Հայաստանի և Արցախի՝ մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները հրապարակել են «Քսենոֆոբիան Ադրբեջանում» զեկույցը։ Զեկույցում այդ երկրում էթնիկ հայերի նկատմամբ գեներացվող ատելության ու անհանդուրժողականության մասին է:
Արցախի հայ բնակչության համար այս խնդիրը գոյապահպանական լուրջ վտանգներ է պարունուակում: Զեկույցի հեղինակները արձանագրել են, որ հայատյաց քաղաքականությունը տարածվում է նաև Հայաստանի ու նրա քաղաքացիների նկատմամբ։ Ապացույցը՝ հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ վերաբերմունքն է:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշտադիտարկում է Ադրբեջանի հրապարակած տեսանյութերը՝ հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց մասնակցությամբ, թարգմանում դրանք հայերեն ու անգլերեն։ Այս մշտադիտարկումների արդյունքում են հայտնի դարձել Ադրբեջանի բարձրագույն իշխանության բազմաթիվ հայատյաց արտահայտություններ:
Հայաստանի և Արցախի՝ մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները Ադրբեջանի հակահայ քաղաքականության ապացույցներն ամփոփել են «Քսենոֆոբիան Ադրբեջանում» զեկույցում։ Արձանագրել են, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը նոր չէ, ուղղակի սեպտեմբերի 27–ին սանձազերծված պատերազմից հետո այն դարձավ առավել անողոք: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթևիկ Մանուկյանն արձանագրում է՝ ադրբե-ջանական մեդիադաշտը հեղեղված է հայատյաց, բռնության ու սպանության կոչեր պարունակող հայտարարություններով, որոնք ուղղված են ոչ միայն մեծահասակներին:
«Հայ երեխաների նկարներով հրա-պարակվում են դաժան հրապարակումներ։ Հարցումներ են իրականացվում՝ արդյո՞ք կսպանեք հայ երեխաներին։ Այս ամենը, ըստ ՄԻՊ-ի, պետք է նկատի ունենալ Հայաստանի սահմանների որոշման գործընթացում՝ երաշխավորելով կյանքի, հոգեկան ու ֆիզիկական անձեռնմխե-լիության իրավունքները»,- ասում է Տաթևիկ Մանուկյանը:
Ըստ զեկույցի՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին ադրբեջանցի քաղաքական ակտիվիստ Մետե Թուրքսոյը հայտարարել է. «Ոչ մի քաղաքացիական անձ չպետք է ողջ մնա Լեռնային Ղաաբաղում»: Դրանից մեկ օր անց «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովը ֆեյսբուքում գրել է. «Մենք պետք է սպանենք բոլորին, ում կարող ենք, ում էլ պատահի: Մենք չպետք է խղճանք։ Եթե մենք նրանց չսպանենք, մեր երեխաները կսպանվեն»:
Զեկույցում նշվում է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի դաժանությունները հայ զինվորների ու քաղաքացիական անձանց նկատմամբ՝ բացահայտ հայատյացության արդյունք է։ Հայատյացությունն այս երկրում փակ շղթա է։
Հայատյաց բառապաշար են տարիներ շարունակ գործածել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, հանրային դեմքերը, մարդու իրավունքների պաշտպանները։ Ադրբեջանի նախագահի ելույթները նույնպես լի են հայերի նկատմամբ ատելությամբ։
Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթևիկ Մանուկյանը մեջբերում է. «Մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին, նրանք ոչ խիղճ ունեն, ոչ բարոյականություն։ Մենք պետք է տանենք ավելի ուժեղ պայքար Հայաստանի դեմ ու ավելացնենք պայքարի կշիռը։ Մենք նրանց մեկուսացնելու ենք միջազգային ու տարածաշրջանային բոլոր ծրագրերից»։
Զեկույցն առանձին մասերով անդրադառնում է հայատյացությանը՝ դրսևորված Ադրբեջանի իշխանության, մշակութային ու մարզական գործիչների, ֆեյսբուքյան օգտատերերի կողմից, ինչպես նաև՝ ներկայացվում է հայ երեխաների նկատմամբ իրականցվող ատելության քարոզը: Առաջին դեմքի՝ նախագահի հայատյացությունը ոգեշնչման աղբյուր է մյուսների համար, արձանագրվում է զեկույցում:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է՝ սա զեկույց է Ադրբեջանի իշխանության ատելության ու թշնամանքի քաղաքականության մասին. «Զեկույցում ոչ միայն նկարագրված են 44–օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականցրած խոշտանգումները, սպանությունները, քաղաքացիական կառույցների թիրախավորումը, այլ որ դրանք ներկայացել են որպես էթնիկ պատկանելիության ատելության դրսևորում»։
Ատելությունը չի ձևավորվել մի քանի օրում կամ ամսում,-նկատում է Արթուր Սաքունցը: Նա հիշեցնում է, որ Ադրբեջանը չի հետևում միջազգային կառույցներում ստանձնած իր պարտավորություններին, իսկ այդ կառույցները լռում են տարիներ շարունակ:
Սաքունցն ասում է. «Պետք է արձանագրենք, որ այս պատերազմի սանձազերծմանը նպաստող կարևորագույն գործոններից մեկը էթնիկ պատկանելության հարցում վարվող քաղաքականության անպատժելի վարքագիծն է։ Սա միջազգային հանրությանը ահազանգ է, որ երբ ժամանակին չեն արձագանքում, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում շարունակվող անպատժելի դրսևորումների հանդեպ, դրանք այսպիսի ծայրահեղ դրսևորումներով՝ պատերազմով են արտահայտվում»։
Փաստերը, որոնք ամփոփված են «Քսենոֆոբիան Ադրբեջանում» անվանումով զեկույցում, մասնագետների կարծիքով, պետք է ներկայացնել միջազգային հարթակներ, թեպետ այդ հարթակներում Ադրբեջանի լեզուն և գործողությունները նորություն չեն: