Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միութեան Եւրոպայի գրասենեակի կողմից նախաձեռնւած «Եւրոպայի երիտասարդութիւնը յանուն Արցախի անկախութեան ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող եւ նախկին պատգամաւորներից, օտարերկրեայ լրագրողներից կազմւած պատւիրակութեանը։
«alikonline.ir» – Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միութեան Եւրոպայի գրասենեակի կողմից նախաձեռնւած «Եւրոպայի երիտասարդութիւնը յանուն Արցախի անկախութեան ճանաչման» ծրագրի մաս-նակիցներից, ԵՄ գործող եւ նախկին պատգամաւորներից, օտարերկրեայ լրագրողներից կազմւած պատւիրակութեանը։ Տեղեկացնում է Tert.am-ը:
Ողջունելով հիւրերին՝ նախարար Մնացականեանը նշեց, որ Արցախի համար այս դժւարին ժամանակաշրջանում նման ներկայացուցչական պատւիրակութեան այցն անչափ կարեւոր է՝ որպէս արցախահայութեանը ցուցաբերւող զօրակցութեան եւ համերաշխութեան դրսեւորում:
Զոհրաբ Մնացականեանը ներկաներին իրազեկեց Արցախի դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծւած լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքի վերաբերեալ, որն ուղեկցւում է պատերազմի յանցագործութիւններով եւ արցախահայութեան ֆիզիկական բնաջնջմանը միտւած գործողութիւններով: Նախարարը հանգամանալից տեղեկատւութիւն տրամադրեց Ադրբեջանի զինւած ուժերի կողմից խաղաղ բնակչութեան անընդմէջ թիրախաւորման, քաղաքացիական բնակավայրերի եւ օբիեկտների հրետակոծմանը զուգահեռ արգելւած զինատեսակների կիրառմամբ անտառածածկ տարածքների միտումնաւոր հրդեհման փաստերի վերաբերեալ:
ԱԳ նախարարը հիւրերի ուշադրութիւնը հրաւիրեց Ադրբեջանի կողմից վարւող ռազմական գործողութիւններին անմիջական ներգրաււածութիւն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դերակատարութեան վրայ, որն արտայայտւում է նաեւ վերջինիս կողմից Մերձաւոր Արեւելքից օտարերկրեայ զինեալ ահաբեկիչների հաւաքագրմամբ եւ հակամարտութեան գօտում տեղա-կայմամբ: «Ադրբեջանը վերածւել է Հարւային Կովկասում ահաբեկչութեան կենտրոնի, ահա-բեկչութիւն հովանաւորող պետութեան»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդութեամբ կրակի դադարեցման շուրջ ձեռքբերւած համաձայնութիւններին՝ նախարար Մնացականեանը նշեց, որ Ադրբեջանի խուսափելն իր կողմից ստանձնած պարտաւորութիւնների կատարումից եւս մէկ անգամ փաստում է հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով լուծելու վերջինիս անկարողութեան մասին:
Նախարար Մնացականեանը պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիւ հարցերին: Ի պատասխան յետագայ զարգացումների վերաբերեալ հարցին՝ նախարար Մնացականեանն առանձնայատուկ ընդգծեց. «Սա ազատութեան համար մղւող պատերազմ է: Մենք պէտք է մեր հայրենակիցների արիւնը փոխհատուցենք ազատութեամբ»:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *