Գրքիդ առաջին պարբերականում դու հարցնում ես.
- Սկսեցի՞ր կարդալ, ընթերցող:
- Ոչ, ես քո հետ քայլեցի, Նիկոլ Փաշինյան: Ու քայլելիս հիշում էի քո խոսքերը ուղղված քեզ քննադատողներին:
«Իշխանափոխություն չեն անում այսպես, և հեղափոխություն չեն անում այսպես, հրապարակում վարչապետ չեն ընտրում, հիմա էլ, եթե հանկարծ կարդան գիրքդ, կասեն, վեպ չեն գրում այսպես…»
Գրո՛ւմ են…
Այսպիսի գիրք կարող է գրել միայն Նիկոլ Փաշինյանը: Գրել ցավով, ափսոսանքով, յուրօրինակ սիրով դեպի ժողովուրդը ու նվիրել մարտի 1-ի զոհերի հիշատակին: Երբեք չէինք մտածի, որ մեր կողքին, մեր օրերում ապրում է ու ապրեցնում մի վիթխարի, աննկուն, չդադարող, կանգ չառնող ոգի, Նիկոլի ոգին:
Նա եկավ երկրի հակառակ կողմից, եկավ ապացուցելու, որ անհնարինը դառնում է հնարավոր, որ կարող է ու պետք է այս հուսահատ, այս հուսախաբ, լքված ժողովրդին վերադարձնել ապրելու, ժպտալու, ծիծաղելու, երգելու ու պարելու մարդկային իրավունքը:
Ու քայլեց վիթխարի ու հզոր, ընտրյալի ԽԱՉԸ ուսած, քայլեց որպես ԱՌԱՔՅԱԼ, որպես ՓՐԿԻՉ…
Փաշինյանը…
ազնվացավ ու ազնվացրեց…
բարձրացավ ու բարձրացրեց…
Փաշինյանը սպանեց բոլորիս մեջ բուն դրած վախվորած, ստորաքարշ, մի փշուր հացով գոհացող ստրուկին: Համոզեց մեզ քայլ անել դեպի արմատները, համոզեց, որ ազգի հզորությունը ոչ երկրի մեծությամբ է որոշվում, ոչ թվաքանակով:
Իր քայլով ուսուցանեց.
-Քայլիր դեպի արմատներդ, գտիր այնտեղ գենիդ ակունքը և հպարտացիր քո ունեցածով:
Առաջին անգամ նա տեսավ այն, ինչ 30 տարի ուրիշները չտեսան, առաջին անգամ կանխազգաց իրական զարթոնքը, առաջին անգամ հարստացրեց մեզ, մեր իսկ ՀԱՅ լինելու գաղափարով, առաջին անգամ մեզ մարդ դարձրեց, քաղաքացի, որն իրավունք ունի խոսելու, բարձրաձայնելու, իրավունք ունի անվարան գոչելու.
-Մենք ենք տերը մեր երկրի:
Ու ելան դեպի ազատություն գնացող «ամբոխները խելագարված», ելան երգ ու ծափով, քայլեցին Հայոց Զորավարի հետ:
Առաջին անգամ հայ մարդը դուրս էր եկել փողոց, ոչ թե օտար նվաճողի, այլ «հայ տականքից» (Նժդեհ Գ.) փրկվելու հետ:
Ու քայլեցին: Քայլեցին անվարան, որովհետև Զորավարը առջևում էր: Քայլեցին դեպի Արևը, դեպի ազատության մեծ ջահը, որ տանում էր Զորավարը:
Մտովի շրջելով աշխարհով մեկ, Փաշինյան մտածողն ու գրողը, խոհում է այն կողմում մնացած իր ժողովրդի, մարտի 1-ի զոհերի, վշտից ծերացած նրանց ընտանիքների, ընչաքաղց ու հղփացած պաշտոնյաների համար:
Քայլեց…
ու եկան հազարները, երգով ու ծափով եկան, հույով ու հավատով եկան:
Եկան ներկա ու գալիք Հայաստանը կերտելու մեծ նվիրումով:
Գրքի գլուխներից մեկում, իբր թե իսպանական մի սրճարանում թափառաշրջիկ նվագախումբը նվագում է իրենց ազգային ֆլամենգոն:
Կարդալ է պետք, թե որքան գեղեցիկ է նկարագրում Փաշինյանը այդ պարի իմաստը: Այստեղ միահյուսվում են ռոմանտիզմն ու իրականությունը, երազանքն ու շրջահայացությունը: Ֆլամենգոն սիրո, շնչհեղձ կրքի, այրող ու այրվող սիրո պար է: Ֆլամենգոն հաղթանակի, պարտության, դեպի մահը գնացող, բայց սեր փնտրող, հուսահատության գիրկը ընկած, բայց հավատը գտած ՄԱՐԴՈՒ պարն է: Ոչ, սա պար չէ, սա սեր է, հավերժական հաղթանակ:
Եվ Նիկոլը հանգիստ, ինքնավստահ քայլերով Գյումրիից հասավ Երևան, ու ծնվեց, ըմբոստացավ նրա սիրո և համերաշխության պարը…
Նիկոլի պարը…
Նիկոլի ֆլամենգոն…
Այս հաղթանակին միահյուսվեց հայկական քոչարու խրոխտ դոփյունը: Մեր լեռնաշղթայի պես ուս-ուսի տված, համերաշխության սիրով ձեռք-ձեռքի բռնած, մեր հզոր, մեր անմահ քոչարին:
«Երկրի հակառակ կողմը» վեպը յուրօրինակ, նորաոճ գիրք-ճանապարհորդություն է Հայրենիքից դեպի Հայրենիք:
Հայրենասիրությունը ճոռոմ ճառերի, անհարկի տրվող շքանշանների, կեր ու խումերի, բաժակաճառերի մեջ չէ:
Հայրենիքը, ըստ Փաշինյանի, Հայաստանի բույրն է, Հայաստանի համը, և այդ բույրն ու համը արարող ժողովուրդը:
Այստեղ արդեն գրողի խոսքը դառնում է արձակ բանաստեղծություն: Նուրբ ու գեղեցիկ, սիրո և հպարտության հրաշալի համանվագ:
Հայաստանի բույրը…
Ես ուզում եմ վերջին կետից գալ: Թարմ լավաշի բույրը…
Լսենք Փաշինյանին.
«Սա Հայաստանի կանանց բույրն է, մայրության ու կանացի սիրո բույրը: Այսպես բուրում են մեր կանայք, մեր մայրերը, մեր դուստրերը»:
Երկրորդը խորովածի բույրն է.
«Այսպես բուրում ենք մենք, այսպես բուրում են մեր հայրերն ու որդիները, այսպես բուրում է մեր առնականությունը, մեր քաջությունը…»:
Եվ առաջինը.
«մլլացող խաշամի բույրն է:
Այստեղ մարդկանց հոգիները հազարամյակներով մլլում են խաշամի նման: Դուք տեսե՞լ եք, թե ինչ է տեղի ունենում, երբ բռնկվում է խաշամը: Այդ վկայությունն է այն բանի, որ կրակ կա նրա մեջ, կենդանի է նրա խորքում կրակը: Խաշամի կրակը բորբոքելու համար մթնոլորտը մաքրող քամի է պետք: Եվ եկավ քամին՝ Նիկոլ Փաշինյան անունով:
Եկավ, բորբոքեց, արթնացրեց նիրհող, հոգնած, խաշամի պես մխացող, իր ցավով տապակվող ժողովրդին, և բոցկլտաց կրակը:
Ժողովուրդը հավատաց այց մաքուր ժպիտով, ինքնամոռաց, արծվենի աչքերով իր ազատարարին, ու գնաց նրա հետևից:
Ժողովուրդը իմաստուն է:
«Չհասկացա, սպասում էին ինձ, թե՞ չէին սպասում, բայց գիտեի, որ ինչ-որ բան պետք է անել.
-Ե՞րբ
Հարցնում է հեղինակը, և ինքն էլ պատասխանում.
-Հիմա, հի-մա՛…
Մարդկային օվկիանոսը ալեկոծվեց, բոլորով շարժվեցինք դեպի Ազատության հրապարակ:
Մեր ընթացքը անկասելի է…
Ես մտածված եմ նույնացրել 2008 թվականի գարունը եւ 2018-ի գարունը: Փաշինյան գործիչը այս տարիների ընթացքում երբեք չի դավաճանել իր գաղափարներին, չի վախեցել ճիշտ խոսելուց և պայքարելուց: Նա միշտ կանգնել է պատնեշի վրա, առաջնորդի ձեռքին ազատության ջահն էր: Ուսումնասիրել է, պրպտել, հասունացել և, իր պատկերավոր լեզվով ասած, նպաստել է «մլլմլացող խաշամի բոցկլտալուն», որովհետև խոստովանում է գրողը.
Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս,
Ես տեսել եմ քմծիծաղը ստի,
Բայց իմ կամքը ամուր է քարից էլ,
Իմ ոգին հանձնվել չգիտի:
Եվ հիմա մեզ մնում է հավատարիմ մնալ մեր Զորավարին, օգնել, թև ու թիկունք լինել նրան, վստահել ու միասին կառուցել մեր ու մեր երեխաների Հայաստանը բոլորիս սիրելի Ամենայն Հայոց Վարչապետի հետ:
ՎՐԵԺՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԵԱՆ