«Նոյնիսկ ցամաք վիճակում ՝
գետը պահում է իր անունը»:
Աֆրիկեան

Անունը այն անփոխարինելի ընծան է, որ մեզանից իւրաքանչիւրը ստանում է իր լոյս աշխարհ գալու առաջին ճիչը արձակելու պահից ի վեր՝ ցմահ, իսկ ոմանք թերեւս դրանից առաջ, կախում ունենալով ծնողների ճաշակից, դիրքից, որոշումից եւ իմացութեան մակարդակից, չմոռանալով նաեւ ժամանակի տիրող աւանդական ու կենցաղային հասարակական գործօնները: Ոչ միայն բացառուած չէր, այլ յաճախ պատուաբեր էր նկատւում՝ նորածիններին անուանել նախնիներից եկած անունով:
Վերջապէս անունը մարդու մակնիշն է, որով նա զանազանւում է միւսներից եւ իրեն յատուկ տեղն է գրաւում հասարակութեան մէջ: Նշեմ նաեւ որ այս բոլորը պարզ եւ յայտնի դրոյթ է եւ թերեւս այդ մասին խօսելը աւելորդ համարէինք, եթէ նրա հետեւանքները եւս պարզ, հասկանալի ու բացատրելի լինէին՝ մանաւանդ ազգային ինքնորոշման ոլորտում: Անհերքելի ճշմարտութիւն է, որ քրիստոնէութեան մուտքը՝ ժողովուրդների մէջ կտրուկ փոխեց բոլոր ազգային աւանդոյթները եւ աւետարանական անձնանունները դարձան ոչ միան յարգելի ու պատուելի, այլ նոյնիսկ պարտադիր, եւ այդ երեւոյթը այնքան արմատացաւ, որ այսօր շատ-շատերը անգամ չեն կասկածում, որ Յովհաննէսն ու Պետրոսը՝ շատ այլոց հետ ոչ հայ, այլ հրէական ծագումի են: Միայն թէ մեր մեծերը կարողացան այդ դրսից եկածները հայացնել՝ մեր քիմքին ու ականջին յարմարեցնելով, մինչ արդի հայրենաբնակները յաճախ փորձում են օտարի տեսք եւ հնչեղութիւն տալ հայածին անուններին.֊ Զարուհին դարձնելով Զառա, Կարինէն՝ Կառա եւ բազում նման ուրիշներ, ինչ որ կարելի է պարզմտութիւն համարել:
Հայկական անձնանունների հարցը շատերին է անհանգստացրել, մինչեւ իսկ յօդուածով հանդէս է եկել Յովհաննէս Թումանեանը, իսկ Շիրազի երկարաշունչ պոեմը յայտնի է բոլորին: Ենթադրաբար, կարծում եմ, թէ հայոց օտարամոլութիւնը սկսուեց զարգանալ 1828-ի ռուս-պարսկական պատերազմից յետոյ, երբ ցարական զօրքը գրաւեց հարաւային Կովկասը, եւ Թիֆլիսը դարձաւ ռուս փոխարքայի նստավայր եւ ռուսերէնի ուսուցումը հայ եւ այլ դպրոցներում պարտադիր էր: Քիչ թէ շատ ունեւոր ընտանիքներում այդ լեզուն օրէցօր տիրողի դեր էր ձեռք բերում, մանաւանդ, որ ոմանք իրենց զաւակներին ուղարկում էին ռուսաստանեան համալսարաններում ուսումը շարունակելու, հուսկ նոր սերունդը հակուած էր ընդօրինակելու հիւսիսային տիրակալի վարքն ու բարքը, իսկ անձնանունը՝ անհանգստացնող չէր, այլ միայն փոքր եւ դիւրութեամբ լուծուող մի հարց, մինչ անուն հայրանունով խօսելը սկսել էր բարձր դասակարգի նշան համարուել, որ ցաւօք, մինչ օրս դեռ՝ պահպանում են հպարտօրէն հայրենաբնակ որոշ շրջանակներում, որ քաղքենիութեան կատարեալ տեսակ է իր էութեամբ: Այսպիսով ռուսական ուղիներով ներս խուժեցին աշխարհի շատ անուններ՝ յաճախ ռուսական տարազով եւ մեր անուանացանկը համալրուեց Ռոբերտ, Սերժ, Ռուդոլֆ, Ֆրունզիկ, Ռիտա, Օֆելիա, Ֆելիքս, Անժելա եւ անթիւ այլ անուններով1, որ դեռ շարունակւում է: Ընթերցողը կարող է եւ իրաւացի հարց տալ, թէ ի՞նչ, անուն կրելը արդեօք կարեւո՞ր է: Ես կ՝ասէի՝ այո՜, շա՜տ է կարեւոր, քանզի դա՛ մեր ինքնութեան մակնիշն է, տարազ, որ մեզ յատուկ է եւ համապատասխան: Յաճախ ենք տեսնում, թէ ինչպէս ալպեան տիրոլցինրը կամ իռլանդացիներն ու այլք ներկայանում են տօնական հանդէսներին աւանդ դարձած իրենց հագուստներով, միայն ան նպատակով, որ պահպանեն եւ փոխանցեն իրենց ինքնուրոյնութիւնը յաջորդ սերունդին, որ նոյնպէս պարտականութիւն է:
Ստիպուած եմ նշել, որ մեր հարեւանները՝ անխտիր, շատ աւելի աւանդապահ են: Հեռու չգնալու համար՝ մեր չորս դրացի երկրների կառավարութիւնների ցանկը աչքի անցընելով՝ ոչ մէկ այլազգի անուն նշմարեցի, մինչդեռ նայէք մեր կառավարութեան եւ խորհրդարանի ցանկը եւ բացայայտէք միայն Արթուրների զարմանալի թիւը: Այո, թերեւս յանցանք չէ, բայց բացակայ է ներդաշնակութիւնը: Կարելի է ասել, որ երկրում համա-ճարակի պէս սփռուած այս երեւոյթը միայն անձնանունների նկատմամբ չէ: Չկայ մի խանութ ու սրճարան, որի ցուցանակները մայրենի լեզուով լինեն: Ճնշող զգացումով եմ քայլում մայթերով իմ երեւանեան այցելութիւնների ընթաց-քին: Իսկ ի՞նչ ասել բազմաթիւ մեծ ու փոքր ձեռնարկութիւնների մասին: Արդէն «Գրանդ քենդի» ու «Մուլտի-գրուպ»-ի կողքին փառաւոր փայլի մէջ է փեսայ Միշիկի «ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՕԼ»֊ը, որից ետ չեն մնում կրտսեր քոչարեանների «Գոլդէն փելես»֊ների շարքը: Առաւել զաւեշտային է, որ Արագածի փէշերին մօտ եղած գիւղի մի բնակիչ վարդերի ջերմատուն է ստեղծում, որ քաջալերելի երեւոյթ է, իսկ անունն է «ԱՎԱԼԱՆԺ», բայց թէ ի՞նչ տրամաբանութեամբ եւ նպատա-կով՝ դժուար է կռահել:
Հայրենի բոլոր համալսարանների մասնաճիւղերին ֆակուլտետ են կոչում, իսկ լրագրականը՝ լինելով գագաթնակէտ՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, եւ դա՛ ոչ ոքի չի անհանգստացնում, նոյնիսկ տնօրէնին, որին նոյն վարակի շնորհիւ կոչում են ռեկտոր, երեւի տնօրէնը հայե-րէն լինելով բաւարար պատուաբեր չէ:
Ո՞ր մէկն ասեմ, ո՞րը խոստովանեմ: Ինչպէ՞ս բացատրել, որ 17֊րդ դարից ի վեր Լորի մարզի պղնձի հանքավայրը եւ քաղաքը՝ Ալաւերդի են կոչում, թուրք ցեղապետ աւազակ՝ Ալլահվերդի մոլլա օղլի Թարխանի անունով, եւ դարերի ընթացքին ոչ ոք համարձակութիւն եւ կամք ու ցանկութիւն չունեցաւ այն փոխելու:
Թերեւս կարելի էր յուսալ, թէ երբեմնի մեր ոչ ուսեալ եւ պարզամիտ նախնիների թերի մտայնութիւնը մնացել է մոռա-ցութեան գրկում, բայց ցաւօք այն ներկայ է զինուած արդի գիտական զէնքերով: Երկրի պաշտօնական կայքից տեղեկանում ենք, որ նախագահ Արմէն Սարգսեանը ներկայացրել էր Ծի-ծեռնակաբերդի այգու տարածքում «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարը, որ ըստ իս պիտի նմանուեր Լոնդոնեան «Հայդ պարկ»ին, բայց ի վերջոյ՝ առ այժմ փոխարէնը այն կը տեղադրուի մա-տենադարանին կից նախագահական նստավայրի շրջակայքում, հոգ չէ թէ նրա իմաստը մեր մայրենիով կը նշանակի տոպրակ կամ ջւալ: Կեցցէ հայերէնը: Քննարկմանը մասնակցող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարութեանը, գլխ. ճարտարապետ Արթուր Մեսչեանը եւ այլ պաշտօնեաներ չհամարձակուեցին, թէ անգիտացան,որ քաղաքում կան արդէն «Յաղթանակի այգի» «Կոմիտասի այգի» « Սիրոյ այգի» «Թատերական այգի» եւ այլն եւ ինչո՞ւ այսօր ամէն ինչ պիտի փոխուի, գուցէ ազատ լինելու հետեւանքով : Չմոռանանք նշել մի շատ կարեւոր կէտ, որ ծրագրի հիմնական նպատակը՝ ազգային միասնականութեան մթնոլորտ, մարդկանց եւ կազմակերպութիւնների ներգրաւում ստեղծելն է, որ շատ կարեւոր է : Ողբամ…
Նման բացառիկ նմուշները այնքան են, որ կարելի է էջեր լցնել, բայց դա եւս նպատակ չէ եւ կարծում ենք, թէ երբ մեր յարգարժան վարչապետը դադարի իր ռամկա֊կան բառապաշարը գործածել, թերեւս ժամանակ գտնի նաեւ այս հարցերին պատասխան գտնել եւ համապատասխան ցուցմունքներ տալ պատկան մարմիններին: Ժամանակը շտկում է ամէն ինչ կամ աւերում:
20-5-20
Ռուբէն Յովակիմեան
Saint Raphaսl

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *