Սիրելի Հայրենակիցներ՝ Հայաստանից, Արցախից և Սփույռքից, նոյեմբերի 10-ի գիշերվանից Հայ ազգը գտնվում է հոգեկերտման հերթական պատմական փուլում, երբ չկա գիշեր և ցերեկ, երբ յուրաքանչյուրը օրվա 24 ժամը անցկացնում է արթուն և անհանգիստ մտքով, շնչում է, բայց չի ապրում: Իսկ զգացմուքների մասին էլ չեմ խոսում:
Հայոց աշխարհում մեր առօրյա կյանքում մենք միայն խոսում ենք: Խոսում ենք սիրուց և հանդուրժողականությունից, բայց իրականում չկա ոչ սեր, ոչ հանդուրժողականություն: Խոսում ենք արդարությունից և օրինականությունից, բայց իրականում չկա ոչ արդարություն, ոչ օրինականություն: Խուսում ենք համախմբվածությունից և պաշտպանվածությունից, բայց իրականում չկա ոչ համախմբվածություն, ոչ պաշտպանվածություն:
Այսպիսի իրավիճակում, երբ խոսքը կապ չունի իրականության հետ, հնարավոր չէ լուծել որևէ կարևոր խնդիր, առավել ևս որևէ ազգային խնդիր: Եվ այս ամենի արդյունքում հասարակությունը, ժողովուրդը, ազգը, իր հավաքական կերպարով, կորցնում է իր վստահությունը, ուժը, իր հավատը:
Առաջիկա օրերը, կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Արցախի Հանրապետության այլև Հայաստանի պետականության համար:
Այսօր, ոգեկոչելով և ապավինելով մեր Հայի ոգեղենությանը, բանականությանն ու իմաստությանը, դիմում եմ յուրաքանչյուրիդ, կիսվելով իմ դիտարկումներով, որպեսզի սթափ, օբյեկտիվ, գիտակցված և կշռադատված մտածենք, կարողանանք դուրս գալ այս իրավիճակից և կերտենք մեր Հաղթանակները:
Եվ այսպես ինչ ունենք մենք այսօր.
1/ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանձնյա կայացրել է քաղաքական որոշում և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Նախագահ Ալիևի հետ համատեղ նոյեմբերի 10-ի գիշերը ստորագրել է Հայտարարություն: Այդ Հայտարարության հիման վրա այս պահին շփման գծի ամբողջ երկայնքով դադարեցված են ռազմական գործողությունները, Ռուսաստանի խաղաղապահ ուժերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում, սկսած նոյեմբերի 15-ից Ադրբեջանին հաջորդաբար հանձնվելու են Քելբաջարի, Լաչինի, Աղդամի շրջանները և այս ամենը արվում է առանց Արցախի Հանրապետության կարգավիճակի որևէ որոշման:
2/ Վերոհիշյալ Հայտարարության ստորագրման փաստը Հայ ազգի մոտ առաջացրել է երկու ծայրահեղ վերաբերմունք. կամ Հայ ազգը գործ ունի պետական, ազգային դավաճանության հետ կամ ՀՀ վարչապետը ստիպված է գնացել այդ քայլին, որպեսզի խուսափենք Արցախի ամբողջական կորստից, և հանուն հազարավոր զինվորների կյանքերի փրկության, որոնք այդ պարագայում կընկնեին շրջափակման մեջ: Թե այս երկու մոտեցուներից որն է հավաստի, հնարավոր կլինի պարզել միայն առաջացած իրավիճակի պատճառների լայնածավալ և մանրակրկիտ ուսումնասիրությունից և վերլուծությունից հետո, որի ժամանակն այս պահին չկա: Միևնույն պարագայում, հիմք ընդունելով վերոհիշյալը, այդ հարցի պատասխանը չափազանց կարևոր է հանրության մեջ առկա խնդիրների բացահայտման և անհրաժեշտ ու բավարար կանխարգելիչ համակարգերի մշակման և ներդրման համար, որի նպատակը պետք լինի հետագայում բացառել նման իրավիճակների առաջացման հնարավորությունը: Բոլոր դեպքերում այսօր անհրաժեշտ է արձանագրել, որ առկա իրավիճակը առաջացնում է անվստահության մթնոլորտ՝ անկախ նրա արդարացիության վերաբերյալ գնահատականներից, և այն գնալով սաստկանում է:
3/ Վերոհիշյալ բացասական վերաբերմունքի վերացման նպատակով հնչեցվող բացատրությունները նորանոր հարցեր և խնդիրներ են առաջացնում, որոնց մասին այս պահին խոսելը, քննարկելը, վերլուծելը կառաջացնի էլ ավելի նոր խնդիրներ:
4/ Վերոհիշյալ Հայտարարությունը ամբողջ Հայ ազգի կողմից գնահատվում է որպես Հայաստանի պարտություն՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:
5/ Վերոհիշյալ Հայտարարությունը ստորագրելու հետևանքով ՀՀ վարչապետի նկատմամբ հասարակության որոշակի հատվածի մոտ առկա է անվստահություն: Գործում է «պարտվել ես պետք է հեռանաս» մոտեցումը, անկախ մեղավորության առկայությունից կամ բացակայությունից:
6/ ՀՀ վարչապետի կողմից վերոհիշյալ Հայտարարության ստորագրումը, վարչապետի նկատմամբ հասարակությունում առկա անվստահությունը պատճառ է հանդիսանում մի խումբ քաղաքական ուժերի համար իրականացնել գործողություններ, որոնք միտված են իրավիճակի փոփոխությանը: Տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ, որոնք էլ ավելի կլարեն իրավիճակը:
7/ Հասարակության որոշակի հատվածում առկա է մտավախություն, որ վերոհիշյալ քաղաքական ուժերի նպատակն է, օգտագործելով ՀՀ վարչապետի կողմից Հայտարարության ստորագրման փաստը, ամեն գնով վերցնել իշխանությունը և «խեղդել» հեղափոխությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
8/ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է Ազգային Ժողովում խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը: Հենց խորհրդանական մեծամասնությունն է առաջադրում ՀՀ վարչապետի թեկնածությունը:
9/ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պառակտված է:
10/ Հասարակությունում առկա է խորը հուսահատություն և վաղվա օրվա նկատմամբ անվստահություն:
Վերոշարադրյալի հիման վրա, գտնում եմ, հասունանում է համազգային հասարակական ճգնաժամ, որն օր առաջ անհրաժեշտ է կանխել:
Մեր զավակները, հարազատներն ու ընկերները գտնվում են Արցախում՝ առաջնագծում և իրենց համար պատերազմը չի ավարտվել, իրենց ոգին շատ հզոր է, իսկ մենք այստեղ չենք կարողանում գիտակցել, թե որն է այս պահի ամենակարևոր խնդիրը՝ համախմբվել և պատվով ու փառքով դուրս գալ այս իրավիճակից, թե՞ միայն փնտրել ինչ-որ բացատրություններ, թե ինչու այսպես ստացվեց, առավել ևս, որ ամեն անգամ լսելով այդ բացատրություններն ավելի շատ և բազմաբնույթ հարցեր ու խնդիրներ են առաջանում: Պատերազմը դեռ չի ավարտվել, մենք պարտվել ենք միայն ճակատամարտում, այլ ոչ թե պատերազմում:
Հայոց հողում, Հայ ազգում հասունանում է համազգային հասարակական ճգնաժամ: Սրա մասին է պետք մտածել: Ի վերջո ոչ մի Հայ մարդ ոչ Հայոց աշխարհում, ոչ Սփյուռքում չի կարողանա հպարտ քայլել, եթե Հայոց հողում Հայի ոգին ընկճված և կոտրված լինի, հենց սա է ամենամեծ դավաճանությունը, նպաստել այս մթնոլորտի խորացմանը՝ սա է ամենամեծ գիտակցված դավաճանությունը:
Հարգելի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, Դուք Հայաստանի քաղաքացիների մոտ արթնացրել եք Հույս, տալով բազմաթիվ խոստումներ և, ցավոք սրտի չկարողանալով դրանք ամբողջությամբ իրականացնել թե օբյեկտիվ և թե սուբյեկտիվ պատճառներով: Ես չեմ ցանկանում, որ այն քաղաքացիները, որոնք Ձեզ սիրում, հարգում, հավատում են, սկսեն ատել: Ես ցանկանում եմ, որ Հայ ազգը լինի միասնական, համախմբված՝ հատկապես այս ծանր ժամանակաշրջանում: Ընդունեք, որ Ձեզ չհաջողվեց որպես ՀՀ վարչապետ առաջնորդել երկիրը, պետությունը՝ ուրեմն դա Ձեր առաքելությունը չէր: Հնարավորություն ընձեռեք, որ Ձեր քաղաքական թիմի վստահությունը վայելող որևէ այլ անձ ստանձնի այդ կարգավիճակը, ով ի վիճակի կլինի ստանձնել այդ պատասխանատվությունը:
Ավարտելով խոսքս, մաղթում եմ մեր ազգին հավատ, ուժ և կորով:
Առաջ Աստված!