Հայե՜ր,
դուք այնքան միամիտ եք, որ կարծում եք, թե աշխարհի հզոր և ոչ հզոր
պետությունների ղեկավարներն ու նրանց ժողովուրդները նայում, կարդում և
ունկնդրում են հայկական լրատվամիջոցնե՞րը: Այն էլ՝ հայերենո՞վ: Որ նրանք
մտնում են սոցցանցեր և կարդում են հայերի կողմից այնտեղ արվող գրառումներն
ու դիտում են հայերենով արված տեսահոլովակնե՞րը:
Եթե
այդքան միամիտ չեք, ինչու՞ եք մեր ցավերի, պրոբլեմների և հույսերի մասին
ասում միայն մեզ, հայերիս: Միայն մեզ ու միայն հայերենով: Հետո էլ
զարմանում, թե ինչու՞ է աշխարհն անտարբեր մնում մեզ տանջող պրոբլեմների
հանդեպ: Ինչու՞ ոչինչ չի ձեռնարկում, օգնության չի հասնում:
Հայեր,
կարծեմ դուք դեռ չեք կորցրել ձեր պետականությունը, չնայած 30 տարի
շարունակ ամեն ինչ արել եք դա իրականություն դարձնելու համար: Բայց, չի
հաջողվել, որովհետև այդ տարիները, բարեբախտաբար, շատ լիբերալ և
դեմոկրատական էին: Եվ անհնար էր այդ կորուստը մի երկրի համար, որը ոչ միայն
ՄԱԿ-ի, այլև Եվրախորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների անդամ է:
Հայեր,
եթե չեմ սխալվում, դուք ունեք պետությունը բնութագրող բոլոր անհրաժեշտ
կառույցները՝ պառլամենտ, կառավարություն, կառավարության ղեկավար,
պրեզիդենտ, մինիստրություններ, ԿԲ, բանակ, ԱԱԾ, ոստիկանություն: Ունեք նաև
ԱԳՆ, դեսպաններ, ՄԱԿ-ում ներկայացուցչություն:
Եթե
այդպես է, ինչու՞ եք պետականություն չունեցող ժողովուրդների, ասենք,
քրդերի և եզդիների նման գործում, երբ ձեր պրոբլեմները փորձում եք դարձնել
այլ երկրների և միջազգային կազմակերպությունների քննարկման առարկա: Ինչու՞
եք այդ երկրների դեսպանատների և միջազգային կառույցների գրասենյակների
առջև անցկացնում հանրահավաքներ: Չէ՞ որ դուք ձեր մուծած հարկերի,
տուրքերի, տուգանքների և այլ նմանատիպ վճարների հաշվին բավականին լավ,
միջինից բաձր աշխատավարձեր եք վճարում ՀՀ պետական կառույցների ուռճացված
անձնակազմներին: Իսկ դրանց ղեկավար կազմին տալիս եք եվրոպական երկրներին
հարիր աշխատավարձեր, պարգևավճարներ, արտոնություններ, պադավատներ:
Եթե
դուք ձեր պրեզիդենտին անվանել եք նախագահ, կառավարության ղեկավարին՝
վարչապետ, մինիստրներին՝ նախարար, մյուսներին՝ մարզպետ, գյուղապետ,
թաղապետ, ի՞նչ է, նրանք այլևս պետության, կառավարության, ռեգիոնների
ղեկավարնե՞ր չեն: Եվ իրավունք են ստացել Հայաստանը և մեզ ղեկավարել այնպես,
ինչպես ընդունված էր կառավարել հին դարերում, կամ ինչպես կոլխոզի
նախագահնե՞րն էին ղեկավարում:
Հայեր,
դուք այնքան միամիտ եք, որ կարծում եք, թե եթե ձեր երկրի մեծամեծներն ու
պատգամավորները կառավարության, կամ ԱԺ նիստերի ժամանակ ինչ-որ բաներ են
ասում, կամ ձեր ԱԳՆ-ն անհասցե հայտարարություններ է անում, աշխարհը
պարտավոր է իմանա՞լ այդ մասին:
Աշխարհի
պետություններն ու ժողովուրդներն ունեն իրենց սեփական հոգսերը և ամենևին
էլ պարտավոր չեն քթները խոթել և հետաքրքրվել այնպիսի փոքր երկրների ներսում
տեղի ունեցող խոսակցություններով և իրադարձություններով, որպիսին որ
Հայաստանն է: Հայաստանի հանրապետությունն ինքը՝ իր ԱԳՆ-ի, միջազգային
կառույցներում աշխատող իր ներկայացուցիչների, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովների
նիստերում հանդես գալու արտոնություն ունեցող ՀՀ ղեկավարի միջոցով պետք է
պաշտոնապես բարձրաձայնի իր խնդիրների մասին: Իսկ եթե պատերազմ է սկսվում,
այլ երկրի զինված ուժերը ՀՀ տարածքներ են սպառնում գրավել, կամ գրավում են,
մեր պետության ղեկավարները չպետք է հույսը դնեն ՀՀ ՄԻՊ-ի և մարդու
իրավունքները պաշտպանող թեկուզ և հեղինակավոր, բայց ոչ կառավարական
միջազգային կազմակերպությունների վրա: Նրանք իրենք պետք է գրավոր և բանավոր
դիմեն այլ պետությունների ղեկավարներին, կառավարություններին և
միջազգային կառույցներին՝ ընդհուպ, մինչև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և
ՄԱԿ-ի Միջազգային դատարան:
Նույնը
պետք է լինի, երբ Արցախում բնակվող մեր հայրենակիցների հանդեպ
պատերազմական հանցագործություններ և այլ հանցավոր ոտնձգություններ են
կատարվում: Ինչ վերաբերում է Արցախի ՄԻՊ-ի և արտգործնախարարի
հայտարարություններին ու բողոքներին, դրանք կմնան անհետևանք, քանի որ
Արցախը չունի աշխարհի կողմից ճանաչված պետականություն:
Նախանձով
եմ հետևում Ուկրաինայի նախագահ Զելենսկու գործողություններին: Նա չի
լռում, չի թաքնվում պաշտոն և իրավասություններ, այսինքն, նաև
պատասխանատվություն չունեցող ԶՈՒ ինչ-որ մի ներկայացուցչի թիկունքում,
այլ ամենօրյա ռեժիմով ակտիվ դիմում է աշխարհին և իր ժողովրդին: Չի վախենում
քննադատել աշխարհի հզորագույն պետությունների ղեկավարներին՝ անբավարար
համարելով նրանց տրամադրած ռազմական և ֆինանսական ահռելի օգնությունը: Եվ
այդ մարդուն մեր որոշ լրատվամիջոցներում ծաղրածու՞ են անվանում: Դա երևի
արվում է այն նպատակով, որ մենք չգիտակցենք, թե ինչպիսին պետք է լինի
իսկական ղեկավարը՝ կրիտիկական իրավիճակներում:
Ժամանակին
նախանձով էի հետևում նաև Սաակաշվիլու գործողություններին, որին հաջողվեց
նորմալ ճանապարհներից զուրկ, թոշակները կես տարի ուշացումով վճարող,
փլուզված և քայքայված Վրաստանը ոտքի կանգնեցնել՝ վերացնելով կոռուպցիան:
Հաջողվեց վերադարձնել փաստորեն արդեն իսկ անջատված Աջարիան: Հաջողվեց
փարատել ջավախահայերի անվստահությունը Թբիլիսիի հանդեպ, հանել նրանց
մեկուսացումից, դարձնելով լիիրավ քաղաքացիներ: Հաջողվեց գազաֆիկացնել
Ջավախքը, կառուցել նորմալ ճանապարհներ: Նա ոչ թե Վրաստանի արդեն իսկ
գոյություն ունեցող օբյեկտները վաճառեց օտարերկրացիներին, այն էլ
ստրատեգիական նշանակության ունեցող, այլ այնպես արեց, որ օտարերկրացիներն
իրենք, իրենց իսկ ֆինանսական միջոցների հաշվին Վրաստանում կառուցեցին
օբյեկտներ և հիմնեցին բիզնեսներ:
Միգուցե
ժամանակն է, որ մեր ղեկավարները նու՞յնպես հիշեն իրենց
պարտականությունների մասին: Եվ ոչ թե մեզ, այլ աշխարհի համապատասխան
կառույցների՞ն պաշտոնապես տեղեկացնեն հակառակորդի ոտնձգությունների մասին:
Այլապես
անհասկանալի է, թե ինչով ենք մենք տարբերվում պետականություն չունեցող
ազգերից և ինչու ենք ֆինանսավորում մեր բազմապիսի պետական կառույցները:
Գրիգոր Էմին-Տերյան
