Համացանցում է հայտնվել օֆշորային հայտնի գործով անցնող Աշոտ Սուքիասյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը։ Շուրջ 25-րոպեանոց ձայնագրության մեջ Կճոյանն ու Աշոտ Սուքիասյանը պլանավորում են իրենց անելիքները, խոսում օֆշորային գոտում գրանցված ընկերությունում իրենց ստորագրությունները փոխելու մասին։
Խոսվում է նաև այն մասին, որ եթե հարցում կատարվի Աֆրիկայի Սիերա Լեոնե հանրապետություն, և ճիշտ տեղեկություններ գան, ու պարզվի, որ օֆշորային գոտում ի սկզբանե բացված ընկերության սեփականատերերը իրենք են եղել, ապա փոփոխվել են, իրենք ինչ քայլեր են ձեռնարկելու։ Աշոտ Սուքիասյանը Կճոյանին խորհուրդ է տալիս ցանկացած դեպքում հերքել իր առնչությունը այդ ընկերությանը։ Կճոյանը, սակայն, վախենում է վրիպելուց. «Եթե վրիպում եղավ ու ըտեղից (նկատի ունի Աֆրիկայից-Ս. Հ.) սխալ բաներ եկավ, ես խայտառակ եմ լինելու ոտից գլուխ։ Ես սկզբից հերքել եմ, ու եթե ուրիշ բան եկավ, ու փաստերը ուրիշ բան ասեն, ես հելնեմ ապուշ-ապուշ ինչ ասեմ… ոչ մեկը չի հավատա։ Եթե գա էդ բաներով, ու ես կանգնեմ ու հերքեմ, դա կլինի ապուշություն։ Ես պարտք եմ մնալու ստեղի իշխանություններին էն վիճակով, որ ես դուխից ընգա։ Պե՞տք ա էդ ինձ 100 տարի։ Ինչի՞ս ա պետք։ …պետք ա էնպես լինի, որ մեր ասածը ճիշտ լինի… մենք չենք կարա լուրջ մարդկանց խաբենք։ Իրանց դեմ դառնում ենք զրո, բա պե՞տք ա էդ մեզ, պե՞տք ա նման ողորմության տակ մտնել։ Չարժի, չէ »,- ասում է Կճոյանը։
Աշոտ Սուքիասյանը շտապում է հանգստացնել Կճոյանին, որ ամեն ինչ կարգին է, ու Աֆրիկայից ոչ մի վատ տեղեկություն չի կարող գալ։
«Փակել եք, չէ՞, էդ անտերը»,- հարցնում է Կճոյանը՝ նկատի ունենալով օֆշորային գոտում գրանցված ընկերությունը։
Ա. Ս.- Չէ, ֆիրման չի փակված:
Կճոյան- Փոխե՞լ եք:
Ա. Ս.- Այո-այո:
Կճոյան- Բա էդտեղից կասեն սենց ա էղել, հետո սրանք փոխվել, նրանք են դառել։ Ստորագրությունների հիման վրա եք, չէ՞, փոխել։
Ա. Ս.- Երկու տարբերակ կա ստեղ։ Մեկը, որ ընդհանրապես ոչինչ չի եղել, մենակ ես եմ եղել ընտանիքով։ Մյուս տարբերակն էլ, որ ինչ որ կա, ես եմ արել։ Կամ նա է, կամ սա։
Կճոյան- Փաստեր ղրգելո՞ւ են։
Ա. Ս.- Ինչ որ ասում եմ՝ էդ ա։ Կամ մեկը պիտի գա, կամ մյուսը։
Կճոյան- Չէ, ստորագրություններ-մստորագրությունները։
Ա. Ս.- Չէ, անձնագրի կոպիաներով եմ ես բացել։
Կճոյան- Ստորագրություն չլինի, դա շատ բարդ բան ա։ Ընդհանրապես չլինի։
Ա. Ս.- Չէ, բայց էս ընթացքում եթե պետք եղավ, լավ կլինի, որ էդ, ում անունով որ պետք ա արվի, Մհերը հետը գա կամ ուղարկի։
Կճոյան- Կասեմ՝ կգա։
Կճոյան- Աշոտ, ստորագրություն չլինի։
Ա. Ս.- Չէ-չէ, սրբազան, ամեն ինչ դրա համար եմ անում, բա մեր տանջանքը ինչի համար ա։
Կճոյան- Ասում ես՝ ինչ էլ որ գա, ինչ էլ որ գան, վատ ա։ Պիտի գա առանց դրա։
Ա. Ս.- Մենք էսօր հեռախոսով քննարկել ենք էդ երկու տարբերակը՝ կամ եղել ենք մենք, կամ՝ ինչ որ կա, ես եմ արել։ Ուրիշ բան չի կարա լինի։
Կճոյան- Եթե ինչ որ կա, դու ես արել, այսինքն՝ ստորագրությունները դու կեղծե՞լ ես։
Ա. Ս.- Չէ, ստորագրություններ չեն եղել։
Կճոյան- Ահա, այ ստեղ ստոպ ենք տալիս, ստեղ վերջացավ։ Եթե էս տարբերակն ա լինելու, ստեղ վերջացավ։
Ա. Ս.- Էդ տարբերակով ա լինելու:
Կճոյան- Բա լավ, որ վկայականներ չեն եղել, դու ստորագրություններով արել ես, բա հետո ո՞նց ես փոխել դա։
Ա. Ս.- Նորից նույն ձևով, ոնց որ սկզբից։
Կճոյան- Էդպես հեշտ արել են, հա՞։
Ա. Ս.- Իրենք վաղը տարբերակները կասեն, կհուշեն, թե ինչ են ուղարկելու, ոնց է լինելու։ Դրանք սաղ կքննարկենք։ Կխնդրեմ, որ ինչ որ ուղարկելու ենք առանց ստորագրելու, կնքելու, առաջին նմուշը տան մեզ, հետո նոր ուղարկեն։ Էդ գրասենյակում շատ լուրջ հարցեր են լուծվում։
Կճոյան- Դու ինձ հասկացա՞ր՝ ինչ չպետք է լինի։
Ա. Ս.- Լրիվ-լրիվ։
Կճոյան- Դե գնացի քնեմ, վաղը կխոսենք… Աստված հետդ, ուժեղ եղի, քեզ անուշ երազներ։
Գործարար, այս զույգի ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի համագործակցության պատճառով սնանկացած Փայլակ Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նոր է լսել ձայնագրությունը, չգիտի, թե դա ինչպես է հայտնվել համացանցում, չգիտի՝ ով է ձայնագրել, բայց մի բանի համար է ուրախ, որ վերջապես փաստերով ապացուցվեց այն, ինչի մասին ինքը խոսում էր տարիներ շարունակ: «Ձայնագրության մեջ նրանք խոսում են այն ամենի մասին, ինչի մասին ես խոսում եմ 10 տարի շարունակ։ 10 տարի ես տառապել եմ էդ խուլիգանների ձեռքը։ Էդ ժամանակ դատարաններն էլ էին իրենց ձեռքը, դատախազն էլ էր իրենցը, քննիչներն էլ։ Տո վարչապետն էլ էր իրենցը։ Դրանից էն կողմ էլ ինչ պետք է լիներ։ Լսում եք ձայնագրության մեջ, որ Աֆրիկայում էլ են հարցեր լուծում։ Բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ջրի երես դուրս եկավ։ Ոչ մեկը չէր հավատում իմ ասածներին։ Դե թող դնեն ու լսեն և հավատան, թե ով էր ամենը սարքել։ Ես շատ ուրախ եմ էդ ձայնագրության համար»,- ասաց Հայրապետյանը։
Նախկին գործարարն ասաց, որ պատրաստվում է ձայնագրությունը ներկայացնել Ազգային անվտանգության ծառայություն, որի վարույթում ներկայումս քննվում է այս գործը, և հույս ունի, որ ձայնագրությունը կդիտվի որպես նոր երևան եկած հանգամանք, գործը կվերաբացվի, ու բոլորը կենթարկվեն պատասխանատվության. «Ես արդեն պատրաստվում եմ հանդիպել փաստաբանիս հետ, վերծանել ձայնագրությունը և կրիչի հետ միասին ներկայացնել ԱԱԾ։ Թեև վստահ եմ, որ իրենք էլ են արդեն տեղյակ դրան։ Սա իմ գործի ամենամեծ հաջողությունն է, որ նրանց խոսակցությունը ձայնագրվել է։ Հայրս ասում էր՝ արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում։ Ես հավատում եմ, որ գոնե սրանից հետո ես կհասնեմ արդարության։ Էլ տեղ չկա նրանց պաշտպանելու։ Էս ձայնագրությունը լրիվ ինձ հույս տվեց։ Այստեղ պարզ խոսում են, թե ոնց են կազմակերպել, ոնց են ինձ քցել, ոնց են փորձել իրենց հետքերը մաքրել։ Էլ ի՞նչ է պետք գործը բացահայտելու համար։ Այդ ձայնագրության մեջ նրանք ինքնախոստովանական ցուցմունք են տալիս»:
Հայրապետյանը հավելեց, որ գործի նորմալ քննության
դեպքում Աշոտ Սուքիասյանը պետք է վերադառնա բանտ, իսկ մնացած մասնակիցները՝ «Ամերիաբանկը», Կճոյանը, Տիգրան Սարգսյանը և մնացած մեղսակիցները, ենթարկվեն պատասխանատվության: «Կազմակերպված խումբ է եղել, կոնկրետ պլան է եղել, իրագործել են իրենց պլանը ու հիմա պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Փայլակ Հայրապետյանին ձայնագրության մեջ առավելապես զարմացրել էր սրբազան Կճոյանի բառապաշարը, օգտագործած բառերը, մարդկանց մոլորեցնելու, ստելու նրա վարպետությունը: «Թող բոլորը լսեն ու համոզվեն, որ նա շարքային խուլիգան է, ոչ թե սրբազան։ Նա ժամանակին գողական է եղել, ինչ սրբազան։ Հանցագործ Փայլակի գրուպայի գող է եղել։ Հուսով եմ, որ գոնե այս ձայնագրությունից հետո նրան դուրս կշպրտեն եկեղեցուց։ Նա ի՞նչ օրինակ կարող է ծառայել մյուսներին»,- ասաց Հայրապետյանը։
Փայլակ Հայրապետյանի պաշտպան Աշոտ Գևորգյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ վարույթում արդեն իսկ այս գործով նախաքննություն է գնում, նախաքննական մարմինը թերևս տեղյակ կլինի ձայնագրությունից։ Նույնիսկ կեսկատակ-կեսլուրջ ակնարկեց, որ ձայնագրությունը, բնականաբար, ԱԱԾ-ի ձեռքով է արվել։ Իրենք պարզապես կհետևեն նախաքննության ընթացքին և կտեսնեն, թե ինչպես են զարգանում իրադարձությունները:
«Չեմ ուզում ենթադրություններ անել, բայց այդ ձայնագրությունը իր մեջ որոշակի ինֆորմացիա է պարունակում։ Նախաքննությունը կգնա, մարդիկ կհարցաքննվեն, և վերջում դրանց կտրվի քրեաիրավական գնահատական»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ չի կարող ասել, թե ինչու է հիմա հրապարակվում այդ ձայնագրություը: «Քննության տակտիկան նախաքննական մարմինն է որոշում։ Պահը հիմա են հարմար են գտել իրենք, հիմա են հրապարակել։ Նախաքննության գաղտնիքներ կան, սպասենք տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ 2009 թվականին գործարար Փայլակ Հայրապետյանը, բանկի գնահատմամբ, իրեն պատկանող 33 միլիոն դոլարի անշարժ գույք էր գրավադրել, որպեսզի Հայաստանում ադամանդի վերամշակման գործարան կառուցվեր և Աֆրիկայի Սիերա Լիոնե հանրապետությունից հումքը ներկրվեր Հայաստան ու վերամշակվեր։ Հայրապետյանին պատկանող մի քանի տասնյակ անշարժ գույք էր գրավադրվել «Ամերիաբանկում», որի հիման վրա տրված վարկային միջոցները յուրացվել էին հանցավոր խմբի կողմից, և ոչ մի դրամ նպատակին չէր ծառայեցվել։ Գումարները բանկից դուրս էին եկել, ապա փոխանցվել օֆշորային գոտում գրանցված հաշվեհամարների, որոնք բացված էին եղել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի ու Աշոտ Սուքիասյանի անուններով։ Արդյունքում վարկային պարտավորությունները չկատարելու համար բանկը Հայրապետյանի ամբողջ ունեցվածքը հանեց վաճառքի, ու նա ամեն ինչ կորցրեց:
Պատասխանատվության ենթարկվեց միայն Աշոտ Սուքիասյանը։ Նա 2017 թվականին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ դատապարտվեց 16 տարվա ազատազրկման: Դատարանը վճռել էր մոտ 8 մլրդ 919 մլն դրամ բռնագանձել հօգուտ Փայլակ Հայրապետյանի և 632 մլն 403 հազար դրամ՝ հօգուտ Հայրապետյանի որդու: Աշոտ Սուքիասյանը Հայրապետյաններին ոչ մի կոպեկ չի վերադարձրել, սակայն 6 տարի անազատության մեջ մնալուց հետո հարկայինի հետ ունեցած հաշիվները փակելու հիմնավորմամբ անցած տարի հայտնվեց ազատության մեջ։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *