Ներկայում մի իրադրություն է, երբ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործունեությունը, և այդ իրադրությունը կառավարելու գործում կարևորվում է ոչ միայն համանախագահների, այլև ԱՄՆ դերակատարությունը: Ըստ հաղորդագրության, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը: Փաշինյանի խոսքն ունի ուշագրավ կառուցվածք: Նա փաստորեն Միացյալ Նահանգները առանձնացնում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից, կամ ավելի ճիշտ՝ Նահանգների դերը դիտարկում ոչ միայն Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, այլ նաև առանձին՝ դրանից դուրս:

Համենայնդեպս այդպիսի եզրակացության հիմք է ձևակերպումը, որ առկա իրադրությունը կառավարելու հարցում «ոչ միայն համանախագահների», այլ նաև ԱՄՆ դերակատարությունն է կարևոր: Չէ՞ որ ԱՄՆ համանախագահների շարքում է, հետևաբար հիմք կա եզրակացնելու, որ Հայաստանի վարչապետի հայտա-րարությունը պարունակում է նաև ազդակ կամ ակնարկ, որ Երևանը պատրաստ է դիտարկել իրավիճակի կառավարման հարցում հենց ԱՄՆ դերը՝ անկախ համանախագահության ձևաչափից: Սա իր հերթին նշանակում է նաև, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ ընդհանուր ձևա-չափային գործընթացի շարունակության պատրաստակամությամբ հանդերձ, պատրաստակամություն է հայտնում ռեգիոնալ հարցերում աշխատել նաև նրանց հետ առանձին-առանձին, այսպես ասած նրանց տարբերակված դերակա-տարումների շրջանակում:

Հայաստանն այդ իմաստով շփումներ է ունեցել նաև Ֆրանսիայի հետ, իսկ Ռուսաստանի հետ աշխատանքը և քննարկումները ակնառու են և հայտնի իրենց օրակարգով: Այստեղ էական խնդիրն այն է, թե Երևանը ունենալով այդ պատ-րաստակամությունը և փաստացի արտահայտելով այն, առարկայական իմաստով ինչ պատկերացումներ ունի, դիցուկ Միացյալ Նահանգների դերակատարության առումով: Ասել կուզի՝ Հայաստանն ունի՞ որևէ առաջարկ Նահանգների դերի առումով, թե՞ Հայաստանը պարզապես հավաստում է Նահանգներից առաջարկներ լսելու և քննարկելու իր պատրաս-տակամությունը: Սա էական հանգամանք է, որովհետև պարզ չէ նաև, թե ինչ է ակնկալում ԱՄՆ Հայաստանից՝ լսելու և քննարկումների՞, թե՞ առաջարկների պատրաս-տակամություն և պատրաստվածություն: Առավել ևս, որ Հայաստանը ներկայումս քննարկում է Սյունիքում ռուսական ռազմակայանի հենակետ հիմնելու հարցը ռուսական կողմի հետ, և առաջանում է մեկ այլ հարց՝ իսկ ի՞նչ «տարածք» է մնում ԱՄՆ, կամ թեկուզ Ֆրանսիայի հետ աշխատանքի, նրանց դերի համար:

Մյուս կողմից անշուշտ բացառելի չէ և այն, որ Նահանգներն ու Ֆրանսիան իրենց դերը դիտարկում են Ռուսաստանի վարքագիծ ու դերակատարումը թուրք-ադրբեջանական ուղղությամբ պայմանավորվածություններից դեպի հայկական ուղղությամբ պայմանավորվածության բերելու, սլաքը փոխելու հնարավորության, միջավայրի ձևավորումը: Այլ կերպ ասած, նրանք աշխույժ են քաղաքական հայտարարությունների մակարդակում, որի շնորհիվ փորձում են ձևավորել այնպիսի միջավայր, որը Մոսկվային կբերի հայկական խնդիրների և օրակարգերի դաշտ, որքան էլ Ռուսաստանը կփորձի հավատարիմ մնալ ռուս-թուրքական գործակցությանը: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները վերջին շրջանում իրականացրին դերակատարման «պիլոտային» ծրագիր՝ Վրաստանի միջնորդությամբ հասնելով 15 հայ ռազմագերու վերադարձի և թերևս ցույց տալով, որ ի վիճակի է և պատրաստ է ռեգիոնում իրացնել գործնական կառավարում:
Դա մի կողմից բնականաբար անհանգստացնելով Անկարային ու Մոսկվային, կարող է մղել նրանց համատեղ պատնեշի կազմավորման, մյուս կողմից սակայն անկասկած է նաև, որ ՌԴ և Թուրքիայի նախագահների հետ իր հանդիպումներում Բայդենին հաջողվել է որոշակիորեն տարանջատել նրանց, առնվազն հոգեբանական մակարդակում, վերբեռնելով երկակի կամ փոխադարձ զսպման մեխանիզմը, որ Թուրքիայի և Ռուսաստանի հանդեպ որոշակի հա-ջողությամբ կիրառում էր Օբամայի վարչակազմը, որտեղ Ջո Բայդենը ուներ փոխնախագահի դերակատարում:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *