Posted on September. 1. 2022
Գրեց՝ Առլեն Շահվերդյան
Վե՛ր կաց, Ժողովո՛ւրդ, թշնամին մո՛տ է,
Թշնամին մո՛տ է, ախորժակը՝ մե՜ծ,
Տանդ դռա՛նն է դունչը մոտեցրել
Եվ Հայրենիքդ խլել է ուզում:
Հաղթակա՛ն էր Քո լույս առավոտը,
Ոսոխդ, սակայն, քեզ ավե՛ր բերեց,
Տանդ շեմի՛ն է ոտքը մոտեցրել,
Քո մահն է տեսնում իր սև երազում:
Վե՛ր կաց, Ժողովո՛ւրդ, բռունցքվի՛ր ամուր
Հայրենյաց հողիդ ուժո՛վ պատմական,
Արցախ ազատած հաղթակա՛ն ոգուդ
Զարթո՛նքն ու շո՛ւնչն ապրիր վերստի՛ն:
Ո՛ւժն է իրավունք ծնում աշխարհում,
Ուժո՛վ հաստատիր խաղաղ ապագան,
Տե՛ր կանգնիր հողի՛դ ու արդար պատվի՛դ,
Վերջ տուր ոսոխիդ գարշելի՛ ստին:
Քեզ չի՛ կոտրելու հոխորտանքը նենգ
Եվ չե՛ն վախեցնի քեզ ցավ ու մահով,
Դարերով դաժան թշնամի ունենք,
Բայց, չե՛նք վերացել նրա սպառնանքից:
Վե՛ր կաց, Ժողովո՛ւրդ, անելի՛ք ունենք,
Դեռ պիտի կերտե՛նք մեր կյանքը՝ դարո՜վ,
Դեռ պիտի ազգովի քոչարի՛ պարենք՝
Խնդությամբ լցված՝ նո՛ր հաղթանակից:
Առլեն Շահվերդյան