
27 Յունուար, 2021 | www.1in.am
Վազգէն Մանուկեանը խոստովանեց այն, ինչ մինչեւ օրս չէր հաջողվել ապացուցել. նա ասում է, թէ պատերազմի ընթացքում զանգել է Արցախ, բանակի գեներալներին, նրանց հորդորելով իրենց ձեռքը վերցնել իշխանութիւնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխօսնակ Ալեն Սիմոնեանը:
Նա, մասնաւորապէս, նշել է. «Ի՞նչ փաստարկներով պիտի հիմնաւորած լինի իր տեսակէտը պրն. Մանուկեանը, կարծում եմ պարզ է. հողերը ծախած են եւ այսպէս շարունակ: Փաստօրէն՝ նա մեր զինւորականութեանը ներշնչել է, որ դէպի Հորադիզ գրոհելու իմաստ չկայ, պէտք է գրոհել դէպի Երեւան: Ու եթէ Վազգէն Մանուկեանը այս քարոզը գեներալների շրջանում տարել է, կարելի է ենթադրել, որ նոյն բանը արել են նաեւ նրան իրենց թեկնածու կարգած ուժերը:
Մի քիչ աւելի ցածրաստիճան «17-ականները» ենթադրաբար այդ նոյն քարոզը տարել են գնդապետների, փոխգնդապետների ու մայորների շրջանում, մի քիչ աւելի ցածրաստիճանները՝ կապիտանների ու լեյտենանտների շրջանում, աւելի ցածրաստիճանները՝ սերժանտների ու շարքայինների շրջանում:
Պատերազմի ընթացքում, փաստօրէն, էս մարդիկ միայն մի բանով են զբաղուած եղել. գեներալից մինչեւ շարքային մեր բանակի յաղթանակի կամքը թուլացնելու, կոտրելու գործով: Նրանք համոզուած են եղել՝ իրենց թողած բանակցային ժառանգութեան բերումով՝ Ջեբրաիլն ու Հորադիզը պէտք է թողնել եւ պէտք է գրոհել Հայաստանի կառավարութեան շէնքը: Իսկ որպէսզի կառավարութեան շէնքը գրոհելու «լեգիտիմ» առիթ լինի, ռազմաճակատում պէտք է լինէին հնարաւորինս շատ անյաջողութիւններ, իսկ սրա համար պէտք էր կասկած սերմանել հայոց բանակի զինւորների, սպաների, գեներալների շրջանում, թուլացնել ու կոտրել կռուելու ու յաղթելու նրանց կամքը:
Իսկ այդ նոյն ժամանակ Երեւանում ձեւաւորւում էին կառավարութեան ու Ազգային ժողովի շէնքը գրոհելուն պատրաստ «մարտունակ» ջոկատներ: