Ողջոյն հայրենաբնակ մեր սիրելի քույրերին եւ եղբայրներին։
Անցնող աւելի քան եօթը ամիսներին, Արցախյան 44 օրյա պատերազմի արահաւիրքը փոթորկալից եղաւ ոչ միայն հայաստանաբնակ մեր ժողովրդի զաւակներին, այլ նաեւ աշխարհասփյուռ հայության համար անխտիր։

Բոլորս ողբացինք մեր կորուստները։ Կարելի բոլոր միջոցներով փորձեցինք օգտակար լինել պատերազմի ընթացքում վիրավորված մեր քաջարի զինվորներին։ Օգնութեան ձեռք երկարեցինք կարիքավորներին։ Փորձեցինք մխիթարել անմխիթար ծնողներին ու նրանց ընտանեկան պարագաներին։ Աղոթեցինք մեր գերիների անվտանգ վերադարձի համար։

Միւս կողմից սակայն, մեր զոհված նահատակների արյունը տակավին չչորացած, տակավին անթաղ նահատակների դիակները երեւան չհասած, առիթից օգտվողներ շահադիտական նկատումներով ձայն բարձրացրեցին ու քաոս ստեղծեցին, նպատակ ունենալով իրենց մեղքն ուրիշների վզին փաթաթել։

Վերջին երեք տարիներին, նախկին գողապետերը սուս-փուս հետեւում էին Արցախյան զարգացումներին։ Իմանում էին գալիքի մասին, սակայն դիտումնավոր լռություն էին պահում, որպեսզի մի օր «դավաճան»ի պատմուճանը հագցնեն այլոց։ Եվ դա արեցին այն հույսով, որ իրենք կվերադառնան՝ շարունակելու իրենց թալանը։
Սակայն երբ հասավ այնքան սպասված օրը, հունիսի 20-ը, նոր անդրադարձան, որ հայաստանաբնակ ժողովուրդը հետքայլ կատարելու նպատակ չունի, որովհետեւ 2018-ին առել էր իր վճռական որոշումը։

Ու այսպես փակվեց վարագույրը առաջին արարի, որպեսզի դարձեալ բացվի, ի նշան սկիզբ երկրորդ արարի։

Այս բոլոր անցուդարձերի մեջ, դժբախտաբար Մայր Աթոռի կեցվածքը խոտոր էր։ Մայր Աթոռի անարժան գահակալը, ի սեր Աստուծո, փոխանակ համերաշխության, իրարհասկացողության, սիրո, եղբայրության կոչերով հանդես գալու, կայծի վրա նավթ թափելով՝ վսեմաշուք ընտրյալ վարչապետի հրաժարականն է պահանջում ու իր այս տղայական արարքով փորձում ջուր մատակարարել իր երբեմնի գործընկեր գողապետների ջաղացքին։ Գող, սիրտը դող։

«Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ, քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»,- երգում է Հայ Եկեղեցու շարականագիրը։

Բայց այս օրերի գահակալը, անհաղորդ այդ կոչին, ուզում է քանդել հայ ժողովրդի Սրբություն Սրբոցը՝ Միածնաէջ Տաճարը։

Հայաստանաբնակ քույրեր եւ եղբայրներ, «արթուն կայցէք այսուհետեւ»,- մեզ թելադրում է մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս (Ղկ 21:36)։

Հետեւաբար, ամեն Հայ Քրիստոնյա պարտավոր է արթուն պահակը դառնալ մեր Սրբություն Սրբոցի, մեր հոգեւոր արժեքների ու գանձերի, որոնք վերջին քսանամյակին աճուրդի է հանել Լուսաւորչի ՍՈՒՐԲ Գահը երեսուն արծաթով զավթած Գարեգին Բ Ներսիսյանը։

Եկեղեցին վերածվել է վաճառատան, Ներսիսյան եղբայրների դուքանի, որտեղ ամեն տեսակի ամբարտավանություն կարելի է գտնել, բայցի հոգեւոր արժեքներ՝ ԵՐԲԵՔ։

Նման անփառունակ վիճակ էր ստեղծվել 2020 տարի առաջ Երուսաղեմի Տաճարում: Դրա համար էլ, Ծաղկազարդի առավոտ, մեր Տերը՝ Հիսուս, մտնելով տաճար, դուրս հանեց այնտեղ առուտուր անող բոլոր մարդկանց, շուռ տվեց լումայափոխների սեղաններն ու աղավնեվաճառների աթոռները: Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ» (Մտ 21:12-13):

Դժբախտաբար պատմությունն ինքն իրեն կրկնում է, մանաւանդ այն օրից (27 հոկտեմբերի 1999թ.) երբ Գարեգին Բ-ն, ՀԱՅՀՈՅԵԼՈՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ, անարժանաբար բազմեց Լուսավորչի Սուրբ Գահին եւ պղծեց այն։

Այս տխուր փաստի դիմաց, 2018-ին, մի խումբ հավատացյալներ, ներշնչված Քրիստոսի ծաղկազարդյան արարքից, փորձեցին մաքրել Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ու այն սեփական վաճառատան վերածած հոգեւորականներին, Հիսուսի օրինակով՝ դուրս շպրտել նրանց այդ սրբավայրից։ Անշուշտ Սփյուռքն անտարբեր չգտնվեց ի տես Հայրենիքում առնված հանդուգն որոշումի։ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՐ ՀԱՅՐԱՊԵՏ շարժումը, գլխավորությամբ քաջարի ու նվիրյալ հոգեւոր հոր՝ հոգեշնորհ Տգ Կորյուն վրդգի, մեծ հույս ներշնչեց նաեւ արտասահմանում բոլոր այն հաւատացյալներին, ովքեր Մայր Աթոռի ծաղկումն ու բարգավաճումը ուզում էին տեսնել։

Մեր մաղթանքն է, որ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՐ ՀԱՅՐԱՊԵՏ Շարժումը, Հայր Կորյունի շուրջ հավաքված, սփյուռքահայերի ջախջախիչ մեծամասնության աջակցությունը վայելող սրտացավ եկեղեցական ու մտավորական խավերի, վերակազմակեպվի՝ իր շուրջ համախմբելով հայաստանաբնակ հավատացյալ մեր եղբայրներին եւ քույրերին ու միանգամընդմիշդ վերջ տա Մայր Աթոռում տիրող սանձարձակություններին։

Սրտացավ հիմնադիրներ եւ անդամներ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՐ ՀԱՅՐԱՊԵՏ Շարժումի, Սփյուռքը ձեզ հետ է, իր մտավորականությամբ, իր թերթերով, իր հեռուստատեսային ծրագրերով եւ քարոզչական այլ կարելիություններով։ Հառա՛ջ ընթանանք, սիրելի քույրեր եւ եղբայրներ ի Քրիստոս։

Սիրելիներ, ըստ երջանակայիշատակ Գարեգին Ա Սարգիսյան Ամենայն Հայոց կաթողիկոսի, Եկեղեցին «ուղղափառ հասկացողությամբ, համայնք է: Քրիստոնեական հավատքը համայնքային ձևով միայն կարելի է ապրել, հետևաբար, առանց համայնքի չկա քրիստոնեություն: Քրիստոնեությունը փիլիսոփայություն չէ. Նազովրեցի Հիսուսը՝ քրիստոնեության հիմնադիրը, իր առաքելությունն սկսել է համայնքի ստեղծումով:

Ուրեմն, Եկեղեցին իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ համայնք, որը ձգտում է ապրել իր հավատքով»:

Հետեւաբար, հարկ է, որ համայնքը տեր կանգնի իր իրավունքներին։
«Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի քո անշարժ պահեա՛, եւ զերկրպագուս անո-ւանդ Քում պահեա՛ ի խաղաղութեան»:

Մայր Աթոռի ներկայի վիճակով մտահոգ Հայ Եկեղեցու զավակ, ձերդ՝
ԱՆԹՕ ՍԱՀԱԿ

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *