«Ակադեմիական քաղաք» ռազմավարական նախաձեռնությունը մտել է գործնական իրագործման փուլ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում։ Նախարարի խոսքով՝ նախագծի համար 2026 թվականի բյուջեով նախատեսված է մոտ 5 միլիարդ դրամ, ինչը գրեթե կրկնակի է 2025 թվականի հատկացումներից։ «Մենք մտել ենք «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործնական իրագործման փուլ։ Վերջերս ամփոփվեց 14 քաղաքային բնակավայրում անցկացված հանրային արշավը, ինչպես նաև հոկտեմբերի 20-21-ին տեղի ունեցած միջազգային համաժողովը, որին մասնակցեցին ՀՀ բուհերի և տարբեր երկրների պատվիրակություններ։ Արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին ծրագրի մրցունակությունն ու հանրային զարգացման համար ունեցած հեղափոխական նշանակությունը»,-նշեց Անդրեասյանը։ Նախարարը հայտնեց, որ ներկայում «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագիծը գտնվում է ամփոփման փուլում, և աշխատանքները շարունակվում են՝ համաձայն գործող օրենսդրական կարգավորումների։ Նա նաև ընդգծեց, որ այս շաբաթ կմեկնարկեն տարածքի մաքրման աշխատանքները, որոնցում ներգրավված է մասնագիտացված ծառայություն։ «Հանրությանը կոչ եմ անում մասնակից դառնալ մաքրման գործընթացին։ Սա բոլորիս համատեղ նախաձեռնությունն է»,-ասաց նախարարը։ Անդրեասյանի խոսքով՝ ներդրումային պլանը մշակվում է հեղինակավոր խորհրդատվական կազմակերպության կողմից։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *