Դա տարիներ առաջ էր, հանդիպում էր կազմակերպվել Բեռլին ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և գերմանահայության միջև։ Հարց բարձրացվեց, թե ինչո՞ւ Արցախում ազատագրված տարածքները չեն բնակեցվում։ Ավելորդ հարցերից խուսափելու համար, նա կտրուկ պատասխանեց.
«Միջոցներ չունենք»։
Սակայն հիմա պարզվում է, այո, իրոք, Քաշաթաղում վերաբնակեցում է կատարվել, թե ինչպե՞ս, լսենք այնտեղ վերաբնակեցված և բոլոր կողմերից ձեռքը կտրված, պարոն Վրեժ Հարությունյանի, Հայաստանի իշխանությունների հասցեին ուղղված՝ հանդիմանական խոսքերը…
Հյուրընկալվելով Բաց TV-ում, պարոն Ղուշչյանի հարցին, թե այս անգամ ինչո՞ւ է նա Երևան եկել, պարոն Վրեժ Հարությունյանը պատասխանում է.
Մեջբերում.
«Այս անգամ ես Երևան եմ եկել, ինձանից խլված հողերի հարցով…։ Ես նաև խիստ անհանգստացած եմ վերաբնակիչների հետագա ճակատագրի պատճառով, ոչ մի հստակեցում չկա, թե, ի՞նչ է լինելու վերաբնակիչների հետագա կարգավիճակը, չեն հստակեցնում և առիթից օգտվելով ես ուզում եմ երկու հարց ուղղել մեր պարոն վարչապետին։
Պարոն Փաշինյան դուք հիշո՞ւմ եք Ձեր խոսքերը.
«Անհաշտ պայքար մղել կոռուպցիայի դեմ։ Արցախում և Հայաս-տանում, ոչ մեկ կոռոպցիոներ չպետք է անպատիժ մնա»։
Հիմա պարոն Փաշինյան, երբ ես պայքարում էի ինձանից խլված հողերը ետ ստանալու համար, երկու մեծ կոռոպցիոն գործ եմ բացահայտել, հիմա ինչ ես ասում, ինչո՞ւ են անպատիժ դրանք, չէ որ դուք խոստացաք, չէ որ դուք երաշխավորն էիք Արցախի, ինչու տիրություն չէք անում հատկապես Քաշաթաղին։ Ես երկրորդ հարցն եմ ուղղում պարոն Փաշինյանին.
Պարոն Փաշինյան, հիշում էք, օգոստոս 5-ին դուք Ստեփանակերտի Վերածննունդ հրապարակում, ի լուր աշխարհի հայտարարեցիք.
«Արցախը Հայաստան է և վերջ». բայց ցավոք սրտի… Ձեր ողջ աշխատակազմը, Ձեր տեղակալը, այսպես ասած փոխվարչապետ՝ Տիգրան Ավինյանը, ԱԺ-ի նախագահ՝Արարատ Միրզոյանը, պատգամավորներ՝ Թագոհի Ղազարյանը, Լիլիթ Մակունցը պնդում են, որ Արցախը այլ պետություն է, պատասխանեք իմ հարցին. եթե՞ այլ պետություն է, ինչո՞ւ պետք է իմ երկու որդիները մինչև հիմա պահեին Արցախի Սահմանը»։
Վերջ մեջբերման։
Այո, պարոն Փաշինյանը, մի քանի օր առաջ ԱԺ-ի ամբիոնից որերորդ անգամ, բարկացած հայտարարեց.
«Մենք նրանց պատեպատ կտանք, կփռենք ասֆալտի վրա…»։
Ո՞ւմ, ինչպե՞ս…
Կասկածից վեր է, որ Երևանում լսած չլինեն, Քաշաթաղում վերաբնակիչների օգնություն ակնկալող նման կանչերը։ Ի՞նչ քայլեր են արել նրանք, պարզվում է, որ ոչինչ։
Ցավոք, ներկայիս Հայաստանի իշխանությունների չափազանց կրավորական և ոչ կտրուկ գործողությունների պատճառով, որի մասին բազմիցս ահազանգել են իրազեկ և հեղափոխությանը սատարող անձինք, դեռ այսօր էլ շատ քիչ էական փոփոխություն է կատարվել վերնախավի ու ժողովրդի հարաբերությունների միջև։ Չափազանց մտահոգիչ է այն փաստը, որ այսօր էլ, թե Հայաստանում և թե Արցախում, այդ վերնախավը, որը առանց քրտինքի և անօրինական ճանապարհներով այնպես է հարստացել ու հղփացել, որ իրեն թույլ է տվել ամեն ինչ, անարգել վայելում է իր ապօրինի մեթոդներով ձեռք բերած հարստությունը։
Հասկանալի է, որ հեղափոխության հաղթանակից հետո, չէր կարելի, հնարավոր չէր, «կուլակաթափություն» կատարել և բոլոր օրինազանցներին կալանավորել, դատել ու բանտարկել. բայց պետք է, որ աղաղակող և ավելի քան ցայտուն անօրինականությունները բացահայտվեին։ Եթե դա չի արվել և արվում, ապա ինչպե՞ս կարելի է սպասել, որ ժողովուրդը հասկացողություն ցուցաբերի և ընդունի հետևյալ անհամատեղելի պատկերները.
-Երբ, նախկին պաշտոնյաները այսօր էլ բնակվում են միլիոնավոր դոլարներ արժեք ունեցող այն պալատներում, որոնք՝ նրանք կառուցել են ժողովրդին և պետությանը թալանած դրամներով։
-Երբ նրանք, կամ նրանց ընտանիքի անդամները, փողոցներում մի քանի հարյուր հազարներ արժեք ունեցող մեքենաներ են վարում, որոնց բազմազանությունը Երևանում աչք է ծակում…
-երբ՝ որոշ անձինք, իրենց երեխաների հարսանիքներին հարյուր-հազարներ, կամ, միլիոնավոր դոլարներ են ծախսում։ Ըստ որոշ կայքէջերի, «ազգային բարերար»՝ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ միայն հարսանիքի հագուստը, ավելի քան երկու հարյուր-հազար դոլար արժեք է ունեցել…
-Երբ նրա թիկնապահը, օրը ցերեկով, այն էլ շատերի աչքի առաջ, ծեծի է ենթարկում քաղաքացուն, ջարդում է նրա ոսկորները, սակայն մնում է անպատիժ։ Ոչ միայն այդ, մեղադրյալի աթոռին նստելու փոխարեն, նա այսօր նստած է Ազգային Ժողովում և այդպիսով վայելում է անձեռնմխելիության կարգավիճակ։ Սա ամոթի խարան է ԱԺ-ի համար։ Նմանը՝ ո՞ր երկրում, ո՞ր ժամանակներում կարող էր կատարվել։
Հարց է առաջանում, ինչո՞ւ է օրենքը կանգ առել Ծառուկյանի կայսրության շեմին։ Ինչո՞ւ է պարոն Փաշինյանը նման իրավիճակ հանդուրժում, ինչո՞ւ դատախազության նախաքննությունը այդպես էլ չշարունակվեց…
Եվ այդ ամենը այն պարագայում՝
-Երբ, նախկինի նման երկրում ժողովրդի մեկ երրորդը ծայրահեղ աղքատության պայմաններում է ապրում…
-Երբ բազմազավակ ընտանիքներ դեռ խարխուլ ե ոչ բնակելի տներում են բնակվում…
-Երբ, աշխատավոր մարդիկ մատնված են գործատերերի քմահաճույքին և բավարար աշխատավարձ չստանալով, հազիվ են կարողանում ընտանիք պահել։
Ի՞նչ է արել ներկայիս իշխանությունը, ինչպիսի՞ ծրագրեր ունի նա, նման ծայրահեղությունների դեմ պայքարելու համար…
Ի՞նչ ասել է, իզմերին չհետևող կուսակցություն (Նիկոլ Փաշինյան)։ Ի՞նչ ասել է գաղափարազուրկ և միայն բիզնեսի հրաշագործությանը սպասող իշխանություն…
-Չափազանց մտահոգիչ է, որ այսօր էլ, նախկինի նման, անարգել և ավազակաբարո թալանվում է երկրի ընդերքը, անդառնալի ու անուղղելի վնասներ հասցնելով Հայաստանի չքնաղ բնությանը, մյուս կողմից ահազանգող չափերի հասնող, վտանգվում է ազգաբնակչության առողջությունը, որի հետե-վանքով տարեց-տարի հարյուրավոր տարատեսակ հիվանդներ են Հայաստանից ևրոպական երկրներ ապաստան փնտրում և բուժօգնություն աղերսում։ Այո, նման իրավիճակը ինչ որ տեղ, ամոթալի է նաև հայ ժողովրդի համար…
Սամվել Հովասափյան
Բեռլին, նոյեմբեր 2019

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *