6 Հունիսի, 2018
Մեծարգո պարոն վարչապետ, 2017 թ. մարտին հուսալքված, դառնացած, բռնակալ և քմահաճ կաթողիկոսի անվերջանալի անարդարություններն ու հալածանքները մերժելով հեռացա Հայաստանից: Եվ միայն վերջերս հուսավառված և ոգևորված Ձեր գլխավորած համաժողովրդական շարժմամբվերադարձա հայրենիք, և պատիվ է ինձ համար, որ վկան, ականատեսն ու մասնակիցը եղա լուսավոր ու արդար նոր Հայաստանի կերտմանը: Պարոն վարչապետ, խնդրում եմ, ականջալուր եղեք Աստծո խոնարհ ծառայիս խոսքին: Նոր և արդար Հայաստանի հեղափոխությունն իր վերջնական հանգրվանին չի հասնի և վերջնական հաղթանակով չի պսակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ս. Գրիգոր Լուսավորչի գահը մնում է զավթված չարի իշխանության կողմից: 19 տարի Գարեգին Բ-ն սրբապղծել է մեր բոլոր սրբություններն ու կանոնները: Մեր պատմությունը լեցուն է գահընկեց կաթողիկոսներով: Այսօր, երբ Դուք առաջնորդում եք մեր երկիրը Ձեր տիրավանդ իշխանությամբ, մենք ազգովի Հայաստան, Արցախ և Սփյուռք, պետք է անձանձրույթ աղոթենք, փառք վեր առաքենք առ Բարձրյալն, որ Ձեր իմաստնությամբ, աշխատասիրությամբ, բայց նաև աղոթքով տեղի ունեցավ մեծ հրաշքը, և մենք ձերբազատվեցինք նախորդ իշխանությունից: Վերջին քսան տարում առաջին անգամ լինելով Երկնավորը Ձեր միջոցով իր դեմքը մեզ ցույց տվեց:
1999 թ. հոկտեմբերի 27-ին Գարեգին Բ-ն կաթողիկոս դարձավ, որովհետև այդ օրերին Հայաստանում ամեն բան վաճառվում էրգնացքի գծերից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահը: 1999 թ. հոկտեմբերի 27-ին Գարեգին Բ-ն կաթողիկոս դարձավ, որովհետև տեղի ունեցավ Հայաստան և Սփյուռք ամենազազրելի և գարշելի գործարքը: Սփյուռքից եկած Հուդայի 30 արծաթը գրկախառնվեց ու ողջագուրվեց հայաստանյան նողկալի ընչաքաղցությանը: 1999 թ. հոկտեմբերի 27-ին ոչ միայն ծանրագույն հարված հասցվեց հայոց պետականությանը, այլ նաև դժնդակ ու ահասարսուռ դավադրություն տեղի ունեցավ մեր հայրերի Աստծո և մեր Սուրբ եկեղեցու դեմ, որի համար մենք պետք է ազգովի ապաշխարենք և ի խորոց սրտի զղջանք: Ազգովի աղոթենք և աղերսենք, որ Աստված ների մեր այս մեծագույն մեղքն ու խարանը, և նա, ով 30 արծաթով տիրացել է մեր հավատքի Հոր գահին, պետք է անմիջապես հեռանա: Մեր ժողովուրդը արժանի է սիրող հոր, մեր ժողովուրդը արժանի է Հայրապետի, ով վախենում է Աստծուց և ամաչում է մարդկանցից: Մեր ժողովուրդն արժանի է աղոթող Հայրապետի: Բավ է հանդուրժել հայ ժողովրդի վերջին 19 տարիների որբությունը և Սուրբ Հոգու պանդխտությունը Մայր Աթոռից: Գարեգին Բ-ն և Սուրբ Հոգին անհամատեղելի են: Մեծարգո պարոն վարչապետ, ես քաջ գիտակցում եմ, որ եկեղեցին անկախ է պետությունից, սակայն ում պիտի ուղղեի խոսքս, եթե ոչ Ձեզ: Դուք աստվածավախ եք, Դուք հեղինակություն եք, Դուք իշխանություն եք և, վերջապես, իմ վարչապետն եք, ում արևշատության ու ազգաշեն գործոց հաջողությունների համար հանապազ աղոթում եմ: Գարեգին Բ-ն չարիք և պատուհաս է ոչ միայն այսօրվա, այլ նաև վաղվա համար, քանզի երիտասարդ հոգևորականների մի սերունդ, ովքեր չեն տեսել լուսահոգի կաթողիկոսներ Վազգեն Առաջինին և Գարեգին Առաջինին, փորձում են նմանվել նրան: Մի առիթով Գարեգին Բ-ն հպարտորեն և ինքնագոհությամբ անձամբ ինձ պատմեց, թե ինքն ու իր եղբայր Եզրաս արքեպիսկոպոսը հատուկ մերսում են ստացել Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մերսողի կողմից, և որ այդ հաճույքն ընդամենն արժեցել է 15 հազար եվրո: Ամենայն Հայոց կաթողիկոսի այս ցոփ ու շվայտ կենցաղավարության մասին երբ կիսվեցի երիտասարդ հոգևորականներից մեկի հետ, ապշանքս ու զայրույթս ավելի մեծացավ, երբ վերջինս արձագանքեց. «Հալալ է իրեն, ես էլ գումար ունենայի, ես էլ նույնը կանեի»: Ս. Էջմիածնի այսօրվա գահակալի իշխանությունը չարից է, բազում են վկայությունները: Ես անում եմ իմ քայլը և ձեռնոց եմ նետում «ավազակա-պետության կաթողիկոսին»: Հունիսի 6-ից հայտարարում եմ անժամկետ ծոմ-հացադուլ և պահանջում եմ, որ Գարեգին Բ-ն հեռանա Ս. Գրիգոր Լուսավորչի բռնազավթած գահից: «Մահ իմացեալ անմահութիւն է». ես անում եմ իմ քայլը կյանքս դնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ազատագրման զոհասեղանին:
Ի տարբերություն կաթողիկոսի, իր ընտանիքի անդամների և իր մյուս սևազգեստ մերձավորներիեկեղեցին ինձ համար բիզնես չէ, եկեղեցին իմ կյանքն է: Ես պատրանքներ չունեմ, որ մտածեմ, թե մարդկային կյանքն արժեք ունի Գարեգին Բ-ի համար, և որ նա ընդառաջ կգնա իմ խնդրանք-պահանջին: Նա միայն երկու լեզու է հասկանում. շատ դրամ և մեծ իշխանություն: Ես այդ երկուսից և ոչ մեկին չեմ տիրապետում: Իմ ունեցածն Աստծո պարգևած կյանքն է, ես պատրաստ եմ իմ մահով ու նահատակությամբ ծառայել եկեղեցուս: Բոլոր տրամաբանական վերլուծությունները ցույց են տալիս, որ Ս. Էջմիածնի բակում իմ մահվանը կհաջորդի լայնամասշտաբ ընդվզման ալիք, որն էլ կխորտակի սատանայի իշխանությունը հայոց սրբություն սրբոցում: Թող Աստված օրհնի Հայաստանի Հանրապետությունը և համայն հայությունը: Խոնարհությամբ և աղոթքով Խորեն վարդապետ Հովհաննիսյան

Հ. Գ. «Հայաստանեաց Առաքելական Եկեղեցին իր դարաւոր գոյութեան ընթացքին արտաքին հարուածներէն այնքան չէ սոսկացած, որքան այն անմիտ եւ քանդիչ փորձերէն, զորս դուք Վեհափառ, ծոցածին զաւակը այս նոյն Եկեղեցւոյ, կը պատրաստէք իր մեջէն՝ իր դէմ… Ժամանակը եկած է, Վեհափառ, որ դուք պարտիք վերագտնել ձեր հոգեկան արժէքները, եթէ երբեւիցե ունեցած էք, ապա թէ ոչ դուք եւս դուք ձեզ հռչակէք կարգազուրկ եւ մեր Մայր Եկեղեցին փրկէք ամբողջական կործանումէ… Ոչ Ձեզնից կարգ ստանալն է պատիվ, և ոչ էլ կարգալույծ լինելը` անպատւութիւն»:
(Ամենապատիվ Տ. Նուրհան պատրիարք Մանուկյան)



By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *