«alikonline.ir» – Լեռնային Ղարաբաղում հաստատւած զինադադարից յետոյ իրեն «Հայաստանի կողքին» հռչակած Էմանուէլ Մակրոնը Ելիսէյեան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, այդ թւում՝ «Ազնաւուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնաւուրին: Ֆրանսիայի նախագահը խոստացել է մարդասիրական օգնութիւն ուղարկել Հայաստան:
Մակրոնը նաեւ յայտարարել էր, որ պատրաստակամ է կառուցել արդար, ընդունելի քաղաքական լուծում՝ Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար։
Ըստ Panorama.am-ի՝ ինչպէս գրում է Le Figaro-ն, Ֆրանսիան մտադիր է առաջիկայ օրերին մարդասիրական, բժշկական օգնութեան բեռնատար ինքնաթիռ ուղարկել Հայաստան, ասել էր Մակրոնը Ելիսէյեան պալատում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Նախորդ հինգշաբթի երեկոյեան կայացած հանդիպման մասնակիցների թւում էին ՀԿ-ներ, որոնք աջակցում են Հայաստանին (Բարեգործութեան հայկական ընդհանուր միութիւն, Ֆրանսիայի հայկական հիմնադրամ, Ազնաւուր հիմնադրամ) եւ այլ անհատներ, ինչպիսիք են կոմպոզիտոր Շառլ Ազնաւուրի որդին՝ Նիկոլա Ազնաւուրը, Անդրէ Մանուկեանը, աշխարհի չեմպիոն ֆուտբոլիստ Իւրի Ջորկաէֆը: