«Էլի՛ գարուն կը գայ, կը բացուի վարդը,
Սիրեկանը էլի՝ եարին կը մնայ:
Կ՝ը փոխուի տարիքը, կը փոխուի մարդը,
Բլբուլի երգն էլի՝ սարի՛ն կը մնայ»:
Ե. Չարենց

ԳՐԵՑ՝ Ռուբէն Յովակիմեան

Մարդը այն արարածն է, որին հազարամեակների ընթացքին ոչ ոք չկարողացաւ լիարժէք հասկանալ ու բնութագրել, առաւել եւս կանխատեսել, թէեւ բազում են եղել գիտուններ՝ ի սփիւռս աշխարհի, որ փորձել են այդ առեղծուածի բանալին գտնել, բայց աւա՜ղ ճամբան կիսատ է մնացել:
Այս յոռի, չասե՛նք հեթանոս մտքերը ծագում են, երբ տեսնում ենք մեր հայրենակիցներից ոմանց վարքն ու բարքը, նրանց վերաբերմունքը իրենց պարտականու֊թիւնների, ինչպէս նաեւ խղճի ու անձնական բարոյականութեան հանդէպ՝ նրա պաշտօնը, գրաւած աթոռի դիրքն ու կարեւորութիւնը զանց չառնելով:
Մարգարէական «Բազումք են կոչեցեալք եւ սակաւք ընտրեալք» յայտնի իմաստութիւնը տեղի է տալիս այն խանգարող մտքերին, թէ ինչպէ՞ս կարող է մի բուռ երկրում ծնունդ առնել այդ քանակութեամբ եւ այդ չափերի յանցա-գործութիւնների, օրինազանցումների մի հսկայ շարան, որ թէեւ մարդկային լինելով հանդերձ (կենդանիները յանցանք չեն գործում հաճոյքի համար՝ նրանց դրդողը բնազդն է) անընդունելի եւ անմարսելի են, քանզի կատարւում են այն անձանց կողմից, որոնց դերն է՝ ըստ կոչումի այդ բոլորը պաշտպանել՝ իմա ծաղկեցնել եւ բարգաւաճել երկիրը:
Բազմիցս ցաւալի է ու վշտացնող, երբ յաճախ այդ իրաւազանցները ուխտեալներ են եւ իրենց երդումը արել են ձեռքը դնելով դարաւոր աւետարանի վրայ՝ չգիտեմ հաւատքից, թէ տպաւորութիւն թողնելու նպատակից ելնելով, լինեն նրանք քաղաքական ու պետական թէ հոգեւոր բարձրաստիճան պաշտօնեա֊ներ, կարգավիճակներ, որոնք աւելի խոցելի են դարձնում հանգամանքները: Թող ներողամիտ լինեն ուժեղ կամք ունեցողները, բայց անձամբ, աւելի քան տասնամեակ եկեղեցւոյ ծառայող լինելով տեսել եւ վկայ եմ, թէ ինչպէս մեր մամիկներից ոմանք դժուարութեամբ քսակից լուման հանելով մոմ են վառել յանուն հաւատքի, թերեւս իրենց օրական հացի դրամով՝ չիմանալով, որ աֆրիկեան ադամանդների հանքատէր է իրենց վերադաս հոգեւորականը եւ մի քանի հարիւր հազար դոլարի արժէքով մեքենայով է շրջում երեւանեան փողոցներով՝ կողքին ունենալով գեղատեսիլ պարմանուհիներ: Ամօ՜թ- հազար ամօթ:
Լուսահոգի մայրս պիտի ասէր՝ «քթիցդ դուրս գայ ինչ էլ որ լինի անունդ ու պաշտօնդ»: Կարելի՞ է յարգարժան լինել անձնաւորութեան նկատմամբ՝ անձ, որ միակ իրաւասուն է ճակատին խաչ կրելու եւ երբ երկրում բնակչութեան մէկ երրորդը չքաւորի վիճակ ունի՝ ապարանքներ կառուցել իր ծննդավայրում՝ ի՞նչ դրամով: Աւա՜ղ, դառն իրականութիւն է նաեւ, երբ աղանդները, սորոսականները երկրում վխտում են եւ ձայն հանող չկայ, չմոռանալով տուն ու տեղ արած մասոններին՝ իրենց հպարտ ցուցափեղկով: ԶԼՄ-ները (զանազան լրատու միջոցներ) յագեցուած են ալան-թալանի նիւթերով՝ մէկ լումայի ճշտութեամբ եւ ամէն մարդ տեղեակ է, թէ ով ի՞նչ եւ որքա՞ն է գողացել: Մենք չենք անդրադառնայ այդ մանրամասնութեանը, այն թողնելով քննիչ մարմիններին, միայն թէ առարկում չի կարող լինել, թէ գողօնը մեծ է թէ փոքր: Բաւական է, որ հասարակական գոյքը յափշտակուել է, այն պիտի պատժուի օրէնքի տառի ուժգնութեամբ ինչ էլ որ լինի հեղինակի անունը եւ գրաւած աթոռը ՝ անտեսելով անձեռնմխելիութեան կանխավարկածը:
Ցաւալի է, նոյնիսկ ծայրայեղ ողբալի, որ մեր նոր ծիլ ու ծաղիկ տուող պետութեան առաջնորդները լինեն հոգեւոր թէ քաղաքական իրենց պատմական կարեւոր դերի նշանակութեան արժէքը չգնահատեցին եւ ընկան ճղճիմ շուկայական փարիսեցիների մակարդակին՝ հուսկ բարձր պետական պաշտօնեաների՝ ընդհուպ եկեղեցւոյ որոշ բարձրաստիճան հոգեւորականների նկատմամբ անհամար դատա֊իրաւական գործերը: Բաւարա՞ր է արդեօք սոնքալ, թէ քրիստոնէութիւնը պետական կրօն ընդունած առաջին երկիրն ենք: Ո՛Չ:
Արդի պայմաններում զանազան հոգեբանական խմորումներ են տիրում բնակչութեան տարբեր խաւերի մէջ՝ կապուած մի քանի երեւոյթների, որոնք յարիր չեն մեր դարաւոր աւանդոյթներին՝ լինի այն քաղաքա-տնտեսական թէ կրօնական: Շարքային քաղաքացին հանդարտօրէն չի կարող հանդուրժել իր մեծաւորի չարագործ մեղադրելի կարգավիճակը, կամ հոգեւոր բարձրագոյն մարմնի միջամտութիւնը դատա-իրաւական գործընթացին, կամ ինչ որ երկրորդ հանրապետութեան ապօրէն ծնունդը, մանաւանդ, երբ այդ բոլորը ոմանց կամ ինչ որ խմբերի շահադիտական նպատակներին են ծառայում եւ այլ նպատակ չկայ:
Բնական է, որ նորակազմ իշխանութիւնները, որ անփառունակ ու փտած մի համակարգի ժառանգորդ են, որին կարելի է աւելացնել անփորձութեան տարրը, մէկ շնչով պիտի չկարողանան դիմագրաւել բոլոր առաջ եկող խնդիրները, որքան որ դրական տրամադրուած լինեն, որին կարելի է աւելացնել նաեւ թաքնուած այն դիմադիր ու դաւադիր ուժերին, որոնք ջանք ու միջոց չեն խնայում արգելք լինել վերադասի որոշումներին: Անձնապէս կարծում եմ, թէ արդի իշխանութիւնները, երկիրը վերականգնելու ճամբան են բռնել եւ պիտի յաջողեն՝ թէպէտ անթերի չեն:
Յիշելով Իսահակեանի իմաստուն խօսքը՝, թէ «Արարատի ծեր կատարին, դար է եկել վայրկեանի պէս ու անցել…»,–յոյս է առաջանում, որ արդի սոդոմ-գոմորին նման ռոբ-սերժյան չարիքին եւս պատուով կը դիմակայի մեր ժողովուրդը՝ շտկելով վիճակը, միայն թէ պատմականօրէն վերածնուելու ունեցած լայն առիթը խափանեցին մեր ծոցից ելած մի քանի աւազակ ու անբարոյ թափթփուկներ, ճարպկօրէն տիրանալով պաշտօնների՝ դժոխքի պայմաններում յետաձգեցին երկրի առաջընթացը երեք տասնամեակով, յուսանք, որ ժամանակը կը փոխի մարդկանց եւ դարերի խորքից եկող մեր ժողովուրդը կը գտնի իր արժանի տեղը արեւի ներքոյ: Մի այլ անհասկանալի յատկութիւն եւս նշենք մեր հայրենակիցների վերաբերեալ, որ լինելով աշխարհասփիւռ, ամէն տեղ՝ մերոնք անպայման ինչ որ նիւթական մակարդակի են հասել, չնայած եկել են գրեթէ տկլոր, նոյնիսկ պատառոտած հագուստներով: Շնորհիւ իրենց աշխատասիրութեան եւ ուշիմութեան, ոմանք կացութեան տէր են դարձել, մինչդեռ իրենց օրրանում հայրենաբնակները նոյն գործելակերպը եւ տրամաբանութիւնը չեն գործածում, փոխարէնը մեծ արագութեամբ ծաղկում է ալան-թալանի սկզբունքը:
Չեմ կարծում, թէ Քըրք Քըրքորեանը կամ Ալեք Մանուկեանը եւ միսները, բոլորին թուել դժուար է, իրենց կալուածները ձեռք են բերել խարդախանքով եւ ինչպէս կարելի է չյիշել արգենտինահայ Եռնիկեանին, որ յանձնառու է լինում սնանկացած երեւանեան օդանաւակայանը ոտքի կանգնեցնել եւ աշխատեցնել, մինչդեռ տեղի նոյնչափի դրամատէրերը զբաղուած են գողօնը տարբեր օֆշորային դրա-մատներում պահելով, անշուշտ բացառութիւնները յարգելի են:
Արդեօք միեւնոյն ազգի զաւակնե՞րն են, թէ՞ որոշ կենսաբանական խախտումներ են տեղի ունեցել: Ժամանակն է արդէն, որ վարչապետի գլխաւորու֊թեամբ իշխանութիւնները դէն նետեն թաւշեայ ծածկոցը եւ յեղափոխական տատասկէ տրամաբանութեամբ դէմ կանգնեն ամէն տեսակի չարաշահումներին եւ ոչ թէ աղմկարար յայտնաբերումներից յետոյ մոռացութեան գիրկը նետեն: Ամենազօր ժամանակը կը շտկի ամէնը:

Ռուբէն Յովակիմեան
19-4-20
Saint Raphaսl
rouben.hovaguimian@bbox.fr

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *