«Խոնարհ ու հեզ, մի յոգնած եզ
արօրն ուսին՝ ճանճը պոզին, մի իրիկուն գալիս էր տուն:
Մին էլ ճամբին մէկ ուրիշ ճանճ, Է՛ս նստածին, թէ, ծո՛ մանչ,
է՛դ եզան հետ, է՛դ որտեղի՞ց:
Մե՛նք որտեղի՞ց.-Վարում էինք՝ վարատեղից»:
Խնկո Ապեր


Բազմանշանակ է «ոհմակ» բառը իր իմաստով: Ի սկզբանէ այն վայրի գիշատիչների խմբաւորման նշան էր, բայց ժամանակի ընթացքին պարզուեց, որ լինում են մարդկանց խմբաւորումներ, որ գերազանցում են կենդանականին՝ լինելով աւելի կատարեալ: Այդ երեւոյթը նորութիւն չէ, դարձել է մարդկային որակ եւ յատուկ չէ որեւէ երկրին. այն գործում է ամէնուրեք, եւ մեր սիրելի երկիրը ոչ միայն զերծ չէ այդպիսի խմբաւորումներից, այլեւ նրանք բաւական կարեւոր տեղ են գրաւում, ինչպէս երկրի առօրեայ կեանքում, եւ խաթարում նրա բարգաւաճումը:
Անուններ պիտի չտամ՝ թողնելով ընթերցողի հայեցողութեանը իր ունեցած տեղեկութիւնների համաձայն դասակարգել նրանց: Նշենք մի կարեւոր երեւոյթ, որ չեն ծնւում, այլ բարենպաստ պայմանների առկայութեան դէպքում դառնում էն՝ ոհմակ, կամ արեւմտեան ոճով՝ մաֆիա, կլան. կոզա նոստրա, յակուզի եւ այլն, եւ այլն, անհրաժեշտ չէ բոլորին թուարկել: Այս խմբաւորումները դառնում են առաւել վտանգաւոր, երբ կարողանում են սողոսկել պետական կառոյցները, իսկ այն պարագային, երբ նրանց ղեկավարում է երկրի նախագահն, ապա, ինչպէս լուսահոգի մայրս կ՝ասէր՝ թող ու փախիր:
Համոզուելու համար շատ հեռուն նայելու կարիք չկայ, նախ մեր անմիջական դրացիներին նայենք, ապա թեթեւ աչք նետենք մեր երկրի մօտակայ անցեալին:
Ամէն ինչ տեղումն է եւ պակաս բան չկայ:
Հուսկ, կ՝ուզեմ մի ժոդովուրդի դժբախտութեան ցայտուն օրինակ բերել: Հարաւային ամերիկեան երկրներից Վենեսուելան իր նաւթային պաշարներով մրցում է արաբական ծոցի երկրների հետ, բայց այսօր ծայրայեղ չարքաշ վիճակ ունի իր ղեկավարների պատճառով: Մի բան որ առաւել սարսափելի է՝ նրանք չունեն հնարաւորութիւն ո՛չ թաւշեայ, ո՛չ վարդ-մանուշակեայ եւ ո՛չ եւս տատասկի յեղափոխութեան մասին մտածելու:
Մինչդեռ մեր երկրում տիրող քաղաքական-իրաւական մթնոլորտը պայթուցիկ է՝ ամենօրեայ բացայայտումներով եւ դատական ատեաններով եւ, երբ ամէն օր իւրաքանչիւր հայ իր հերթին բացայայտում է, որ տասնամեակներ շարունակ ոտքի ելած ոհմակները, ոչ միայն թալանել են, այլ նաեւ մորթել են մեր երազները, ոտնակոխ են արել մեր արդար իրաւունքները, ոչնչացրել են մեր միմեանց նկատմամբ եղած եղբայրական սէրը՝ մէջտեղ բերելով սեւ ու սպիտակի օտար ու թշնամուն վայել տարանջատումը, խաթարելով երկրի աճը, զարգացնելով արտագաղթը:
Ինչպէս չյիշել վաթսուն հինգի ապրիլ 24-ը, երբ երեւանեան փողոցները դղրդում էին «Ղարաբաղը մե՛րն է» կանչերով՝ ամբողջ օրը առանց դադարի: Եւ երկրի առաջին դէմք՝ Յակով Զարոբեանի մոսկովեան ճնշումներին դիմադրելու խելամիտ քայլերի շնորհիւ՝ ոչ մէկի քիթը արիւնեց: Նոյնը չեղա՞ւ երեսուն տարի անց՝վերանկախացման տարիներին: Այո՛, յարգելի՛ ընթերցող, այդ շրջաններին ունէինք հայ մտաւոր եւ կենսունակ հասարակութիւն, եւ բարոյական արժէքները ոչ միայն յարգի էին, այլ նաեւ գնահատուած: Մեր կողքին եւ մեզ հետ էին երջանկայիշատակ Վազգէն Ա. ամենայն հայոցը, Արարատին նմանուող արդէն մահացած Աւետիք Իսահակեանը եւ Մարտիրոս Սարեանը, Սիլվա Կապուտիկեանը, Գոհար Գասպարեանը, Կարէն Դեմիրճեանը, Պարոյր Սեւակը եւ շատ ուրիշներ, անհնար է բոլորին թուարկել: Երջանիկ են նրանք, որ ապրել են այդ երանելի տարիները: Ունէինք մտաւորականութի՜ւն:
Այս առիթով յիշեմ մի դրուագ.– Իմ բնակավայր՝Ալֆորվիլի քաղաքապետարանը, մի քանի տարի առաջ, շնորհիւ ճիշտ եւ տեղին միջամտութիւնների (lobing), որոշել էր, Ստեփանակերտի հետ համագործակցութեան (jumelage) պայմանագիր կնքել, ուստի քաղաքի բնակչութեան մի մասը հրաւիրուած էր ստորագրութեան արարողութեանը ներկայ լինելու:
Արցախը ներկայացնում էր գործող նախագահ Բակո Սահակեանը, իր մի քանի գործակիցներով եւ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպանի հովանաւորութեամբ:
Աւելորդ է հանդիսութեան մանրամասնութեանը անդրադառնալ, քանզի նրանք յար եւ նման են, միայն թէ յիշողութեանս ծալքերում մնացել է Արցախի նախագահի խօսքի վերջին պարբերութիւնը, թէ ինքը «Վստահ է եւ հաւատում է», որ միասին մեծ գործեր պիտի անեն:
Անկեղծօրէն շատերը չհասկացան, թէ ո՞րն է այդ հաւատքի եւ վստահութեան աղբիւրը: Յիշեցի եզան պոզին թառած ճանճի առակը:
Ի՞նչ է պատկերը այսօր: Կարծում եմ, թէ շահադիտական տարբեր խմորումներ կան, որ խանգարում են Ստեփանակերտի եւ Երեւանի ջրերը միեւնոյն առուակով
հոսելու: Որեւէ փաստացի ապացոյց եւ չարախօսելու նպատակ չունեմ, բայց անկեղծօրէն, շատ տհաճ էր վարչապետի՝ «Արցախը Հայաստան է» կոչին, Բակո Սահակեանի, որպէս պատասխան, այն յայտարարութիւնը, թէ «Մեր ընտրած ուղին անշրջելի է»: Գրգռութիւն:
Արդարադատութեան կամ քննչական մարմինների կողմից եկած տեղեկատւութիւնները բաւական ժուժկալ են իրենց աշխատանքի ընթացքի համեմատ: Բայց համացանցի կայքերը ողողուած են տարբեր տեսակի եւ բնոյթի լուրերով, որոնց վստահելը վտանգաւոր է եւ կասկածելի, չնայած երբեմն համապատասխանում են իրականութեանը: Ոմանք պնդում են, թէ մեր վերջին երկու
եւ Արցախի անցեալ ու ներկայ նախագահները միեւնոյն ոհմակի անդամ լինելով, նոյն խմորից են հունցուած, նոյն աշխատաձեւն ունեն եւ այնտեղ եւս նախագահի համար դռները նոյնքան բաց են աճպարարութիւններ գործելու:
Չմոռանանք, որ եթէ այնտեղ թալանելու բան չլինէր, իրար չէին հրմշտի նախագահական թեկնածութեան համար: Ամէն մարդ աւարի իր բաժինն է ցանկանում:
Ժամանակը, որ ամէն ինչ բուժելու ձիրքով է օժտուած, մեզ եւս առանձին պիտի չթողնի մեր բազում խնդիրներին լուծում բերելու:
Յուսալով սպասենք: 11-08-19 Ռուբէն Յովակիմեան

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *