Ժիրայր Թունյան

26 Մայիս, 2018

Երկար ժամանակ վարանում էի գրել, բայց իրականությունը ստիպեց ու որոշեցի արտահայտվել:
Վերջին ժամանակներում բուռն քննարկումներ են ծավալվել եկեղեցու վերաբերյալ: Բնականաբար, դա մեր հասարակությանը պիտի հուզի: Բայց հարցն այն չէ, որ մերժում ենք, այլ ժամանակն է նաև՝ բարեփոխումներ լինեն եկեղեցում, ինչպես կատարվում է հանրային կյանքում:
Երբևիցե ինքներս մեզ հարց տվե՞լ ենք, թե ինչո՛ւ է այսքան եկեղեցի կառուցվում: Մի՞թե ժողովուրդը կորցրել է իր հավատամքը: Ո՛չ, ժողովրդի հավատն առ Աստված երևաց այս օրերում: Պարզապես այդ շինության մեջ եկեղեցու վերնախավը «լվանում» է գումարներ, իսկ փշրանքներից օգտվում են ցածր դասի հոգևորականները:

Կաթողիկոսը և բարձրաստիճան եկեղեցականները սեփականացրել են եկեղեցին ու կառավարում են իրենց քմահաճույքով, և այդ իսկ պատճառով ժողովրդի մեջ կա անհանդուրժողություն եկեղեցու նկատմամբ, նրա ազգասպառող կեցվածքի դեմ, իսկ դա հանդուրժելի չէ: Եթե եկեղեցին հասցեատերը չէ հայրենիքին և չի գործում ի շահ իր ազգի, ապա ապազգային է և ընդունելի չէ:

Այժմյան եկեղեցին չի սովորեցնում իր հոտի անդամներին ապրել հանուն հայրենիքի և դեմ են անհատի ազատությանը: Իսկ դա վառ ապացույց է մեր օրերում, որ ժողովրդի կողքին չէին: Ճիշտ է՝ որոշ քահանաներ միացան շարժմանը, բայց դա մի կաթիլ էր ծովի մեջ: Մեր հոգևոր հայրերը դարերի ընթացքում ցույց են տվել, որ ժողովրդի հետ են եղել ճակատագրական պահերին:
Չմոռանանք Վազգեն Ա վեհափառին, որ 88-ի շարժման օրերին ժողովրդի հետ ու ժողովրդի մեջ էր: Իսկ հիմա եկեղեցին իր վարքագծով այնպես է արել, որ իր հոտը նույնիսկ երես է թեքել իրենից: Այո՛, եկեղեցին սերտաճել էր նախկին իշխանության հետ և նրա՛նց կամքն էր անում, ոչ թե՝ Աստծո: Եվ վա՜յ այն հոգևորականներին, ովքեր օլիգարխների հետ սերտաճած, նրանց հաճոյախոսում են Աստծո խոսքով և բարեխոս են դարձել նրանց հոգիների համար՝ կարծելով, թե Պողոսն ու Պետրոսն են: Վա՜յ ձեզ, քահանանե՛ր, մի՛ մոռացեք Հովհաննես Մկրտչի այս խոսքերը. «Իժերի ծնունդներ, ո՞վ ձեզ իմաց տվեց գալիք բարկությունից փախչելը, ուրեմն ապաշխարհության արժանավոր պտուղ բերեք» (Ղուկաս 3:7-8):
Հիշի՛ր, որքան և տարբեր լինեն քո մտածողության եղանակները, որքան տարբեր լինեն քո մոտեցումները, մի՞թե մեզ բոլորիս ոգևորողը մեր ազգի հավատի ամրապնդումը ու հզորությունը չէ: Այսօր դու բարձրաձայնում ես, որ ժողովուրդը հարում է այլ աղանդների: Իսկ որտե՞ղ է ձեր սրբությունն ու ճշմարտությունը: Քրիստոս, դիմելով քահանաներին և փարիսեցիներին, ասաց. «Պնակի դուրսը մաքրում եք, իսկ ներսից անիրավություններով լցված եք»: Մի՞թե քո այդ հագուստն է որոշում քո սրբությունը, քո հոգևոր աստիճանը, իսկ քո անիրավությունները որտե՞ղ պետք է թաքցնես: Չկան ծածուկ բաներ, որ ի հայտ չգան: Չէ՞ որ եթե ժողովուրդը տեսներ ձեր բարի գործերը, կհետևեր ձեզ: Հիշեք Քրիստոսի խոսքը.«Դուք եք աշխարհի լույսը» (Մատթևոս 5:14): Եթե չընդունեք այս ճշմարտությունը, դարձի չգաք և հանձնառու չլինեք շարունակելու մեր հոգևոր հայրերի և Քրիստոսի պատգամը, կործանված եք: Ժամանակն է նաև քայլ անել ու մերժել Գարեգին Բ-ին և իր կոռումպացված բարձրաստիճան եկեղեցականերին, որպեսզի հասկանան իրենց ազգակործան արարքները, շտկեն եկեղեցին և ազգային դաշտի մեջ վերակառուցվեն:

Ժիրայր Թունյան

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *