Posted on July. 4. 2024
Գրեց՝ Ռուբէն Յովակիմեան
« Խոհեմութիւնը, երբ գիտի, թէ ինչպէս եւ ինչ պէտք է զիջել հանգամանքների պահանջով, կառավարման ձեւերից մէկն է»: Վոբան
Կենդանական աշխարհում օրինական երեւոյթը է գործել բնազդաբար, քանզի այդ է կարգը իմացականութեան բացակայութեան առումով, բայց նոյն գործելակերպը անընդունելի եւ պախարակելի պիտի համարուի մարդկային հասարակութեան պարագային, մանաւանդ երբ այն անընդհատ առերես բախւում է իր գոյութեան լինել-չլինելու սպառնալիքների, տարբեր անլուծելի խնդիրների հետ՝ բայց բնազդաբար, թերեւս անգիտակցաբար կամ անյայտ շահադիտական պատճառների դրդումով՝ ինքնաոչնչացման ուղին է բռնում:
Ցաւօք, մեր աւետեաց երկրում այդպիսին է արդի վիճակը քաղաքական առումով՝ նմանուելով Աւգեան ախոռի, որի մաքրումը եւ կարգի բերումը հեռու է իրականութիւնից, քանզի հիմնական դերակատարների լեզուն նման է բաբելոնեանին:
Մտադիր չեմ իշխանութեան կամ վարչապետի գովերգը անել՝ համարելով, որ օրինազանց չեն եւ իրենց կարողութիւնների եւ հասանելի հնարաւոր միջոցներով դիմակայում են ծագած խնդիրներին, թերեւս կատարեալ եւս չեն, բայց ո՞վ է անթերի եւ նաւթ չունեցող ո՞ր երկիրն է յարգելի:
Այսուհանդերձ վարչապետը իր գործակիցների հետ պէտք չէ մոռանան, որ իրենց առաքինութեան եւ անժխտելի ծրագրի առկայութեամբ չէր, որ իշխանութեան եկան, այլ ժողովրդի մէջ կուտակուած նողկանքի, եւ ատելութեան մաղձի, որ հասել էր գագաթին նախկին տասնամեակների ընթացքին:
Միեւնոյն ժամանակ նշեմ նաեւ, որ ընդդիմադիր ուժերի նկատմամբ եւս գովերգելու որեւէ պատճառ չունեմ, նաեւ պախարակելու, միայն թէ նրանք են, որ երկրի նկատմամբ կառուցողական լինելու իրենց օրինական դերը մոռանալով լծուել են «քանդենք ու տիրենք» գործունէութեան, որի լայն ցուցադրումն է նրանց վարքն ու բարքը Ազգային ժողովի նիստերի ընթացքին եւ ցոյցերի ընթացքին փողոցների աղբամաններով փակելը , որ հեռու է բաւարար լինելուց երկրի պահանջների համեմատ: Չմոռանանք երկրում սակաւապետ համակարգի հաստատումը պետական միջոցների թալանով, հոկտեմբեր 27-ը, մարտի 1-ը եւ բազում այլ արարքներ, երբ քոչը գանձեր էր կուտակում, իսկ սերժիկի եղբայրները երկրի տէրն ու տիրական էին, մինչեւ իսկ շքանշանակիր էին դարձել, անյայտ ծառայութիւնների համար:
Աներկբայ է, որ որեւէ երկրում բանիմաց եւ կարգապահ ընդդիմութիւնը մանանայ է երկրի համար, նրա բարգաւաճման, վերակառուցման եւ բարե- կեցութեան համար անհրաժեշտ եւ բաւարար պայմաններ ստեղծելու: Առաւել կարեւոր է, որ իշխանութիւն, ընդդիմութիւն, եկեղեցի երրորդութիւնը (triumvirat) միախոհ, համերաշխ, փոխադարձ յարգանքով գործի:
Աւա՜ղ, հեռու, շատ հեռու է կացութիւնը այդպիսի երանելի վիճակին նմանուելուց: Անհասկանալի եւ անհիմն երեւոյթների բերումով անհամաձայնութեան մեծ խրամատ է բացուել վարչապետ-կաթողիկոս եղած յարաբերութիւնների միջեւ, որ որեւէ դրական կամ ցանկալի հետեւանք չի կարող ունենալ: Երկու կողմից իրար հրաժարական պահանջելով անյայտ է, թէ մինչեւ ո՞ւր կարող են հասնել, մինչ այդ արդէն գերյոգնած ու տառապած ժողովուրդն է տուժում: