Բանաստեղծուհի, լրագրող՝ Կարինե Ավագյան

2020՝ ծանրումեծ, դարերի պատմությունն ուսերին մի տարեթիվ ենք դիմավորում: Վերելքներով ու վայրէջքներով, տխրություններով և ուրախություններով, ձեռքբերումներով ու կորուստներով, պատերազմներով ու խաղաղաբեր օրերով, հուսահատությամբ ու հավատով, ատելությամբ ու սիրով շաղախված 2019-ն էլ անցած տարիների նման պատմությո՛ւն է դառնում՝ պատմության մի էջ՝ մոլորակի և մեր անցած կյանքից:
Այս ծեր ու առեղծվածային մոլորակը՝ Երկիրը, անշեղորեն ընթանում է նախասահմանված ճանապարհով: Երկիրն ու երկինքը սակայն դաշն չեն լինում միմյանց հետ. երկիրը տնքում է մարդկանց նյութած դավերից ու ցավերից, չարությունից, ատելությունից, իսկ երկինքը վերից լույս, ջերմություն, աստղալից գիշերներ, արշալույսներ ու ցերեկներ է պարգևում արար աշխարհին՝ ասես հուշելով, որ կյանքը տրված է միայն գեղեցիկ ու սիրով ապրելու համար և ոչ թե միմյանց սպանելու, դատելու, չարախոսելու, գողանալու, թալանելու, ավերելու համար…
Հուսանք, որ թե՛ աշխարհիկ և թե՛ հոգևոր կյանքով ապրող մարդիկ այս նոր տարին կլցնեն միմիա՛յն մաքրությամբ, սիրով, բարությամբ, գթառատությամբ, որ, ի վերջո, Հայ Առաքելական Եկեղեցին կդառնա հայ քրիստոնյաների հավատքի մաքրամաքուր տաճարը և այնտեղ կթագավորեն միայն ու միայն սրբությունն ու ազնվությունը, որ ոչ մի մութ, արատավոր երևույթ այլևս տեղ չի գտնի մեր կյանքում, որ հողը միայն շենացնելու, բերքուբարիքի ստեղծմանը կծառայի և ոչ՝ ընդերքը քանդողների և այն դատարկողների սեփական շահին, ովքեր շարունակ մտածում են միայն սեփական գրպաններն ու գանձարանները լցնելու մասին, որ մարդն, ի վերջո, գանձեր կդիզի երկնքում՝ առաջնորդվելով Աստվածաշնչյան խորիմաստ խրատներով՝ «Որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր հոգիներն են»:
Հուսանք և ցանկանք, որ 2020-ը համայն աշխարհում կլինի խաղաղության, սիրո, երջանկության օրհնյալ տարի, որ հայությունն ու Հայաստանը, որպես Արարչաստեղծ առաջին երկիր, համաշխարհային մակարդակով կճանաչվեն թեև փոքր, սակայն որպես հզոր ազգություն ու առաջատար երկիր, որ մեր մոլորակից իսպառ կվերանան մարդկային բազմաթիվ կյանքեր խլող աղետալի հիվանդությունները, որ ոչ մի վերք անբուժելի չի մնա, որ արևը, ինչպես միշտ, կջերմացնի բոլորին, որ գիշերները խաղաղ կանցնեն, լուսաբացները պայծառ կբացվեն, օրերը կլինեն բարի ու բարեբեր:

2020 թվականի առիթով շնորհավորում եմ համայն աշխարհի մարդկությանը՝ անկախ գույնից ու դավանանքից, և մաղթում, որ բոլորն ապրեն առողջ ու երջանիկ, որ աշխարհի բոլոր մանուկներն ունենան լիարժեք ընտանիք՝ հայր և մայր, որ միայնակ ու տխուր, լքված ծերեր չլինեն, որ առաջացած տարիքում նրանք չապրեն դառնություն ու ցավ, որ բոլոր մոլորյալները դարձի գան և գտնեն իրենց ճիշտ ուղին, որ պանդուխտները տուն վերադառնան, որ նեղյալներն ու թշվառները Աստծո հրաշքով մի օր արթնանան առանց հուսահատության, որ այս ծեր մոլորակի սիրտը միշտ բաբախի երիտասարդական ավյունով:
Շնորհավորում եմ հայրենիքից հեռու, բայց հայրենիքի հոգսով, ցավով, ուրախություններով ապրող իմ սիրելի «Մոլորակ»-ի բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով նրանց հայրենասիրական շարունակական գործունեություն:

Բարո՛վ թագավորես, 2020 թվակա՛ն, մենք սիրով ու սիրո մեջ կպահենք քեզ, շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *