«Ժողովրդավարութիւն նշանակում է կառավարում՝
տիրող այլակարծիք պայմաններում, բայց այն հնարաւոր է,
եթէ յաջողուի փակել՝ որոշ խօսող բերաններ»:
Կլեմենտ Էտլի- (անգլիացի քաղաքագէտ)
ԳՐԵՑ՝ Ռուբէն Յովակիմեան
Յարգանքը բարձր գնահատութեան զգացում է, որ մեզանից իւրաքանչիւրը յարուցանում է իր բարոյական արժէքներով: Սէրը եւ յարգանքը՝ տարբեր, բայց իրար լրացնող հասկացութիւններ են: Երբ նրանք համատեղ են, ապա խաղաղ ու պարկեշտ մթնոլորտը կայուն է ու ապահով:
Այս մտորումները արթնանում են վերջերս հայրենի խորհրդարանում պարբերաբար մի քանի պատգամաւորների իրար ծեծկռտուքի առիթով, որ ոչ միայն վայել ու պարկեշտ լինելուց շատ հեռու են, այլ ամօթ է եւ հազար ամօթ-անվայել: Ընդամէնը մօտ տասն օր առաջ ԲՀԿ֊ական մի երիտասարդ պատգամաւորը լեզուակռուից յետոյ վիճող գործընկերոջ հետ (նոյնիսկ տարբեր դաշտից լինելով նրանք գործընկեր են եւ ոչ հակառակորդ) միջանցք ելան հաշիւ մաքրելու եւ յոյսով եմ, որ բռունցքի չհասան: Մի քանի օր առաջ ԼՀԿ֊ի ղեկավարը անվայել սեռական իմաստի հայհոյանքներ ուղղեց խորհրդարանի փոխնախագահիհասցէին՝ տեղին նման համազօր պատասխան ստանալով:
Ինչպէս ֆրանսական առածն է ասում՝ «ախորժակը բացւում է ուտելու ընթացքին» եւ այսօր՝ Եռատօնի օրը, իրական բռնցքամարտ եղաւ իմքայլականի եւ ԼՀԿ֊ականի միջեւ, եւ նիստը վարող նախագահը ստիպուած էր դադարեցնել աշխատանքների ընթացքը:
Ինչի՞ են նման եւ ի՞նչ անուն կարելի է տալ կրկնուող ա՛յս անվայել, ըստ իս՝ խայտառակ արարքներին, որ անվայել ու անբարոյ լինելով, նաեւ սադրանք են: Կարելի է՞ այն վերագրել արեւելցու տաքարիւնութեան.֊ ոչ, չեմ կարծում, քանզի արեւելքում եւս կան կիրթ ու հաւասարակշռուածներ, որոնք կարողանում են հանդուրժել այլախոհներին: Կարծում եմ, թէ այս երեւոյթը ունի տարբեր պատճառներ: Նախ, որ ենթադրաբար, կուսակցութիւնները, թեկնածու են առաջարկում, երբեմն պատահական՝ իրենց մօտ անձանց, անտեսելով նրանց ունակութիւնները՝ կարեւորելով նրանց ստրկականենթակայութիւնը կազմակերպութեանը: Չար լեզուները խօսում են, ինչ որ ծրագրուած սադրանքների մասին՝ արգելքներ ստեղծելու նպատակով իշխանութեան սորուն ընթացքին, որին դժուար է հաւատալ, բայց տեսածի համաձայն, մեր երկրում ամէն ինչ հնարաւոր է: Բացի այդ՝ անհնար չէ նաեւ, թէ որոշ արտաքին ուժեր ունենան իրենց հետաքրքրութիւնները այդ բնագաւառում ջուրը պղտորելու համար:
Տիրոջ ճամբաները անտեսանելի են, թոյլատրելի է, եւ թերեւս կարելի է մտածել, թէ նման անախորժ ու անբարոյ դէպքերը անակնկալ չեն, այլ ծրագրուած են վերադարձի տենչով տառապողների կողմից: Մենք մտադիր չենք այդ եղած բախումների մեղաւորն ու անմեղը փնտրել, այլ ցաւով շեշտել տեղի ունեցած անվայել իրականութիւնը, որ տրամաբանական ոչ մէկ սկզբունքի չի համապատասխանում, միայն թէ անհնար է չանդրադառնալ նրա ընդհարման իմաստին: Խորհրդարանը քննարկում էր անօրինական գոյքի եւ գումարների բռնագրաւման ու պետականացման օրինագիծը, նիւթ, որ անհանգստացնում է շատերին նոր իշխանութեան առաջին օրուանից, բայց անհասկանալի է, թէ ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակով, կամ ո՞ւմ դրդմամբ ԼՀԿ֊ն ԲՀԿ֊ի հետ համահունչ որոշում են արգելք լինել այդպիսի օրինագծին եւ զանազան խոչընդոտներ ստեղծում՝ ըստերեւոյթին քաոսային մթնոլորտ ձեւաւորելու նպատակով:
Եթէ մեր խօսքը տեղ հասնելու հնար ունենար, ապա կը համարձակուէինք յուշել, որ օրինական կառավարութիւնը դեռ լիարժէք կողմնորոշման ժամանակ չի ունեցել՝ զանց չառնելով չարաբաստիկ համաճարակի առկայութիւնը, նկուղից մինչ տանիք համակարգը մաքրելու, որ նորութիւն չէ, այլ հասկանալի երեւոյթ է, հաշուի առնելով նաեւ առօրեայ լուծում հայցող բազում հարցերի առատութիւնը, բարձր մտածողութիւնով գործընկերների սակաւութիւնը թէ՛ իշխանական եւ, թէ՛ ընդդիմութեան շրջանակում, իսկիրականում «Բազում են կոչեցեալք եւ սակաւք ընտրեալք»:
Ճիշտ կը լինէր, եթէ նախատեսուած սահմանադրական փոփոխութիւնների հետ մէկտեղ նկատի առնուէր նաեւ պատգամաւորի թեկնածու լինելու պայ-մանների ճշտումներ, որոնք կ՝արգելեն ամէն տեսակի թափթփուկի սողոսկել երկրի օրէնսդիր մարմին, իրենց ծանօթ խորդուբորդ ուղիներով եւ այդ ան-հրաժեշտ եղած պայմաններից առա-ջինը պիտի լինի մայրենի լեզուի անթերի տիրապետումը, ինչպէս նաեւ որեւէ տեսակի կապը գործող ինչ որ «բիզնեսի» հետ:
Մենք կարծում ենք, թէ լուրջ խնդրոյ առարկայ պիտի դարձնել նաեւ պատգամաւորների թիւը: Մեր երկիրը այդ քանակի եւ մասնաւորապէս այդ որակի ընտրեալների կարիք չունի: Մերոնց թիւը, վեց անգամ աւելի է Ֆրանսայի համեմատ, մէկ միլիոն բնակչի համար: «Խելքին աշեցէք»:
Առանց հեգնանքի յիշում եմ նիստերի դահլիճը, երկու տարի առաջ, երբ շարքով նստած կամ քնած էին «հեղինակութիւններ», որոնց միայն անունները նողկանք են առաջացնում՝ Դոդի Գագո, Նեմեց Ռուբո, Շմայս, Լֆիկ Սամո, Օրթախ
Սաշիկ, գեներալ Մանվել… եւ այլ այլանդակութիւններ, որ երկրի վարկանիշն են դարձել, իսկ ինչ ասել աղմկարար Նաիրա Զոհրաբեանի մասին, որ նախկին լրագրող եւ բանասէր լինելով, իր քառորդ էջ կազմող դիմագրքի (ֆեսբուկ) յոխորտացող հայերէնով պատգամում՝ քսան հինգ օտարալեզու բառ է գործածում, անշուշտ, թերեւս հպարտութեան զգացումով:
Կարծում եմ, թէ մեր երկիրը, առաւելաբար նրա ատաղձ՝ հասարակութիւնը, մեծ լոգանքի կարիք ունի՝ ազատուելու ու մաքրուելու արդէն կուտակուած եւ վերջին երեք տասն-ամեակին ապականուած սկզբունքներից, շատ բնագաւառներում, սկսած քաղաքա֊տնտեսական, ներքին ու արտաքին յարաբերութիւններից՝ ներառեալ բարդ արցախեան թնջուկը, որ դարձեալ ռոբ-սերժական ծնունդ է, մշակոյթ եւ կրթական համակարգ՝ ստեղծելով առողջ հիմքերով հաստատուն սահմանադրական ու իրաւական գաղափարախօսութիւն: Այս բոլորի համար վարչապետը խիստ կարիք ունի վստահելի աննկուն գործակիցների՝ որոնց վրայ կարողանայ յենուել՝ չմոռանալով, որ ներքին թշնամին քնած չէ:
10֊05֊20
Ռուբէն Յովակիմեան