական արդյունավետության, հաշվարկի և վերահսկողության դերն արդի աշխարհում։
Մի շարք տեսությունների, մասնավորապես, «կիբերպատերազմը» և կիբեր-գործողությունները, էլեկտրոկրակային մարտը և օպերացիան, օդացամաքային մարտը և օդածովային ռազմագործողության տեսությունը, ցանցահարթակակենտրոն գործողությունները, տեղեկատվական «պատերազմը» և այլնի էվոլուցիան «Բարդակազմ/բազմաշերտ պատերազմի տեսության բավականաչափ հստակ արտացոլված է այս գրքում, որն ընթերցողին, պատկան մարմիներին հնարավորություն է տալիս մեր պետության անվտանգության ապահովման համակարգի զարգացումը մշակելիս ոչ թե գործել աստիճանական զարգացման սկզբունքով, այլ հեղափոխական փոփոխությունների ճանապարհով։
Արծրուն Հովհաննիսյանը փորձում է նպաստել այն ըմբռնողությանը, որ մեր երկրում հարկավոր է նախ վերադաս գերատեսչական մարմին, որը կենթարկվի ուղիղ երկրի ղեկավարին, որը կարող է լինել ԱԽ կազմում կամ գործել առանձին։ Միաժամանակ այդ գործառույթի ֆունկցիոնալ մարմիններ պետք է լինեն նաև ուժային գերատեսչություններում և բոլոր այն գերատեսչություններում ու օրգաններում, որոնց գործողությունն այս կամ այն չափով առնչվում է պետական կառավարման համակարգին և երկրի անվտանգությանը։
Այս գրքում Հովհաննիսյանը ուշագրավ հարցեր է բարձրացնում ժամանակակից ռազմական տեսությունների մասին։ Նա ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ վեցերորդ սերնդի բազմաշերտ պատերազմ վարելու հնարավորություն ունեցող պետություններն անհնրաժեշտության դեպքում պետք է ունակ լինեն վարելու նաև նախորդ սերունդների որոշ գործիքակազմերով [17]։
Այս առումով ավելորդ չի թվում պարզաբանել, որ ապագայում զինատեսակները կլինեն արհեստական բանականությամբ, ինչը թույլ կտա հետախուզության և հարվածի խնդիրներն ավտոմատացնել։ Հարթակ հանդիսացող զենքերը կունենան իրենց նշանակետերի ցանկը և համապատասխան շրջանում ազատորեն որս կկատարեն՝ հրամանատարին ազատելով ավելորդ որոշումներից, իսկ այդ ամենի արդյունքները հրամանատարին կզեկուցվեն ցանցի միջոցով։
Շատ ուշագրավ է այն փաստը, որ «Բարդակազմ/բազմաշերտ պատերազմ 6-րդ սենդի պատերազմի համառոտագիր»-ում հեղինակը բացահայտում է, որ պատերազմական ռազմավարական շերտերը նաև ոչ ռազմական և անգամ ոչ պետական կառույցներն ու կազմակերպություններն են։ Հարկ է նշել, որ պատերազմի նման տեսակներին մասնակցում են բլոգերները, գեյմերները, հասարակական տարբեր կազմակերպությունները և հասարակության բոլոր շերտերը, որոնք անգամ կոմբատանտ չեն էլ դառնալու։ Բարդակազմ/բազմաշերտ պատերազմի գործիքակազմով պետության կենսունակության կազմաքանդման համար կիրառվում են այնպիսի գործիքակազմեր, որոնք տեղավորվում են «Soft Power» տրամաբանության մեջ՝ խաղաղապահներ, արտաքին տնտեսական եւ այլ ազդեցություններ, տվյալ էթնոսի հետ կապ ունեցող կեղծ բարերարներ եւ այլն, նարատիվներ, գաղափարական եւ մոդայիկ հասկացողություններ։ Այս ամենը մենք տեսնում ենք հենց ՀՀ-ն վրա կիրառվող գործիքակազմերում, որը հաճախ անվանում ենք հիբրիդային պատերազմ, ինչը հենց Բարդակազմ/բազմաշերտ պատերազմի մի մասն է արդեն։
Միանգամայն կանխատեսելի է այն հանգամանքը, որ տարածքների, այնուհետև հումքի ու էժան աշխատուժի տնօրինմանն ու շահագործմանը տիրելու համար կռվող ազգ-պետությունները ապագայում արդեն կպայքարեն իրար դեմ տեղեկատվության տիրապետման համար։
Հեղինակը նշում է, որ ներկայում ավել ու ավելի նկատելիորեն խորանում են ճեղքերն այն երկրների միջև, որոնք անուղղակի կամ ուղղակիորեն կախված են կիրառվող արտադրական միջոցներից և պետական կառավարման համակարգի արդիականցման աստիճանից։ Այդ ամենը քաղաքացու և պետության լրիվ նոր իրավահարաբերություններ է սահմանելու՝ ստեղծելով ազատ, ստեղծարար միջավայր, որն էլ, բնականաբար, ազդելու է պատերազմի բնույթի վրա [18]։
Վճռական է այն փաստարկումը, որ ռուսական, չինական, պարսկական և բռնատիրական այլ համակարգերի զինված ուժերը չեն կարող թռիչքային զարգացում ունենալ կարճ ժամանակահատվածում։ Բանակների անհաջողությունները քաղաքական և տնտեսական գործընթացներից կտրված երևույթներ չեն, ինչպես նշում է հեղինակը։
Արծրուն Հովհաննիսյանի մոտեցումը «Բազմաշերտ պատերազմին» տարբերվում է դասական ռազմական վերլուծություններից նրանով, որ այն չի դիտարկում պատերազմը որպես մեկ հարթության գործողություն․ հեղինակը փորձել է համադրել ռազմավարական մտածողությունը ոչ միայն ռազմական տեսության շրջանակներում, այլև պետական համակարգի դիմակայության կարողությունների ամբողջական մոդելի վրա՝ փոխարինելով դասական պատերազմների ընկալումը նոր, անընդհատ, բազմաֆորմատ և հիբրիդային պայքարի պատկերացմամբ։ Հեղինակը փաստում է, որ ժամանակակից հակամարտությունները ձևավորվում են միաժամանակ մի քանի ճակատներում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տրամաբանությունը, գործիքակազմը և ազդեցության մեխանիզմները։ Հիմնական առանցքը քաղաքական և քաղաքացիական հետընթացի, ժողովրդավարական ինստիտուտների քայքայման ու այդ գործընթացի հոգեբանական, սոցիոլոգիական և ինստիտուցիոնալ պատճառների բացահայտումն է։ Հեղինակը միավորում է պատմական օրինաչափությունները և ժամանակակից միջազգային փորձը՝ ցույց տալու, թե ինչպես են նույնիսկ կայացած ժողովրդավարությունները հաճախ խոցելի լինում քաղաքական ճգնաժամերի և ավտորիտար միտումների նկատմամբ։ Այն փաստարկված ձևով ապացուցում է, որ քաղաքական և քաղաքացիական համակարգերի կայունությունը միայն օրենքների կամ տնտեսական բարեկեցության վրա չի հիմնվում, այլ ամրապնդվում է, երբ գոյություն ունի հասարակության լայն մասնակցություն, անկախ ինստիտուտների պահպանում և ժողովրդավարական արժեքների խորապես արմատավորված մշակույթ։
Այս աշխատությունը կարող է օգտակար լինել ոչ միայն ռազմական մասնագետների, այլև պետական կառավարման, անվտանգության, մեդիա և դիվանագիտական ոլորտների զարգացման համար։ Հեղինակի մոտեցումը համադրելի է միջազգային ռազմական գիտության և պրակտիկայի ժամանակակից տենդենցների հետ, սակայն առանձնահատուկ արժեք է տալիս հայաստանյան կոնտեքստի վրա հիմնված վերլուծությունը։ Գիրքը ձևավորում է նոր հայեցակարգային շրջանակ, որը կարող է կիրառվել ինչպես ռազմական ռազմավարության, այնպես էլ ազգային անվտանգության ընդհանուր պլանավորման համար։ «Բազմաշերտ պատերազմ» մոդելը կարևորում է, որ պետության պաշտպանունակությունը չափվում է ոչ միայն բանակի հզորությամբ, այլև տեղեկատվական, հասարակական, տնտեսական, կիբեր և դիվանագիտական դիմադրողականությամբ։ Այս մոտեցումը կարող է դառնալ հիմք ամբողջական ազգային դիմակայողականության կառուցման համար, հատկապես այնպիսի փոքր պետությունների պարագայում, ինչպիսին Հայաստանն է։
Աշխատությունը մեզ կենտրոնացնում է հետևյալ եզրակացույթան վրա, որ նախ և առաջ ժողովրդավարությունը ինքն իրեն չի պահպանվում․ այն պահանջում է մշտական հոգատարություն, գրագետ մասնակցություն և կրթված ընտրազանգված, հակառակ պարագայում հետընթացը կարող է լինել անտեսանելի՝ աստիճանաբար քայքայելով հակակշիռների և վերահսկողական համակարգերը, հանգեցնելով ազատությունների սահմանափակմանը, ինչի արդյունքներն ու հետևանքները կարող են լինել միայն կործանարար։ Հետևաբար, կարելի է ձևակերպել կիրառական հետևություն․ եթե հասարակությունը ցանկանում է պահպանել իր քաղաքական ազատությունները և կանխել ինստիտուցիոնալ փլուզումը, այն պետք է ներդնի շարունակական ջանքերի՝ կրթության, քաղաքական մասնակցության և հանրային վերահսկողության ուղղությամբ։
Այս գիրքը ոչ միայն գիտական և վերլուծական արժեք ունի, այլև կրում է զգացմունքային ու քաղաքացիական մեծ ծանրություն։ Հեղինակը կարողացել է խորությամբ ու համարձակությամբ նկարագրել մեր ժամանակների ամենաբարդ և ցավոտ իրողությունները՝ պահպանելով գիտական ճշգրտությունը և փաստերի հանդեպ ազնվությունը։
Նրա աշխատանքը կարող ենք նկարագրել երեք կարևոր հատկանիշով՝
Ա․ Համակարգայնություն – բարդ թեմաները ներկայացված են ամբողջական շրջանակով, առանց մակերեսային եզրահանգումների։
Բ․ Համարձակություն – հեղինակը չի խուսափում դժվար հարցադրումների և ցավոտ ճշմարտությունների բարձրաձայնումից։
Գ․ Նվիրվածություն – յուրաքանչյուր էջում զգացվում է անձնական և մասնագիտական պատասխանատվությունը հայրենիքի, պատմության և ապագայի հանդեպ։
Այս գիրքը կարելի է դիտարկել որպես և՛ նախազգուշացում, և՛ ուղեցույց՝ ինչպես խուսափել անցյալի սխալները կրկնելուց։ Հեղինակի ներդրումը ոչ միայն գրական կամ գիտական դաշտում է, այլև ազգային մտածողության ձևավորման մեջ։
Օգտագործված գրականության ցանկ
- Հովհաննիսյան Ա․, Արդյո՞ք պետք է միավորել ՌՕՈւ-երն ու ՀՕՊ զորքերը. «21-րդ ԴԱՐ», # 2, 2010, էջ 88-101։
- Հովհաննիսյան Ա․, Մի քանի հարցեր Ավիացիայից, Երևան, 2009։
- Հովհաննիսյան Ա․, Օդային գերակայություն։ Երևան 2010։
- Հովհաննիսյան Ա․, Տարածաշրջանի ռազմականացումը և Հայոց Բանակը, Երևան, 2013։
- Հովհաննիսյան Ա․, Ռազմարավեստ, հատոր 1, Ցամաքային ճեղքում, Երևան, 2016, էջ 242-299։
- Հովհաննիսյան Ա․, 20-րդ դարի վերջին պատերազմների դասերը։ «21-րդ ԴԱՐ», # 4, 2015, էջ 104-117; նույնի, Ճկուն և ստատիկ պաշտպանության խնդիրները նոր սերնդի պատերազմներում. Դիտարկում ՀՀ ՊՆ տեսլականի համատեքստում։ Հայկական բանակ 4 (98). 2018, Էջ 55-75։
- Հովհաննիսյան Ա․, Հարձակման «Սիմֆոնիան» կամ ջախջախման պատերազմի հասունացումը ռազմարեստում, Երևան, 2019, էջ 120-121։
- Հովհաննիսյան Ա․, Ռազմարավեստ, հատոր 2, Ցամաքային ճեղքում, Երևան, 2021, էջ 70-96։
- Հովհաննիսյան Ա․, Ռազմարվեստի զարգացումը 20-րդ դարում․ Հեռանակրաները, Երևան, 2017, էջ 578-586։
- Հովհաննիսյան Ա․, Ռազմարավեստ, հատոր 1, Օդային գերակայություն, Երևան, 2016, էջ 25-242։
- Հովհաննիսյան Ա․, Մի քանի հարցեր Ավիացիայից, Երևան, 2009, էջ 73։
- Հովհաննիսյան Ա․, Տարածաշրջանի ռազմականացումը և Հայոց Բանակը, Երևան, 2013, էջ 199-204, 313-317։
- Հովհաննիսյան Ա., Գրիգորյան Ա., Մեր տեղանքում գումարտակային մարտավարական խմբերի կիրառման առավելությունները։ Հայկական բանակ 4 (98). 2018, էջ 86-94։
- Հովհաննիսյան Ա․, Ռազմարավեստ, հատոր 2, Ցամաքային ճեղքում, Երևան, 2021, էջ 909-933։
- Նույն տեղում, էջ 960-968։
- Հովհաննիսյան Ա․, Բարդակազմ/բազմաշերտ պատերազմի տեսություն․ վեցերորդ սերնդի պատերազմի համառոտագիր, Երևան, 2025։
- Նույն տեղում, էջ 27-32։
- Նույն տեղում, էջ 160-184։
Առանձին հոդվածները որոնք վերաբերում են ՀՀ ԶՈւ-երի արդիականացման այս կամ այն ասպեկտներին եւ տպագրվել են մինչեւ 2015-2016թթ-երին
- Թուրքիայի ՀՕՊ-ի և ՀՀՊ համակարգերի արդիականացման ռազմավարական նախագծերի շուրջ/ Լ. Ս. Հովսեփյան, Ա. Կ. Հովհաննիսյան/ «Հայկական բանակ» 1.2010, էջ 115-122։
- Անօդաչու թռչող սարքերի կիրառության հեռանկարները մեր տարածաշրջանում. «21-րդ ԴԱՐ», # 1, 2010, էջ 60-72;
- Արդյո՞ք պետք է միավորել ՌՕՈւ-երն ու ՀՕՊ զորքերը. «21-րդ ԴԱՐ», # 2, 2010, էջ 88-101;
- Ավիացիոն բեռնափոխադրումները Հայաստանում «21-րդ ԴԱՐ», # 3, 2010, էջ 46-55;
- Արցախյան պատերազմում ադրբեջանական ավիացիայի գործողությունների և հայկական ՀՕՊ հակազդեցության վերլուծություն. «21-րդ ԴԱՐ», # 4, 2010, էջ 23-36։
- Ադրբեջանի ռազմականացումը. «21-րդ ԴԱՐ», # 3, 2011, էջ 46-60։
- ԻԻՀ ռազմական ներուժը հավանական պատերազմի դեպքում. «Ժամանակակից Եվրասիա». I(1). 2012, էջ 112-118։
- ՀՀ, ԼՂՀ և ԱՀ որոշ ռազմական ցուցանիշների համեմատական վերլուծություն. Աշխատանքային տետրեր, Հայկական բանակ ռազմագիտական հանդեսի հավելված 1-2 (21-22) 2012 (գաղտնի)։
- Ռազմականացման նոր խնդիրներն Ասիայում և Ամերիկյան նոր հայեցակարգը։ «Ժամանակակից Եվրասիա». II(2). 2013, էջ 81-99։
- Некоторые аспекты военного искусства в период Арцахской войны 1993-1994гг. 21-й ВЕК, 1/2014, стр. 33-59։
- Левон Овсепян. Турецкая армия: Между стеретипами и реальностью. 21-й ВЕК, 4/2014, стр. 31-50։
- Պատմահամեմատական մեթոդի կիրառման որոշ հարցեր։ Հայկական բանակ 3-4 (81-82) 2014. Էջ. 226-235։
- Տեղեկատվական հարձակումները ՊՆ օրինակով։ Կոնֆլիկտային հաղորդակցություն և տեղեկատվական անվտանգություն 2014։ էջ 73-82։
- 20-րդ դարի վերջին պատերազմների դասերը։ «21-րդ ԴԱՐ», # 4, 2015, էջ 104-117։
- Influence of Aerial Combat on the Development of Armoured Fighting Vehicles. Jul-Sep 2015, Vol. 30 (3) indian defence review. p 110-114։
- Гибридные войны: традиции и новации // Пути к миру и безопасности. 2016. № 1(50). С. 111-119։
- Հայաստանի ԶՈւ-երի զարգացման ներկայիս փուլը։ Պատմություն և մշակույթ 2016. Էջ. 99-113։
- Հիբրիդային պատերազմների որոշարկման և դասակարգման որոշ հարցեր. Հայկական բանակ 2 (88) 2016. Էջ. 62-72։
- About Wars of the Future; Jul-Sep 2016. Vol. 31.3 Indian defence review, Issue . p. 69-79.