5.05.2014
«Zham.am»-ի խմբագրությունը նամակ է ստացել Սփյուռքի մի շարք հոգևորականներից, որոնք բաց նամակ են
ուղարկել` ուղղված Գարեգին Բ կաթողիկոսին: Ներկայացնում ենք
նամակը ստորև.
Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահը և
Էջմիածնի տաճարը չարի և քրեական «հոգևորականների գերի»:
Հայ առաքելական եկեղեցին և Սուրբ Էջմիածնի Լուսավորչի Գահը իր
նորագույն պատմության տարիներին հայ ժողովրդին է
նուիրել սրբալույս հայրապետներ ու կաթողիկոսներ` Խրիմյան Հայրիկ, Խորէն Մուրատբեկյան, Մեծն Գևորգ Չյորեքջյան, Վազգեն Ա., Գարեգին Ա. խիզախ հոգևորականները, որոնք ոչ միայն Գրիգոր Լուսավորչի հաստատած Աթոռը փրկեցին կործանումից, այլև կազմակերպեցին ներգաղթ, օգնեցին Հայաստանի և Արցախի անկախացման պայքարին, դարձան կամուրջ Մայր Հայրենիքի և
Սփյուռքի միջև, երբ նրանք Արևմտյան Հայաստանում կամ տարագիր Սփյուռքում ծնված քրիստոնյաներ էին, որոնք իրենց կյանքը նվիրեցին Հայ առաքելական դարավոր եկեղեցվո պայծառացման։ Այսպիսի հայրապետների աստղահույլից հետո, ոչ ոք
չէր կարող պատկերացնել, որ
Սուրբ Էջմիածնի Գահին կը բազմի Սփյուռքահայ բարերարուհու փողերով ընտրված, քրեական աշխարհին հետ համագործակցող փաստորեն «մաֆիոզ կաթողիկոս»։
Գահակալության առաջին իսկ
օրերից, Գարեգին Բ. հայրապետը ոչ միայն դրժեց իր բոլոր խոստումները, տրված իր
մերձավորներին և հավատացյալներին, այլև լծվեց դրամահավաքի լայն արշավի՝ Սփյուռքի բոլոր գաղթօջախներում,
իբր թե քարաշեն տաճարներ կառուցելու, «պայծառացնելու» Հայ առաքելական եկեղեցին…։ Շուտով, սակայն, սկսվեցին «օֆշորային» ու «ներշորային» սկանդալները, Հայաստանի Հանրապետության պայծառափայլ պետական այրերի և նրանց ետին կանգնած քրեական աշխարհի հեղինակությունների մասնակցությամբ։ Այդ
զազրելի գործարքներից, լայն հասարակության հայտնի դարձավ միլիոնատեր-«հոգևորական»՝ Այրարատյան թեմի առաջնորդ Կոջոյան Սրբազան- ոսկեպատ քրմապետի թալանած միլիոնավոր դոլարները, մինչ երկրի բնակչության մեծ
մասը անկար և
անճար, օրվան հացը վաստակելու համար, բռնում է
գաղթի ճանապարհները, ներքին իշխանիկ-թուրքերի և մերօրյա Պետրոս-Գարեգին «Գետադարձ» կաթողիկոսի արարքների պատճառով, այս անգամ Անիի թագավորությունը վաճառելու փոխարեն՝ վաճառքի հանելով ամբողջ ազատագրված Հայաստանը:
Լռեցնելու համար Հայ առաքելական եկեղեցվո ազնիվ հոգևորականների ցասումն ու ըմբոստությունը հայ քրիստոնյայի վարքին ու բարքին խորթ արարքների համար՝ Գարեգին Բ. քրմապետը, այս անգամ սկսեց կարգալույծ անելու «թատերգությունների» մի շարք, որ իր պոռթկումին հասավ Ֆրանսիայի Հայոց հոգևոր առաջնորդ, ծագումով բեյրութահայ գաղթականի զավակ, Նորվան Արք. Զաքարյանի դեմ սանձազերծած ստոր պայքարը, որն ի վերջո հանգեց ազնվագույն հոգևորականի հրաժարմամբ և հրաժարականով՝ պառակտելով 600 հազարանոց ֆրանսիահայ գաղթօջախը։ Իսկ վերջերս, նույնպես բեյրութահայ բարեպաշտ և հանրաճանաչ անձնավորության երիտասարդ որդի, Մոսկվայի Սուրբ Գևորգ եկեղեցվո հոգևոր հովիվ, Տեր Մարտիրոս Բերբերյանի կարգալույծ արվելը՝ անհիմն պատճառներով։
Մինչ այդ՝ ամենուրեք ալան-թալանի փորձեր, Կանադայում ու Շուեյցարիայում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, փորձելով հայ «մաֆիոզ» ղեկավարներին հանձնել հնդկահայության դարավոր հարստությունները, Գարեգին Բ. «գործընկերոջ» անմիջական մեղսակցությամբ։ Իսկ ո՞ւր է գնալու այս բոլորի վերջը…։ Հարկավոր է միասնական ջանքերով և պայքարով վերջ տալ չարի կեղծ թագավորության, խավարի իշխանությանը՝ Սուրբ Էջմիածնի Սրբալույս Գահին բազմեցնելով իսկապես արժանի կաթողիկոս, որ փրկի մեր ժողովուրդը և Հայաստանը ահագնացող արհավիրքներից։
ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐ
Մոսկվա-Երևան-Բեյրութ-Փարիզ-Ժնև-Լոս Անջելոս