Երևանում մեկնարկել է Համաշխարհային զբոսաշրջային հաղորդակցության ֆորումը (World Tourism Communication Forum: Connecting People, Places, and Perspectives» խորագրով միջազգային հարթակը հյուրընկալել և միավորել է ոլորտի համաշխարհային առաջնորդներին, քաղաքականություն մշակողներին և հաղորդակցության մասնագետներին՝ ուսումնասիրելու, թե ինչպես է ռազմավարական հաղորդակցությունը ձևավորում զբոսաշրջության ապագան։ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց՝ այսօր հավաքվել են՝ միասին քննարկելու, մտածելու, թե ինչպե՞ս կարելի է հաղորդակցության և մարդկային կապերի միջոցով ձևավորել զբոսաշրջային ապագան։ «Ձեր ներկայությունն այստեղ խոսում է առաջին հերթին Հայաստանի հանդեպ աճող հետաքրքրության, վստահության և գործընկերային պատրաստակամության մասին։ Դա միաժամանակ և՛ գնահատանք է, և՛ պարտավորություն՝ շարունակել կառուցել ավելի հասանելի, ավելի հյուրընկալ և ավելի կայուն միջավայր մեր երկրի այցելուների համար։ Այսօր հաղորդակցությունը պարզապես տեղեկատվության փոխանակում չէ, այն ավելին է, և զբոսաշրջային հաղորդակցությունն ու բրենդավորումը, ըստ էության, ձևավորում են այն պատկերը, որով աշխարհը տեսնում և ընկալում է յուրաքանչյուր երկիր՝ որպես առանձնահատուկ զբոսաշրջային ուղղություն։ Այս գործընթացում, իհարկե, մեդիան ունի հզոր ազդեցություն և կարող է փոխել ցանկացած երկրի վերաբերյալ կարծրատիպերը, ցույց տալ իրական արժեքները և բացել նոր հնարավորություններ։ Արդյունքում զբոսաշրջիկն ուղղակի ընտրում է այն պատմությունը, որի մի մասը ինքն ուզում է դառնալ»,- նշեց նախարարը:
                    