Ես գիտեմ, որ բոլորդ սպասում եք լուրերի և գնահատականների և իրավիճակի վերլուծության, և ես ուզում եմ հիմա խոսել այն իրավիճակի մասին, որում մենք       գտնվում ենք այսօր, ՀՀ-ն, հայ ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, և խոսել նաև լուծումների մասին:


Նախ ուզում եմ արձանագրել, որ ըստ էության պետք է մենք հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած, մինչև բավականին երկար ժամանակ, դիվանագիտական լուծում չունի, ըստ էության: Եվ բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավելևս՝ այս իրավիճակում, ըստ էության, պետք է համարել ավարտված: Ինչո՞ւ:


Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Ի՞նչ ա նշանակում՝ փոխզիջում: Փոխզիջում նշանակում ա, որ քո նշաձողից, քո դրած նշաձողից, մեր ազգային նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է իր առավելագույն նշաձողից ինչ-որ բան իջեցնի: Բայց պրակտիկան ցույց է տվել, և դա այլևս իրականություն է, որ այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, այլևս անընդունելի է Ադրբեջանի համար: Այսինքն՝ նրանց ողջ դիվանագիտական ռազմավարությունը և մարտավարությունը եղել է և շարունակում է մնալ դա:


Այն, ինչի հետ մենք բանակցությունների, ամենատարբեր գործոնների բերումով համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ: Եվ սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է՝ առնվազն այս փուլում:


Եւ, ես հետագայում կխոսեմ, թե որ փուլում է, որ դա հնարավոր կարելի է դարձնել:

Հիմա, ևս մի էսպիսի հարց և մոլորություն կա, որ շրջանառվում է. խոսքը Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին է:


Ես ուզում եմ ասել, որ այս ողջ ընթացքում շատ բարձր եմ գնահատում մեր երկրների համագործակցությունը եւ փոխգործակցությունը: Մենք զգում են ՌԴ-ի աջակցությունը որպես ՀՀ եւ հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից: Կա մշտական հաղորդակցություն մեր երկրների միջեւ: Մենք հնարավորինս ամենաբարձր մակարդակով եւ արդյունավետ կերպով փոխգործակցել ենք եւ փոխգործակցում ենք այս վիճակից լուծում գտնելու համար: Սա այն փաստի հաշվառումով, որ ՌԴ-ն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է եւ նաեւ ՀՀ ռազմավարական գործընկերը: Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը, եւ համոզված եմ, որ սրանից հետո էլ կանի առավելագույնը: Սրանում չեմ կասկածում ընդհանրապես:


Հիմա, այս իրավիճակում, որն է մեր անելիքը: Ես կարծում եմ, որ այս փաստերի համադրումն ակնհայտ է դարձնում մեր անելիքը։


Մեր անելիքը պայքարելն է մինչև վերջ և անմնացորդ, անսասան՝ մեր ժողովրդի իրավունքների համար։ Անկախ նրանից՝ ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար։ Պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակում է՝ առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին։ Այս պրոցեսն արդյունավետ կազմակերպելու պարագայում է որ մենք ի վերջո կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման, որովհետև, ըստ էության, Ադրբեջանն այսօր ասում է՝ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայի, համաձայն չէ։ Իսկ դուք դա հասկանում եք, թե ինչ է նշանակում: Մեր ժողովրդի, ես ուզում եմ ընդգծել, էստեղ խոսքը Ղարաբաղի մասին չի, նույնիսկ չեմ էլ ուզում քննարկենք, որովհետև դեռ 90-ականների մեր ազատամարտի հերոսները, մեր ամբողջ կոնկտեքստ այդպիսին է, որ մենք Ղարաբաղի մասին խոսելով, խոսում ենք մեր ժողովրդի իրավունքների մասին, որովհետև մենք ասել ենք, դեռևս 90-ականների սկզբին ասել ենք, որ առանց Արցախի չկա Հայաստան և հետևաբար պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը, նշանակում է պաշտպանել Հայ ժողովրդի իրավունքը: Ես այդտեղ տարանջատում չեմ տեսնում: Իսկ սա այսօր առաջին հերթին նշանակում է՝ զենք վերցնել եւ կռվել՝ հանուն այդ իրավունքների այնքան ժամանակ, մինչեւ հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որեւէ տարբերակի. Ընդ որում, ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին։ Այս համատեքստում, կարծում եմ, որ այս պրոցեսը պետք է կազմակերպի եւ իրականացնի մեր ժողովրդի քաղաքական լիդերությունը:


Եւ ես այսօր այս կոչն ուղղում եմ նաեւ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձեւավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը, և այդ ջոկատները պետք է գրվեն Գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ եւ ձեւավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը, որը նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում եւ իրականացնեն այն խնդիրը, ինչ-որ կդրվի նրանց առջեւ՝ հրամանատարության կողմից։


Այս խոսակցությունը ինչքան էլ կոնկրետ իրավիճակում է, այն համարում եմ շրջադարձային պահ: Ինչո՞վ եմ համարում շրջադարձային. Որովհետեւ մենք Ցեղասպանություն տեսած եւ ապրած ժողովուրդ ենք։ Եվ ցեղասպանություն է իրականում տեղի է ունեցել այն պայմաններում եւ այն պատճառով, որ եղել է մի այնպիսի տրամադրություն, որ ինչ-որ տեղ կան ինչ-որ մարդիկ, որոնք կկանգնեն մեր ժողովրդի իրավունքների եւ անվտանգության պաշտպանության դիրքերում, բայց այդ մարդը երեւի ես չեմ, երեւի ինչ-որ տեղ կան ինչ-որ մարդիկ, ազատամարտիկներ, ֆիդայիներ, որոնք պետք է կանգնեն եւ այդ իրավունքը պաշտպանեն։ Արդյոք կա՞ն այսօր այդպիսի մարդիկ. այո, կան։ Այսօր նույնիսկ արդեն համացանցում կերպարներ են ձեւավորվել՝ սկսած շարքային, պայմանագրային, կամավորական, սպաներ, գեներալներ. արդեն լեգենդներ ունենք մենք ռազմի դաշտում, որոնք ի վիճակի են ձեւավորել եւ արել և անում են ամեն ինչ՝ հայ ժողովրդի հաղթանակը կերտելու համար: Նրանք դնում են և անում են ամեն հնարավորը: Բայց պետք է նրանց կողքը պետք է կանգնել, որովհետեւ նրանց կողքին, ցավոք, իրենց նման հերոսական կամավորներից, շարքայիններից շատերը զոհվել են հանուն հայրենիքի։ Ո՞վ պետք է կանգնի. բոլորս պետք է կանգնենք։ Դու ես հենց այն մարդը, որն այսօր պետք է վեր կենա, զենք վերցնի, գնա մեր հերոս տղերքի կողքը կանգնի եւ կռի այն հաղթանակը, որը մեր նպատակն է:


Մենք էսօր, և ընդ որում նրանից չի, որ ֆանատիկ ենք, բառի վատ իմաստով, մենք նվիրյալ ենք բառի լավ իմաստով, բայց իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակը, չի թողնում, չկա միջանկյալ տարբերակ: Կա հաղթանակ և կա պարտություն: Եւ հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը: Ընդ որում ես հիմա ասեցի տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական կառավարման մարմիններ, հիմա ավելի ընդլայնեմ՝ կուսակցություններ, ՀԿ-ներ, քաղաքացիական նախաձեռնություններ, բոլորը պետք է ձևավորեն ինքնապաշտպանական ջոկատներ, և բոլոր այդ ջոկատները պետք է գործեն գլխավոր շտապի պետի ենթակայության ներքո:


Հիմա, իրավիճակի մասին:


Այո, առաջնագծում բավականին բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել. Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում։ Այստեղ կա շատ կարեւոր նրբություն. մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները։ Այո, նրանց ռեսուրսները շատ-շատ մեծ են, բայց մեր հերոս զինվորները աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում, ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ: Եւ ուզում եմ ասել, որ Ադրբեջանը հումանիտար հրադադարի չի համաձայնվում նաև այս պատճառով: Հումանիտար հրադադարի իմաստն ու նպատալներից մեկն այն է, որ ի վերջո դիակների մարմինները հավաքվեն, խնամվեն և պատշաճ ձևով արվի հուղարկավորություններ և այլն:


Ադրբեջանն այս կոնկեքսում վախենում է 2 բանից. առաջինը՝ մեկ տասնյակ հազարին մոտ դիակներ, որոնք պիտի իրենց կազմակերպած էյֆորիայի ֆոնին վերադառնան, ահռելի քանակի զինտեխնիկայի, զրահատեխնիկայի, ահռելի քանակի կորուստներ՝ միլիարդուկեսի հասնող, առավել ևս, որ մենք սկսել ենք խոցել նաև թուրքական Bayraktar-ները, երկրորդ՝ կբացահայտվեն վարձկանների դիակներ եւ երրորդ՝ կբացահայտվեն նաեւ թուրքական զորքերի զինվորների դիակներ, որը ըստ էության արդեն համաշխարհային հանրությունը այդ գիտակցել է, բայց կոնկրետ ապացույցների ձեռքբերման տրամաբանությունից խուսափելու համար:


Մենք այսօր պիտի ընդամենը կրկնենք մեր պատմության ոչ թե աղետալի հատվածը, այլ՝ հերոսական հատվածը, որովհետեւ 1990-ականներին ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ վիճակը շատ ավելի հուսահատ էր, բարդ էր, թվում էր՝ ոչ մի ելք և լուծում չկար, բայց մեր ժողովուրդը գտավ այդ լուծումը, որովհետեւ կային մարդիկ, ովքեր իրենց վրա վերցրին հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը, այսօր էլ կան նման մարդիկ, բայց այդ մարդկանց կողքը պետք է կանգնել ու կանգնել պինդ, ընդ որում: Մեզնից յուրաքանչյուրը, որ այս գործին նվիրվում է, պետք է զինվորական երդմանը համապատասխան գործի: Անվերապահորեն կատարեն հրամանատարության կողմից դրված խնդիրը, ինչքան էլ, որ այդ խնդրի կատարումը  դժվար լինի, ամուր կանգնել, այնտեղ, որտեղ կլինի հրաման առաջ գնալ, գնալ առաջ և լուծել խնդիրը: Հիմա դուք կասեեք, որ հիմա 90-ականները չեն. ավելի լավ, որ 90-ականները չեն, որովհետև 30 տարի մենք մեր մեջ մեր պրոբլեմները գիտակցել ու հասկացել ենք, վերլուծել ենք և եկել ենք լուծելու էտ բոլոր խնդիրները մի փաթեթով, մի գործողությամբ: Սա մեր վերջին 30 տարիների պրոբլեմների հանգուցալուծումը պիտի չլինի, սա մեր վերջին 500 տարվա պրոբլեմների հանգուցալուծումն է:


Եւ ինձ համար կրկին բանաձևը նույնն է, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց ու այդ մեկ մարդը դու ես: Դու պետք է գործես, որովհետև գործելու ժամանակն է: Հոտնկայս կենացներից այն բովանդակությունը, որ մենք ստեղծել ենք, որը շատ լավ բան է… մեր ոչ մի ծնունդ և կնունք չի անցել առանց մեր զինվորի, մեր սպաների, մեր բանակի  կենացի և դա շատ հոյակապ բան է: Դա նշանակում է, որ մենք իմացել ենք, նույնիսկ ամենամեծ ուրախության պահերին իմացել ենք, որ բանակից և կռվից ավելի կարևոր բան չկա: Մենք իմացել ենք, որ էտ պահը գալու է, և հետևաբար, մենք մեր ասածի հետևից պետք է գնանք:


Եւ ուրեմն,  քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, իհարկե որոշակի երկրի կառավարելիությունը պետք է պահվի, այսինքն բոլորս չենք դառնում դաշտային հրամանատարներ, բայց արդեն կազմակերպչական աշխատանք է, գյուղապետերը պետք է իրենց ընտրողների շրջանից հավաքեն ջոկատներ, իմ ասած տրամաբանությունը իրագործելու համար և նաև բոլոր էն ուսանողները, բիզնեսմենները, որոնք աշխատանքի բերումով Ստեփանակերտից են, Ղարաբաղից են, նրանք էլ հենց հիմա, ոչ թե վաղը առավոտ կամ էսօր երեկո, այլ հենց հիմա, պետք է շարժվեն Ստեփանակերտ՝ զինվորագրվելու կամավորական ջոկատների, որոնք պետք է գործեն ՊՆ հրապանատարի ենթակայության ներքո:


Մեր առաջին ազատամարտի նահատակված հերոսներին կհիշատակեմ, որովհետև կենդանի հերոսներ են, այսօր էլ կան, մեր կողքին են և նրանք գործում են և ավելիւ լավ կգործեն և մեր աջակցության կարիքն ունեն՝ Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանը, Մովսես Գորգիսյանը, Վազգեն Սարգսյանը նայում են մեզ, մենք էլ պետք է նայենք իրենց եւ իրենց աչքերի մեջ ու պետք է առիթ չունենանք մեր հայացքը փախցնել նրանցից, որովհետեւ նրանք հայրենիքին տվեցին ամեն ինչ ու չխնայեցին ոչինչ, հիմա եկել է մեր ժամը՝ հայրենիքին տալ ամեն ինչ ու չխնայել ոչինչ։ Ավտոմեքենաներ, որոնք պետք են առաջնագծում, միկոավտոբուսներ, որոնք պետք է կամավորներին տեղափոխեն, «Ջիփեր», որոնք պետք է շարժունակությունն ապահովեն, ինտելեկտուալ աշխատանք՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում՝ հակազդելու ժամանակակից զենքերին: Այդ բոլոր ուղղություններով իհարկե աշխատանք գնում է:


Եվ հիշի՛ր, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դո՛ւ ես: Սիրում եմ բոլորիդ: Հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ուզում եմ, որ մենք բոլորս մեր հոգում և մտքում ուժեղացնենք, կառուցենք, կոփենք հաղթանակի կամքը և հաղթանակի ոգին: Իրար աչքերի մեջ տեսեք հաղթանակը: Աչքերի, հոգու, մտքի մեջ պետք է նախ հաղթանակը ձևավորվի:


Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, մենք չենք ընկրկի, մենք չենք կոտրվի: Մեզ հնարավոր չէ հաղթել: Եվ մենք կհաղթենք: Եվ այդ հաղթանակը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դո՛ւ ես:


Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում, ազատ և երջանիկ Արցախում.


Դուխո~վ ժողովուրդ ջան, դուխով…

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *