Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում Երևանի և Պեկինի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում: «Ռազմավարական գործընկերության փաստաթղթում հղում կա նաև «Խաղաղության խաչմերուկ» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծերին: Ակնհայտ է, որ նախագծերն ունեն բովանդակային առումով համընկնումներ: Այդ նախագծերը եզակի չեն: «Խաղաղության խաչմերուկ»-ը, Tripp-ը մի կետ են, որոնք կարող են համատեղել տարբեր երկրներում ձևավորված բովանդակությունը և իմ կարծիքով դա գործնականում տեղի է ունենալու, պետք է լինել պրոֆեսիոնալ, հետևողական և համբերատար»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը հավելեց՝ վերջին տարիների Հայաստանի արտաքին քաղաքական ընդգծումները ոչ թե բախվում են, այլ լրացնում են մեկը մյուսին, և դա է բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության էությունը: «Վաշինգտոնի հռչակագրից հետո մի շարք գործընկեր երկրներում որոշակի մտահոգություններ եղան, բայց ժամանակի ընթացքում այդ մտահոգությունները ոչ միայն փարատված են, այլև գործընկեր երկրներից հետաքրքրություն կա մասնակցելու և ներկա լինելու տեղի ունեցող գործընթացներում: Այս առումով ոգևորված եմ, որ հնարավորություն կա Հայաստանն իսկապես դարձնել խաղաղության խաչմերուկ»,-նշեց ՀՀ վարչապետը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP-ը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության բաղադրիչներից մեկն է։
