Գյումրիում հոկտեմբերի 2-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ կգործի նոր, բացառիկ ցուցահանդես՝ «Գորգերը՝ պատմության լուռ վկաներ» խորագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախաձեռնությունը իրականացվում է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի, Շիրակի երկրագիտական թանգարանի և «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի համատեղ ջանքերով։ Ցուցադրությունը հյուրընկալելու է Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը։ Ցուցահանդեսում ներկայացվելու են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի գորգեր ու կարպետներ։ Ամենահին նմուշը 1853 թվականի է։ «Շիրակի երկրագիտական թանգարանի 9 գորգերից 8-ը ցուցադրվելու են առաջին անգամ, իսկ մեկ գորգ ցուցադրվել է դեռ 1960–70-ական թվականներին։ Սա է ցուցահանդեսի բացառիկությունը. այցելուներն առաջին անգամ հնարավորություն կունենան տեսնելու այդ յուրօրինակ նմուշները»,-նշեց Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի տնօրեն Անի Նազարյանը։ Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվի ընդհանուր առմամբ 16 գորգ և կարպետ՝ որոնցից 9-ը Շիրակի երկրագիտական թանգարանի հավաքածուից, 6-ը՝ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանից, և 1-ը՝ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի ֆոնդից։ «Սա ոչ միայն բացառիկ ցուցադրություն է, այլ նաև Գյումրու թանգարանների արդյունավետ համագործակցության և համատեղ նոր կոնցեպտով ներկայացման հրաշալի օրինակ»,- ընդգըծեց Անի Նազարյանը՝ հավելելով, որ ցուցահանդեսի բացմանը զուգահեռ թանգարանում անցկացվելու են գորգագործության անվճար դասընթացներ։ Դասընթացներն անցկացվում են «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի հետ համագործակցությամբ և նպատակ ունեն փոխանցելու գորգ գործելու հմտությունները, ինչպես նաև մասնակիցներին ծանոթացնելու գորգագործության պատմությանը և հայկական զարդանախշերի բազմազանությանը։