Նիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախկին հոգևոր հովիվ Տեր-Սահակ քահանա Գալստյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությանը, որով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հրաժարական ներկայացնելու կոչ է արվում:
 «Ողջունում եմ այս շարժումը, իրապես այսօր կան շատ ազնիվ հոգևորականներ, և ես ուզում եմ մասնավորապես ընդգծել հայր Կորյունի և Տեր Արմենի հայտարարությունը: Այսօր նրանք պետք է հարթակում լինեն, ինչպես նաև արդարախոս մի քանի եպիսկոպոսներ: Լուծումը մեկն է՝ Գարեգին Բ-ն պետք է անհապաղ հրաժարական տա կամ գահընկեց արվի»,- ասում է Տեր-Սահակ քահանա Գալստյանը:
 Նրա խոսքով՝ տարիներ շարունակ Հայաստանում ավազակապետությունը սերտաճած է եղել եկեղեցու հետ, եկեղեցին իշխանությունների չարագործությունների ու ապօրինությունների հենարանն է եղել:
 «Շատ լավ է, որ գործող հոգևորականներից այս իրավիճակով անհանգստացողներ կան և նման նախաձեռնությամբ են հանդես եկել: Այդ մարդիկ տարիներ շարունակ լռել են, բայց այսօր կարծես թե պահն է, որպեսզի արդարություն հաստատվի: Այս կաթողիկոսը պետք է հեռանա, որովհետև ծառայում է սատանային: Այս մարդն իրոք ծառայում է չարին», ասաց նա:
 Տեր-Սահակ քահանա Գալստյանի խոսքով՝ սկսած 1999 թվականի հոկտեմբերի 27-ից, երբ գլխատվեց Հայաստանի իշխանությունը, երկիրը զարգացման բնականոն հունից դուրս եկավ: Երկրում ավազակապետություն հաստատվեց, և այդ բարքերը ներթափանցեցին նաև Հայ Առաքելական եկեղեցի:
 «Հոկտեմբերի 27-ից սկսած մեր պետության մեջ բոլոր գործառույթներն իրավական դաշտի մեջ չեն գտնվել, եղել են մեկ խունտայի ձեռքին: Եվ նրանք պղծել են մեր երկրում բոլոր բնագավառները՝ մշակույթը, ժողովրդին, եկեղեցին»,- ասաց մեր զրուցակիցը:
 Նրա խոսքով՝ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը կաթողիկոս դարձավ կաշառքով: «Ես ունեմ բոլոր փաստարկները, ժամանակին դրանք իմ Ֆեյսբուքի էջում հրապարակել եմ: Այնտեղ փաստարկներ կային, թե ինչպես էր տրվել կաշառքը իշխանություններին: Նաև ընտրակաշառք էր բաժանվել Ազգային եկեղեցական ժողովի պատգամավորներին: Օտար ուժերը ներկա էին այդ ժողովին, և ռուսական գեներալի ներկայությամբ նրանք ընտրել են մի մարդու, ով սկսեց ուղղակի քանդել եկեղեցին: Նա եկեղեցին քանդել է ներսից, թալանվել է եկեղեցական ամբողջ գանձարանը: Ես նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին կառաջարկեի մի չեզոք մարմին ստեղծել և ուսումնասիրել, թե ուր են ազգային գանձերը: Այն մեծահարստները, ովքեր այս տարիներին մեծ գումարներ են տրամադրել Մայր աթոռին, շատերն ուղղակի ստացել են շքանշան: Նրանց շքանշանով կաշառել են և այլևս չեն պահանջել հաշիվ ներկայացնել, թե այդ գումարները որտեղ ծախսվեցին: Այսինքն՝ կոռուպցիոն նույն մեխանիզմները, որոնք գործում էին պետության մեջ, նույնը նաև եկեղեցում էր»,- ասաց նա:
 Օլիգարխներն ու պետական այրերը, Տեր-Սահակ քահանա Գալստյանի խոսքով, իրենց ստվերը եկեղեցու միջոցով էին անցկացնում: Եկեղեցին մի խողովակ էր քրեաօլիգարիայի բիզնեսն առաջ տանելու համար, միաժամանակ, ազատվում էր հարկերից:
 Նա նշում է, որ դժվար թե Գարեգին Երկրորդը ինքնակամ հրաժարական տա, հետևաբար հասարակությունը պետք է ստիպի նրան հեռանալ:
 «Անհապաղ պետք է հրավիրել եպիսկոպոսական ժողով և կախակայել Գարեգին Բ-ի պաշտոնավարումը, նրան հեռացնել հոգևոր իշխանությունից: Ես չեմ կարծում, որ ինքը բարոյական կգտնվի ու հրաժարական կտա: Ինչպես իշխանափոխության համար երիտասարդները փողոցներ փակեցին, 
                      ակցիաներ արեցին, նույնը պետք է տեղի ունենա այս հարցում: Գոնե պետք է փակել Մայր Աթոռի այն ճանապարհը, որով նա գալիս է եկեղեցի և չթողնել, որպեսզի եկեղեցի մտնի»,- ասաց նա:
 Այնուհետև, ըստ Տեր-Սահակ քահանա Գաստյանի, պետք է հրավիրել Ազգային եկեղեցական ժողով, որը պետք է ընտրի Վեհափառ: Նրա խոսքով՝ մենք ունենք շատ արժանավոր հոգևորականներ, որոնք անգործության էին մատնվել: Ազգային եկեղեցական ժողովը գործող օրենքի շրջանակներում պետք է նոր ընտրություններ անցկացնի, հաջորդ կաթողիկոսը պետք է լինի ժողովրդի սերն ու վստահությունը վայելող անձնավորություն, ազգընտիր կաթողիկոս:
 «Չի կարող բարեփոխում լինել պետության ներսում, եթե եկեղեցին չի փոխվում: Եթե մենք շարուանկենք ունենալ այն հոտած համակարգը, որն այսօր առկա է եկեղեցում, ուրեմն ոչինչ չի փոխվելու երկրում: Հասարակության մեջ առողջ մթնոլորտ պետք է եկեղեցին սերմանի»,- ասաց նա:
                    