Կցուած պիտի գտնէք երկուքուկէս էջանի յօդուած մը, հայերէն, որ համեմուած է 64 օտար բառերով: Հեղինակն է նոյն ինքը՝ «Արմէնպրես»-ի վատահամբաւ, օտարամոլ ու այլասերած տնօրէնը, որուն լեզուական առաջին ասպատակութիւնը չէ այս եւ վերջինը ըլլալու ոչ մէկ նշան ցոյց կու տայ, որովհետեւ այնքան հարազատ կը զգայ ան լեզուական այս զազրելի աղբանոցը, ուրկէ դուրս գալու ոչ մէկ ճիգ կը թափէ: Կարելի է միայն զարմանալ, թէ ինչպէս կարելի է այսքան ապականել մայրենին՝ առանց ձեռքը դողդղալու, լեզուն չորնալու, աչքերը մթագնելու ու սիրտը տրոփելէ դադրելու:
Կը մնայ, որ պատկան իշխանութիւնները ինքնամեկուսացումի ենթարկեն նաեւ լեզուաժահրային այս կացութիւնը պարզող բոլոր անարժան հայորդիները, մինչեւ որ վարակազերծուին իրենց ախտէն ու սորվին անխառն հայերէն գրել:
Արմենակ Եղիաեան
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ
Եթե չլինեին լրատվամիջոցները, համացանցը եւ հեռահաղորդակցությունը, կարող էր թվալ, թե հետինդուստրիալ մարդկությունը վերադարձել է խորը միջնադար։ Մի քանի ամիս առաջ ոչ ոք անգամ ամենասարսափելի մղձավանջում չէր կարող պատ-կերացնել, որ «սոցիալական հեռավորություն» առօրեական բառակապակցությունն իրական կյանքում նկարագրելու է մարդկային շփումների ասոցիալացումը։
Նոր կորոնավիրուսի համաճարակը յուրատեսակ սթրես-թեստ էր ոչ միայն պետությունների, առողջապահության, տնտեսության, այլեւ մամուլի համար։
Որոշ ժամանակ անց «կորոնահամաճարակի» հետեւանքներն ազդելու են լրա-տվամիջոցների ամենօրյա գործունեության վրա, եւ ազդեցության շրջանակը ներառելու է թե՛ բովանդակության արտադրության եւ սպառման ձեւերը, թե՛ տնտեսավարման մոդելները, թե՛ մարդկային ռեսուրսների կառավարումը։ Լրատվական ինդուստրիայի մի շարք ճյուղերի համար կարող են առաջանալ լրջագույն մարտահրավերներ, մյուսների համար (օր.՝ ռադիոյի ու հեռուստատե-սության)՝ սկսվի երկրորդ «ոսկե դարը»։ Այսօր ոչ ոք չունի պատրաստի բանաձեւեր, եւ ներկայացվող թեզերն էլ ապագայի վերաբերյալ քննարկում սկսելու հրավեր են:
Այսօր լրատվամիջոցները հեղեղված են կորոնավիրուսի համաճարակի մասին տեղեկություններով։ Այս թեմայով լուրերի անվերահսկելի սպառումը հասնում է այնպիսի ծավալների, որ սպառնում է թուլացնել մարդու հոգեբանական դիմա-դրողականությունը։
Լրագրողները կրկին ապացուցեցին, որ պատրաստված են փոփոխություններին, որ արտակարգ իրավիճակում աշխատելու ռիթմն իրենց համար սովորական է։ Հիմա էլ բազմաթիվ պրոֆեսիոնալներ զբաղված են աշխարհը պատուհասած համաճարակի մասին պատմություններ պատմելով:
Եթե նախկինում հեռավար աշխատանքը համարվում էր ֆրիլանսերների մենա-շնորհը, ապա համավարակի պայմաններում այն դառնում է կյանքի սովորական նորմ։
Այս վերափոխումը, մի կողմից, տեխնոլոգիական արագ առաջընթացի, մյուս կողմից՝ ազատ տեղաշարժի եւ սոցիալական շփումների սահմանափակման հետեւանք է։ Լրատվական բովանդակության ստեղծման համար այսօր բացակայում են մենաշնորհները, նոր խելացի հեռախոսների օգնությամբ էլ հնարավոր է ստեղծել այնպիսի որակի աուդիո—վիզուալ բովանդակություն, որ համադրելի է անգամ մի քանի տարի առաջվա պրոֆեսիոնալ տեխնիկայի արտադրանքի հետ։ Ճգնաժամային պայմանները տաբուներ են կոտրում։ Ավանդական լրատվամիջոցներն էլ այլեւս կաշկանդված չեն չօգտագործել այն ձեւաչափերով ստեղծված բովանդակությունը, որին նախկինում դիմում էին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ հեռավար կոնֆերանսներ, հեռազանգերի տեսագրութուններ եւ այլն), այնպես ինչպես G20-ի երկրների առաջնորդները այլեւս պարտադրված չեն հավաքվել գագաթնաժողովի, եթե այն կարելի է անցկացնել տեսակոնֆերանսի ռեժիմով։
Համավարակը դարձավ նախկինում կանխատեսված միտումների զարգացման կատալիզատոր։
Համաշխարհային տնտեսության ապագայի մասին հնչող կանխատեսումները եւ տնտեսական ակտիվության հավանական դանդաղեցումը կարող են ցավոտ հարված հասցնել լրատվամիջոցների տնտեսական հնարավորություններին ու ֆինանսական կայունությանը։
Անորոշ է, թե ինչպես կփոփոխվի գովազդային շուկաների կոնյունկտուրան։ Այս ձեւափոխումները ցավոտ հարված կհասցնեն լրատվական «ոսկե միջինին», քանի որ համաշխարհային խոշոր խաղացողներն ավելի շատ ռեսուրսներ ունեն հնարավոր շոկերին դիմակայելու համար, իսկ փոքր դերակատարները՝ բլոգերները, վլոգերներն ու պոդքասթերներն առանց այն էլ գործում են սահմանափակ միջոցների առկայությամբ։
Միեւնույն ժամանակ, հեռավար աշ-խատանքի երկարող փորձառությունը կարող է հարցականի տակ դնել գրա-սենյակներ պահելու, դրա հետ կապված ծախսեր կատարելու անհրաժեշտու-թյունը։ Արդյո՞ք վերանում է մեծ նյուզռումը՝ տեղը զիջելով անհրաժեշտ նվազագույն ծանրաբեռնվածություն ունեցող գրասենյակին, որը հնարավոր է սպասարկել սահմանափակ ծախսերով։ Եվ արդյո՞ք մեդիամենեջերների համար չի մոտենում այն օրը, երբ լրատվամիջոցներ փրկելու համար պետք է ստիպված ծանր ընտրություն կատարել մարդկային ռեսուրսների կառավարման հարցում, ճիշտ այն մեթոդով, ինչն, ըստ լրատվամիջոցների, կատարում են գերբեռնված հիվանդանոցի բժիշկները՝ մարդկային կյանք փրկելու համար։
Ամեն դեպքում, բովանդակության նկատմամբ տեխնիկական պահանջների ազատականացումը հանգեցնելու է մի իրավիճակի, երբ մեդիայի առաջնային օղակում անհրաժեշտ են լինելու բազմազան բովանդակություն ստեղծելու ունակություն ունեցող մասնագետներ՝ յուրատեսակ «ունիվերսալ զինվորները»։ Եվ եթե այս կանխատեսումն իրականություն դառնա, ավելի մեծ կիրառություն են ստանալու արհեստական բանականության գործիքներն ու մոբիլ տեխնոլոգիաները ոչ միայն մեդիասպառման, այլեւ՝ մեդիա բովանդակության արտադրության ոլորտում։
Ցանկացած նոր լրատվամիջոցի ծնունդ համարյա սենսացիա է:
Նոր կորոնավիրուսի համավարակն ամենացավոտը հարվածում է տպագիր մամուլին, որի արտադրության մեջ ներգրավված են հարակից օղակներ (պոլի-գրաֆիայի, ցրման ու բաժանորդագրության ծառայություններ)։ Կարանտինային միջոցառումները, ամենայն հավանականությամբ, նվազեցնելու են տպագիր մամուլի առանց այն էլ իջած վաճառքները։ Այդ միտումների վրա ազդեցություն է ունենալու նաեւ այն մտավախությունը, որ թղթային կրիչը կարող է լինել վիրուսի տարածման աղբյուր։
Համաշխարհային տնտեսական ֆորումի տարիներ առաջ հրապարակած կանխատեսումներից մեկի համաձայն, միջին դասի աճին զուգահեռ (2030 թ. այն ողջ աշխարհում պետք է կազմեր 4,9 միլիարդ մարդ), պետք է ավելանա նաեւ նոր մեդիա- ծառայությունների պահանջարկը՝ կրթական, պրեմիում բովանդակության, on-demand տեսաբովանդակության, առողջապահական ու բարեկեցության ծառայությունների սպառման ասպարեզում։
Կորոնավիրուսի տարածման համաճարակն ու կարանտինային միջոցների կիրառումն աշխարհի շատ երկրներում ինքնաբերաբար նպաստեցին այդ կանխատեսումների արդարացմանը։
Հեղինակություն. լրատվամիջոցի «աննյութական» կապիտալը
Ժամանակակից յուրաքանչյուր լրատվամիջոցի համար հեղինակությունը ոչ միայն ու ոչ այնքան աննյութական արժեք է, որքան
կապիտալիզացվող, ինչու չէ, նաեւ կոմերցիալիզացվող ակտիվ: Հաշվի առնելով աշխարհի փոխկապակցվածության ու գլոբալացման ծավալը՝ նոր մարտահրավերները կարող են պակաս ծանր չլինել։
Որքան էլ ներկա կարճաժամկետ փուլում հնչեն հակագլոբալիստական կոչեր, աշխարհն ինքնին, ավելի քիչ գլոբալ չի դառնալու ո՛չ տնտեսական կապերի, ո՛չ մարդկային շփումների, ո՛չ էլ տեղեկատվական հոսքերի առումներով, եւ տեխնոլոգիական զարգացումները միայն խորացնելու են այս միտումները։
Այդ «աննյութական կապիտալն» ամրապնդելու գործում անելիք ունեն հասարակական կյանքի բոլոր դերակատարները, առաջին հերթին լրատվամիջոցներն իրենք, մանավանդ այս ժամանակաշրջանում, երբ նախկին խնդիրներին (Fake news, սոցիալական ցանցերի հաղթարշավ, թվային դարաշրջանի լրատվական էթիկական հարցեր եւ այլն) ավելանում են նորերը, որոնք ավելի բարդ են, առօրեական եւ շոշափելի։
Արամ Անանեան
(64 օտար բառ) «Արմէնպրես»-ի տնօրէն