2020թ-ի սկզբին հանրությանը հասանելի դարձան մի շարք փաստաթղթեր ու տեղեկություններ «Lydian International» ընկերության մասին, որոնք մինչ այդ հրապարակված չէին: Պատճառն այն էր, որ 2019թ-ի դեկտեմբերի վերջին Լիդիանը դիմեց Կանադայում Օնտարիոյի դատա-րանի պաշտպանությանը՝ ժամանակ շահելով Ամուլսարի ծրագիրը վաճառելու կամ արբիտրաժային տրիբունալում Հայաստանին դատի տալու համար անհրաժեշտ գումար հայթայթելու նպատակով, որպեսզի այդ ընթացքում պարտատերերը պարտքերի դիմաց չյուրացնեն ընկերության ունեցվածքը:
Դատարանի պաշտպանության շրջանակում նշանակվեց նաև Լիդիանի վերակազմավորման գործով զբաղվող ընկերություն՝ Alvarez and Marsal ընկերությունը, որի կայքում էլ տեղադրվեցին Կանադայի դատարանում Լիդիանի ղեկավարների վկայություններն ու մի շարք այլ կարևոր փաստաթղթեր:
Ուսումնասիրելով այս փաստա-թղթերը` Հայկական բնապահպանական ճակատը բացահայտել է դատարանին ներկայացված տվյալների փաստական խեղաթյուրումներ, որոնք ցանկանում ենք մաս առ մաս ներկայացնել: Ահա առաջինը, որը վերաբերում է ՀՀ Ոստիկանությանն ու Կառավարությանը:
«Lydian International»-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար և գործադիր ղեկավար Էդվարդ Սելլերսը Օնտարիոյի արդարության գերագույն դատարանին տված՝ երդմամբ հաստատված իր գրավոր ցուցմունքում (affidavit) բառացի գրում է.
«ՀՀ ոստիկանության ուժերը չեն կատարել ՀՀ դատարանների վճիռները [ճանապարհներն] արգելափակողներին հեռացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հետ կապված, իսկ ՀՀ Կառավարությունը չի ապահովել Ոստիկանության կողմից դատարանի վճիռների կատարումը՝ դրանով ավելի երկարաձգելով ապօրինի արգելափակումները»: (Affidavit of Edward Sellers, sworn December 22, 2019, para. 9.b, 44, 74-78)
Մենք, իհարկե, տեղյակ էինք ՀՀ ոստիկանության դեմ դատական գործերից և դրանց արդյունքներից, սակայն վստահ լինելու համար դիմեցինք նաև ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով պաշտոնապես պարզաբանել իրավիճակը: Պատասխանից մեկ անգամ ևս պարզ դարձավ հետևյալ հայտնի ճշմարտությունը.

  • «Լիդիան Արմենիա» ընկերության հայցը վերաբերում էր ոչ թե շրջափակումները վերացնելուն, այլ ցուցարների ժամանակավոր տնակներն իր սեփականություն հանդիսացող տարածքից դուրս բերելուն: Ընկերությունը նշել էր աշխարհագրական կոորդինատներ, որոնք գտնվում էին իր սեփականություն հանդիսացող տարածքում, և պահանջում էր այդ կոորդինատներից դուրս բերել այդ տնակները:
  • Ոստիկանության աշխատակիցները, բանակցելով ցուցարարների հետ, վերամբարձ կռունկի օգնությամբ տնակները տեղափոխել են ընկերության սեփականություն հանդիսացող կոորդինատներից և տեղադրել ճամփեզրին:
  • Ընկերությունը գրավոր անհամաձայնություն է հայտնել ոստիկանություն՝ հայտարարելով, որ տնակները միևնույն է՝ գտնվում են իրենց պատկանող տարածքում: Սակայն չափագրման աշխատանք-ների արդյունքում հաստատվել է, որ շարժական տնակները չեն գտնվում ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում, ինչպես նաև այդ հողամասերում բացակայում են ֆիզիկական անձինք, հետևապես` ներխուժում առկա չէ:
    Ուստի ՎԴ/9786/05/18 գործով կայացրած դատական ակտի պահանջները ոստիկանության կողմից ամբողջությամբ կատարվել են:
    Նման կեղծ վկայությունները դատարանին ներկայացրած փաստաթղթերում բազմաթիվ են և ցավոք, ՀՀ պատկան մարմիններն իրենց նկատմամբ նման տեղեկություններին որևէ տեսանելի ձևով չեն դիմադրում կամ գոնե արձագանքում:
    Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
    Էլ. փոստ՝ armecofront@gmail.com

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *