Գրեց՝ Սամվել Հովասափյան
Վերադարձ
Եկա, որ այստեղ ձեզ համար այսօր
Հըրեղեն խոսքեր կռեմ ու խնդում,
Լսեմ հաղթական մարտի ցնծություն,
Տեսնեմ շարքերը ձեր հզորազոր։
Եվ լուսաբացինք երբ հոգնած լինեք, Երբ քնած լինեք թշնամուց խաբված,
Արևածագի ցնծությամբ արբած,
Կանչեմ ձեզ, ճչամ՝ եղբայրնե՜ր, ելե՛ք…
Վահան Տերյան
Որ Հայաստանը իր անկախության օրից, ի սկզբանե, եղել է՝ Ռուսաստանի կիսագաղութը, որ նախկին նախագահները իրենք չլինելով անկախ, ի՛նչ-ի՛նչ խնդիրներ, առաջադրանքներ կամ պատվերներ կատարելով, իրենց նախագահության ընթացքում, ոչ թե աշխատել են երկրի ինքնիշխանությունը վերականգնելու համար, այլ ասես հատուկ ծրագրով, ավելի են ամրապնդել երկրի կախվա-ծությունը ԴՌ-ից ու կիսագաղութային վիճակը։ Ցավոք այլ որակավորում տալ այն գործընթացին հնարավոր չէ, որի արդյունքը այսօրվա Հայաստանն է։
Մեզանից շատերը անկախությունից հետո այցելելով Հայաստան, հենց առաջին րոպեներին, երբ մտել ենք Զվարթնոց օդակայանի շենք, կամ այլ ցամաքային սահմանի հայկական ստուգման կետին մոտենալով, մեր անձնագրերը երկարել ենք ստուգման, մեր դեմ է նստած եղել ռուս զինվոր, ասես հին ժամանակներից մնացած համազգեստով ու պահվածքով։ Ինչպե՞ս չհիասթափվել, ինչպե՞ս մարսել, ինչպե՞ս հաշտվել դարերի սպասոմների քաղցըր – մեղցր իրականության հետ։
Եղել է այնպես, ինչպես ցանկացել ու պատվիրել են Դաշնային Ռուսաստանի իշխանությունները։ Ուզենք, թե՝ չուզենք, դա է իրականությունը, որի հետե-ւանքով այսօր երկիրը կանգնած է մի առանձնահատուկ, բարդ ու անլուծելի թվացող, ճակատագրական երկընտրանքի առաջ։ Մի կացություն, որը ամրա-
պնդելու համար այսօր փողոցներում ցույցեր են անում նրանց դրածոները։
Այլ ի՞նչ որակավորում տալ այն անձանց, ովքեր ահա երկու տարի է ինչ փորձում են կաթվածահար անել երկիրը, ժողովրդի մոտ դժգոհություն առաջացնել իշխանությունների նկատմամբ, որի արդյունքն, իրենց հույսով՝ իշխանափոխությունն է լինելու։ Հենց այն, որ նրանք գիտեն, թե իրենք գրագետ, ժողովրդավար ու ոչ-բռնի մեթոդներով իշխանափոխության չեն կարող հասնել, նրանց մերժելի է դարձնում հայ ժողովրդի մոտ ու մեր սփյուռքահայերիս անելիքն է, այո մեր հայրենասիրական պարտքն է, եթե միշտ չէ, որ հավաքներ ու ցույցեր կազմակերպել կարելի է, գոնե գրություններով, գոնե խոսքով, մեր շրջապատում մեր բոլոր միջոցներով ու կարողություններով սատար կանգնել հայրենի երիտասարդ իշխանություններին…
Այո հենց հիմա է ժամը՝ արթնացումի, ազգի միասնականության։
Քանի որ, տեսնում ենք, թե ի՛նչ է կատարվում Երևանի փողոցներում, որտեղ իրենց պատվիրված հակաինքնության, հակաանկախության ու հակահայկականության, թող ինձ ներվի ասել՝ պատվիրված (ցավով եմ գրում այս տողերը, բայց այլ որակավորումի արժանի չեն նրանք )ու չարամիտ թմբուկն են զարկում մի խումբ՝ ոչ բարով՝ հայության անունը կրող անձինք…
Այո հենց հիմա է ժամը՝ արթնացումի, ազգի միասնականության։
Քանի որ տեսնում ենք, թե ի՛նչ է կատարվում Արցախում, Հայաստանի սահմաններում, երբ դարձյալ ազերիները իրենց հերթական սադրանքն ու գրոհն են սկսել Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ, որի արդյունքում կան բազմաթիվ երիտասարդ զոհեր ու վիրավորներ…
Ու իրենց հույսով ու իրենց ասելով՝ հենց այս օրվա, հենց նման կացության առաջն առնելու համար էլ, Հայաստանի նախկին իշխանությունները երկիրը դարձրել են Ռուսաստանից կախված ու իբր՝ նրա դաշնակիցը, սակայն Ռուսաստանն իր շահերն ունի, իր հաշիվներն ու իր խնդիրները, կախված՝ Ուկրաինայի պատերազմի հետ։ Իսկ ՀԱՊԿ-ը՞, թվում է թե՝ ծնված օրից, մեռած օրգանիզմ է եղել, միայն մենք՝ միամիտներս կարծել ենք, թե այն շունչ կստանա, կապրի ու ժամանակին կկատարի իր պարտականությունը։ Իհարկե որ մեծ էր նաև մեր սպասելիքը Ռուսաստանից, սակայն նա ևս լռեց՝ հիասթափեցնելով շատերիս, որ դեռ հավատում էինք մեր երկկողմ շահերին, ռազմական դաշինքին։ Նման փաստի առաջ կանգնելով այս օրերին ավելի հստակ ու աներկբա են հնչում շատերի՝ Ռուսաստանից անջատվելու կոչերը։
Այդ անձանց շարքերում են այնպիսի անձնավորություններ, ովքեր պաշտպանել ու պաշտպանում են նոր իշխանություններին, ովքեր երկար տարիներ քաղաքականության մեջ են ու նրանց ասածը կշիռ ունի, մտածելու տեղիք է տալիս, ու մենք ոչ մի պատճառ չունենք նրանց անձի նկատմամբ կասկածանք հայտնել։ Այս օրերին նրանք միանշանակ իշխանություններին կոչ են անում ՀԱՊԿ-ից դուրս գալ, չեղյալ համարել ԴՌ-ի հետ փոխօգնության դաշինքն ու փորձել ՆԱՏՈ- ի ու Եւրոմիության անդամ դառնալ։
Որքան էլ որ մեր հարգանքը մեծ է նրանց անձի նկատմամբ, սակայն անհասկանալի, այո, անիրագործելի է թվում, ավելին՝ արկածային, նրանց առաջարկը։ Այն իր մեջ պարունակում է մի քանի վտանգավոր անհատներով, ոչ կանխատեսելի փորձություններ, որի հետևանքը կարող է լինել՝ ինքնիշխանության ու անկախության վերջը։ Քանի որ ցավոք ԴՌ-ի իշխանավորների մոտ դեռ առկա է հնուց եկած մեծապետական աշխարհահայացքը։
Պուտինը բազմիցս արտահայտվել է այդ ուղղությամբ։ Այո ասես նրանք ժառանգել են միմիայն մի մտայնություն. նրանց մտապատկերում դեռ իշխում է ցարերի ժամանակներից եկած հայության պատկերը, որ իրենք վեր են՝ խեղճ, թույլ, անպաշտպան հայերից, այսինքն՝ հայերի երկրի իշխանություններից։ Նրանք միշտ էլ տիրել են ու այսօր էլ, անկախության տարիներին, դարձյալ տիրում են երկրի բոլոր կարևոր հանքերին, այլևայլ տնտեսական ձեռնարկություններին։
Այսօր ինչպես և անցյալում ԴՌ-ը ռազմական կարևոր բազաներ ունի, թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում, բացի այդ՝ այսօր ավելացել է նաև այն կարևոր իրողությունն, որ նա ամենակարևոր սպառողն է Հայաստանի գյուղատնտեսական մթերքների, ինչպես նաև տարբեր մանրածախ արտա-դրանքների։
Չմոռանալ՝ Վրաստանի վրայով ամենակարևոր արտաքին ճանապարհը, բժշկական լեզվով ասած՝ այն ճանապարհը, որը երկրի ամենակարևոր արյունատար անոթն է։ Այս ամենին հավելվում է այն իրողությունը, որ ԴՌ-ը ոչ մի դեպքում չի հանդուրժի ՆԱՏՈ-ի ներկայությունը Կովկասում, այն էլ Հայաստանում։ Վրաստանի ու Ուկրաինայի օրինակներն ավելի քան ցայտուն են։
Պետք չէ մոռանալ այն մոտ երկու միլիոն Ռուսաստանում բնակվող հայությանը, որը միշտ էլ հիվանդագին է ընդունել ու ընդունում հակառուսական երևույթները Հայաստանում, նրանց համար միևնույնն է, որ Հայաստանում դրսեվորվող հակառուսական տրամադրություններն ուղղված են ոչ թե՝ ռուս՝ բարեկամ ժողովրդի, այլ ԴՌ-ի իշխանությունների մեծապետական, նոր գաղութային քաղաքականության դրսևորումների դեմ…
Բեռլին, սեպտեմբեր 2022
Սամվել Հովասափյան