ԳՐԵՑ՝ ՀԱԿՈԲ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Վերջերս շատ պատահական ձեռքս ընկավ Լոս Անջելեսի հայկական համայնքի «Հայ կյանք» պարբերականը, սակայն ոգևորությունս միանգամից անհետացավ՝ տեղի տալով խոր հիասթափության, երբ կարդացի առաջին իսկ հոդվածի խորագիրը: Տեղի էր ունեցել մի զազրելի արարք՝ եկեղեցու ծառայողների, կոնկրետ բարձրաստիճան հոգևորականի և համայնքի կայացած մի անդամի միջև: Դեպքը արտառոց էր, որտեղ բախվել էին մարդկային հոգեբանության երկու տարբեր որակներ, քանզի այն մարդկային ցածր ինտելեկտի դրսևորում էր…
Հայ Առաքելական եկեղեցու ծառայողները պարզապես գրպանել էին մի բարերարի ունեցածն ու համբերությունը, հավատը մարդու՝ այս դեպքում՝ հոգևորականի, նկատմամբ:

Ցավալի է, սակայն անհերքելի փաստ…
Ինչևէ, խոսենք փաստերով և իրերը կոչենք իրենց անուններով՝ ըստ պատշաճի:
Լոս Անջելեսի Արևմտյան Թեմի Առաջնորդարանի Սուրբ Հովհ. Կարապետ եկեղեցու հովիվ Մանուկ Մարգարյանը, եկեղեցուն հարակից դահլիճ կառուցելու նպատակով դիմում է նույն համայնքի անդամ պրն. Պետրոս Տաղլյանին՝ օգնելու իրագործել եկեղեցու բաղձալի մի ծրագիր, որը պետք է ծառայեր հայ համայնքին՝ հյուրասիրություններ կազմակերպելու և անցկացնելու բազում միջոցառումներ…
Սակայն ծրագիրը և՛ մեծ գումարներ էր պահանջում, և՛ ինքնին բավականին աշխատատար էր: Այդ իսկ նպատակով այդ «պարկեշտ» հոգևորականը դիմում է մի մարդու, որը, հարկավ գիտեր, որ չէր մերժելու իրեն երկարած օգնություն խնդրող հայ հոգևորականի ձեռքը…

Եվ այսպես, պրն. Պետրոս Տաղլյանը, լինելով նվիրյալ հայրենասեր և բավականին առաքինի անձնավորություն, բնականաբար չի մերժում իր եկեղեցու ծառայողի խնդրանքը և տրամադրում է ոչ ավել, ոչ պակաս մի կլորիկ գումար՝ եկեղեցու հարակից հողը գնելու նպատակով:
Շուտով եկեղեցու ծառայողները կանգնում են անելանելի փաստի առջև, քանզի այդպիսի ճոխ հյուրասիրությունների դահլիճ կառուցելը իրենց վրա նստում էր միլիոններ…
Եվ ահա կրկին վճռում են դիմել Տաղլյան բարերարին՝ համոզված լինելով, որ նա չի մերժի իրենց, քանզի լավ են հասկանում, որ այդպիսի գումար իրենց կտրամադրի միայն այդպիսի բարձր գաղափարներով ու բարոյական վեհ սկզբունքներով օժտված անձը, այս դեպքում՝ պրն. Տաղլյանը:
Բարերարը տրամադրում է 15 միլիոն դոլար գումար՝ նախապես պայմանավորվելով, որ այն կվերադարձվի մաս առ մաս, առանց որևէ շահ հետապնդելու նպատակի:
Ուղղակի անհավանական մարդկային որակների հակադրում. Մի կողմում իր ազգին ու եկեղեցուն նվիրված մարդն է իր վեհ հայրենասիրական գաղափարներով, իսկ մյուս կողմում՝ որքան էլ, որ ցավալի է՝ հայ հոգևորականի շորթող, քծնող կերպարը…
Եկեղեցու ծառայողի համար որքան անպատվաբեր է հայտնվել այդպիսի սողացող իրավիճակում՝ գրպանել անհատի հսկայական մի կարողություն և հրաժարվել այն վճարել: Դա դեռ բավական չէ, նա անցնում է մարդկայինի, ավելին՝ հոգևորականի առաքինության սահմանագիծը ու հայտնվում կեղծիքի ու զրպարտանքի ամոթալի եզրագծին…
Եվ ո՞վ է դա անում, այդ ցինիկ պահվածքը մի՞թե հարիր է Հայ Առաքելական եկեղեցու սպասավորին, որի գերագույն առաքելությունը իր համայնքի խաղաղ ու պարկեշտ կյանքի քարոզը պետք է լիներ, դաստիարակել մեր ապագա սերնդին՝ սերմանելով ազնվության, խղճի ու առաքինության գաղափարներ ու գումարած հավատք՝ այդ ամենին:
Մի՞թե Հայ Առաքելական եկեղեցու ծառայողը կարող է իր բարձունքից ընկնել այդ աստիճան, երբ ի հայտ է գալիս նրա մեջ ընչաքաղցության անկշտում քաղցը…
Սակայն յուրացնելը, գումարը կորզելը իրեն վստահված համայնքից, ցավոք բոլորը չէ, հարկավ նրանց մեղքերը չի սահմանափակվում միայն թալանելով համայնքի անդամներին (քանզի թերթի հաջորդ էջերում ուղղակի աչք էր ծակում մի զարհուրելի հոդված, նրանց անձնական կյանքի մասին): Ինչևէ եկեղեցու սպասավորները այն աստիճանի են ընկնում, որ սկսում են իրենց խայտառակ պատմությունը տեղափոխել դատական ատյաններ՝ արդեն միանգամայն վստահ քայլերով առաջ գնալով ու չմտածելով արատավորել եկեղեցու անբասիր իմիջը:
Եվ ո՞վ է տվել ձեզ իրավունք՝ պրն. Մանուկ Մարգարյան, առանց խղճի խայթ ու ամոթ զգալու արատավորել ու զրպարտել մի մարդու, որը զուտ մարդկային բարձր արժանիքներ ունենալով, հավատացել է ձեզ ու տվել ձեր խնդրած ահռելի գումարը…
Եվ դուք ձեզ իրավունք եք վերապահում դեռ կեղծ փաստերով ու կաշառված փաստաբաններով հանդես գալ դատական տարբեր ատյաններում և խայտառակել Հայ Առաքելական եկեղեցու ծառայողի անունը… և համայնքը, որը վստահել և հավատացել է ձեզ: Համայնք, որի գործունեության հիմքում ունենք ՀՀ առաջին օգնական ձեռքը, որը միշտ էլ երկարել և օգնել է հայրենիքին, երբ զգացվել է դրա կարիքը, համայնք, որի կարծիքը կարևորում են գերտերությունները: Դուք արժանի չեք այդ համայնքին ծառայելու, քանզի հենց համայնքը կմերժի ձեզ…
Դուք վատ օրինակ եք այնպիսի ազդեցիկ համայնքի համար, ինչպիսին Հայաստանին առաջին զորավիգ կանգնած համայնքն է՝ ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ…