«Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:
Նախ մեկ րոպե լռությամբ եւ խոնարհումով մեր բոլոր հերոսների, մեր բոլոր նահատակների, մեր բոլոր զոհված զինվորների, սպաների հիշատակին հարգանքի տուրք մատուցենք:
Որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ իմ հրամանը Զինված ուժերի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին. զբաղվում եք ձեր գործով՝ Հայաստանի Հանրապետության սահմանների եւ տարածքային ամբողջականության պահպանմամբ: Սա իմ հրամանն է, եւ որեւէ մեկը չի կարող համարձակվել դրժել այդ հրամանը:
Հաջորդը՝ ի՞նչ է տեղի ունեցել այսօր: Այո՛, մեր բանակին, մեր Զինված ուժերին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահմանադրական պրոցեսի մեջ: Եվ այսօր ես հստակ գնահատել եմ, որ Գլխավոր շտաբի կողմից նախաձեռնված հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, եւ ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանի Հանրապետությունում:
Բայց ես ուզում եմ նաեւ ասել, որ մեր բանակը մեր բանակն է, մեր սիրելի, մեր կողմից պաշտելի: Եվ ես համոզված եմ, որ շատ գեներալներ եւ բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունն ստորագրել են իրենցից ավելի բարձրաստիճան հրամանատարների հրամանի ներքո: Ես ուզում եմ էլի ասել, իմ ասելիքն իրենց մեկն է՝ պարոնա՛յք, զբաղվում եք Հայաստանի Հանրապետության սահմանների եւ տարածքային ամբողջականության պահպանմամբ: Դուք պիտի իրականացնեք ձեր գործը: Բանակը չի կարող հետ նայել, բանակը չի կարող թիկունքին նայել, բանակը չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսի մեջ: Բանակը պիտի ենթարկվի, միայն ու միայն ենթարկվի ժողովրդին եւ ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը:
Նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, գործում է ընդդեմ պետության, գործում է ընդդեմ օրինականության, գործում է ընդդեմ Հայաստանի անվտանգության: Եվ ես պահանջում եմ, որ նույնիսկ այն բարձրաստիճան սպաները, որ լքել են իրենց ծառայության վայրերը? հենց հիմա վերադարձեք եւ ապահովեք երկրի անվտանգությունը: Սա է մեր հստակ պահանջը:
Բայց ես ուզում եմ նորից խոսել եւ հիշեցնել՝ ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել 2018 թվականից հետո Կառավարություն եւ Զինված ուժեր հարաբերություններում: Մեր կառավարությունը ոչ մի բան չի խնայել Զինված ուժերի համար: Մեկ տարվա ընթացքում? 2019 թվականին, մենք 50 մլրդ դրամով ավելացրել ենք ռազմական ծախսերը, պաշտպանական բյուջեն: Մենք ավելացրել ենք բոլոր սպաների, բոլոր շարքայինների, բոլոր պայմանագրայինների աշխատավարձերը: Եվ մենք դա արել ենք, որպեսզի ասենք, որ մենք բարձր ենք գնահատում մեր բանակի ծառայությունը, որ նրանք ունեն մեր ժողովրդի առաջ:
Բայց, այո՛, պետք է չթաքցնել, որ, ցավոք սրտի, բանակում այն իշխանությունը, որը երկար տարիներ բանակի հաշվին հարստացել է, դեռեւս ունի մի քանի կամակատարներ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, եւ այդ կամակատարները պետք է հեռանան: Անմիջապես: Ի՞նչ է տեղի ունեցել. նրանք հրապարակներում ինձ փորձում են մեղադրել դավաճանության մեջ: Իսկ ի՞նչ գործ ունի դավաճանի կոչով այսքան մարդ հրապարակում: Նրանք ձեզ են փաստացի ուզում մեղադրել դավաճանության մեջ: Ահա ես տեսնում եմ առաջին շարքում զոհված զինծառայողներ հարազատների՛: Չեմ ուզում քաղաքականացնել:
Հիմա ասեմ՝ որն է դավաճանությունը. 17 կուսակցություն կոչված ֆորմատի, այսպես կոչված, վարչապետի թեկնածուն ասում է՝ ես դեռ հոկտեմբերին զանգում էի բանակին, ասում էի՝ իշխանությունը վերցրեք: Նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի դեմ, այլ կոչ են արել կռվել սեփական ժողովրդի դեմ: Սա է տեղի ունեցել:
Հայաստանում ժողովրդի իշխանությունը չի կարող դրվել կասկածի տակ ոչ մի րոպե: Ինչո?ւ է այսօր այստեղ ժողովուրդը կանգնած: Որովհետեւ գիտի, թե ովքեր են բանակի եւ զինվորի հաշվին հարստացածները, այդ հրապարակներում հոխորտացողները, միլիոնավոր դոլարների դղյակատերերը: Այդ ո՞ւմ մասին են խոսում, այդ ո՞ւմ են մեղադրում դավաճանության մեջ: Զինվորի հացը գողացողը եկել է զինվորին հաց տվողին, շոր տվողին, աշխատա-վարձ բարձրացնողին դավաճանության մեջ է մեղադրում:
Բայց սա չի նշանակում, թե ես փորձում եմ իմ որեւէ պարտավորություն կամ պատասխանատվություն դնել ուրիշի վրա: Նրանք երկու տարի է՝ մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, բայց ընդամենը երկու օր կամ մի քանի օր առաջ մերժվածը հրապարակայնորեն ասում է, որպես հպարտության նշան, որ ինքը համաձայնվել է եւ դրանից առաջ էլ է ասել եւ 7 շրջանները հանձնել Ադրբեջանին: Բա որ դուք ամեն ինչ պայմանավորվել էիք արդեն կամ բանակցությունները տարել էիք այնտեղ, որ խոստովանում եք հրապարակային, որ այդ պայմաններն ընդունել եք եւ համարում էիք, որ դա լավ լուծում է, ինչո՞ւ էիք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ: Բաց նամակներով հանդես գայիք, ասեիք՝ գնա, ստորագրի այդ թուղթը, մենք բերել ենք, գնա, ստորագրի այդ թուղթը: Խոստովանեիք ժողովրդի առաջ՝ այս կետին ենք հասցրել, որ պետք է ամեն ինչ հանձնեինք, մեզ էլ ասեիք՝ գնացեք, այդ թուղթն ստորագրեք:
Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք պաշտպանել մեր երկիրը, մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, եւ մենք հենվել ենք մեր բանակի վրա, մենք հավատացել ենք մեր բանակին: Մենք այսօր էլ ենք հավատում մեր բանակին, եւ համոզված եմ՝ սպայական կազմը, զինվորները, զինվորների ծնողները թույլ չեն տա, ժողովուրդը թույլ չի տա, որ բանակին ներքաշեն քաղաքական պրոցեսի մեջ:
Եվ իրավիճակի հանգուցալուծման մասին: Ես ի՞նչ եմ մտածում՝ ի վերջո, ժողովուրդը, մենք բոլորս, այո՛, եկեք խոստովանենք՝ հետպատերազմական սթրեսի մեջ ենք, եւ ժողովուրդը հոգնել է այս շարունակական անկայունություններից: Երկրում պետք է ժողովրդի իշխանությունը կասկածի տակ չդրվի: Երկիրը բռնության, ապօրինության, սադրանքների, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության եւ ժողովրդի կողմից:
Բայց, գիտեք ինչ, ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել, օրինակ` ձեզ մոտ հարց կծագի. ես պատերազմից հետո չե՛մ մտածել, որ պետք է հրաժարական տամ: Ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել՝ մտածել եմ, շատ եմ մտածել: Բայց ես մի բան եմ ասել՝ ես իմ կամքով, ինքնակամ չէ, որ դարձել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ: Ժողովուրդն է որոշել, որ ես պետք է դառնամ Հայաստանի Հանրապետության վարչապետ, եւ ժողովուրդը պետք է իմ հեռացման հարցը որոշի:
Եվ մենք որոշեցինք, որ առաջարկենք խորհրդարանական ուժերին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչի՞ համար էինք դա ուզում անել: Ուզում էինք, որպեսզի ժողովուրդը, ի վերջո, կրկին վերահաստատի իր իշխանությունը՝ ոչ թե ինձ կամ մեզ ընտրելով, ում ուզում է ինքն ընտրի, դրանով վերահաստատի իր իշխանությունը: Բայց 17 ուժերը եւ խորհրդարանական ուժերը մերժեցին մեր այդ առաջարկը՝ ասելով, որ, ո՛չ, ժողովուրդը պետք է չորոշի, պետք է 17 կուսակցությունները կամ էլիտայի ներկայացուցիչները հավաքվեն եւ ժողովրդի փոխարեն որոշեն՝ ով պետք է լինի վարչապետ: Մենք ասացինք, որ դա թույլ չենք տալու:
Մենք կարող էին, այո՛, որոշել միանձնյա եւ գնալ ընտրություններ անելու: Բայց այդ քաղաքական ուժերն ասում էին՝ ինչ լավ է ընտրություններ են անում, 2000 ընտրական տեղամաս, այդ ընտրական տեղամասերում, այսպես ասած, կներեք արտահայտությանս, դեբոշներ կանենք, առիթից կօգտվենք, ինչքան կարողանանք: …
Ժողովուրդ, երբ այս հրապարակում մենք հեղափոխություն ենք արել, ասել ենք, որ դա պետք է լինի սիրո եւ համերաշխության հեղափոխություն: Բայց այդպես ենք ասել, եւ ասել ենք, որ բոլորը շանս պետք է ունենան: Ոչ մեկի նկատմամբ վենդետա մենք չենք արել, բայց ով ինչպես կարողացել է, մեզ թիկունքից խփել է՝ դատավորները խփել են, պետական պաշտոնյաները խփել են, ով որտեղ կարողացել է, մեզ խփել է: Եվ պատերազմի ժամանակ էլ նրանք ամեն օր երազում էին մեր բոլորի պարտությունը, որ ամսի 9-ին մտնեն այս շենք և ժողովրդի իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը:
Մենք երազել ենք եւ ամեն ինչ արել ենք հաղթանակի համար: Նրանք երազել են պարտության համար, որովհետեւ նրանք մտքում արդեն պարտվել էին, նրանք թղթի վրա արդեն պարտվել էին: Դրա համար էլ մտնում էին զինվորների մեջ եւ ասում էին՝ այս հողերը ծախած են, ամբողջը պայմանավորված է, ինչո՞ւ եք կռվում, անիմաստ է կռիվը, փախեք, գլուխներդ ազատեք այստեղից: Այդ փախնողները եկան հրապարակ եւ գրոհեցին կառավարության շենքը: Այս է ճշմարտությունը, ժողովուրդ:
Ես գիտեի, որ դուք ամենաշատն այդ էիք ուզում լսել, գիտեի: Բայց ի՞նչ է նշանակում թավիշին վերջ դնել: Դա նշանակում է օրինականության հաստատում, օրինականության լիարժեք հաստատում: Եվ այսօր ժողովուրդն ինչո՞ւ է հավաքվել: Որովհետև ժողովուրդը գիտի, որ այս պարտության պատճառը երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունը, Զինված ուժերը և ժողովրդին թալանածներն են: Այսօր իրենք էլ գիտեն, որ դա է հիմնական ժողովրդի պահանջը, ուզում են ներշնչել, թե մենք էլ ենք կոռումպացված, թե մենք էլ ենք գող: Մենք մեր ձեռքերը կկտրենք, ժողովրդի կոպեկը չենք գողանա, ժողովրդի և հայրենիքի ունեցվածքը չենք գողանա, որովհետև դրանով մենք խաչ կքաշենք մեր գոյության իմաստի վրա:
Ուրեմն՝ վերջ թավիշին»:
