ԱԺ-ի արտահերթ ընտրություններ և Սահմանադրության փոփոխություն՝ կառավարման խորհրդարանական համակարգի վերանայումով. սա քաղաքական դաշտում ձևավորված օրակարգն է, որին, որոշ վերապահումներով, կողմ են խորհրդարանական բոլոր ուժերը: Հստակեցումները կախված են բանակցություններից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հանդիպման է հրավիրել։ Մարուքյանը ենթադրում է, որ հանդիպումը կկայանա վաղը, բայց նշում է, որ «առանց նախապայմանների» ձևակերպումը պետք է գործի բոլորի համար: Պատգամավորն այսօր լրագրողներին ասել է. «Որ առաջարկում են հուշագիր կնքել, դա արդեն նախապայման է: Դրա համար նաև ընդդիմությունն ունի նախապայմաններ: Երկիրն այս վիճակից հանելու համար պատրաստ եմ բազմաթիվ փոխզիջումների: Ես գնում եմ այդ հանդիպմանը: Հանդիպման ժամանակ ինչ կլինի, ես ձեզ կտեղեկացնեմ: Այս երկիրը առանց ընտրությունների չի հանդարտվելու, սակայն, մինչև ընտրություններ՝ կան ծառացած այլ խնդիրներ, օրինակ, գործադիր իշխանություն և բանակ հակադրություն»:
ԼՀԿ-ական գործընկերոջ այս ձևակերպումը չի ընդունում Աժ փոխնախագահ, իմքայլական Ալեն Սիմոնյանը: Ասում է. «Իշխանություն-բանակ հակամարտություն գոյություն չունի: Կա խնդիր բանակի վերնախավի մեկ, երկու, երեք ներկայացուցիչների հետ: Այդ հայտարարությունը ինքնին անօրինական հայտարարություն էր: Բանակը քաղաքական պրոցեսների մասնակից չի կարող լինել, օրենքը դա արգելում է: Որոշ զինվորականներ քաղաքականությունից պետք է հեռու մնան»:
Ներքաղաքական լարվածությունը թուլացնելու համար իշխանությունը իրատեսական է համարում արտահերթ ընտրություններն այս տարի անցկացնելը: Երեկ վարչապետը չէր բացառել այդ տարբերակը: «Այս պահին կա համաձայնություն սեղանի շուրջ նստելու և քննարկումներ սկսելու վերաբերյալ»,- ասում է Աժ փոխնախագահը: Լուսավորականները պնդում են. վարչապետի հրաժարականի դեպքում իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի, բայց դրա համար անհրաժեշտ է համաձայնություն խորհրդարանական բոլոր ուժերի միջև:
Խորհրդարանական երրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը զիջումների մասին չի խոսում. «Հանգուցալուծումը արտահերթ ընտրություններն են, բայց այդ արտահերթ ընտրությունները չպիտի անցկացնի տոտալ վարչական ռեսուրս կիրառող մարդը: Երեկվա հանրահավաքը ես բացարձակապես մարտահրավեր չեմ համարում»:
Այսպիսի դիրքորոշումը առաջիկա քաղաքական քննարկումների համար խնդրահարույց չի համարում Աժ-ի փոխնախագահը: Ալեն Սիմոնյանն ասում է. «Ես վստահ չեմ, որ այս փուլում Նաիրա Զոհրաբյանը լիովին ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Բոլորդ շատ լավ գիտեք, որ այնտեղ «ասում» է մեկ մարդ: Ես չեմ բացառում, որ այսօր և վաղը, չեմ կարող ասել՝ ինչ ձևաչափով, կարող է հանդիպում լինի, կարող է այլ ֆորմատ լինի, բայց չեմ բացառում և սպասում եմ հանդիպման: Քաղաքական գործընթացի հանգուցալուծումը պետք է լինի ընտրությունների միջոցով: Այլ տարբերակ ՀՀ-ում անհնար է»:
Քաղաքական քննարկումներից առաջ որևէ մեկը չի շտապում հստակեցնել, թե լարվածությունը հանգուցալուծելու համար ինչ զիջումների է պատրաստ գնալ: Հիմնավորում են, թե այդպես քննարկումների ժամանակ կխուսափեն հնարավոր սակարկումներից:
Օրակարգային է դառնում Սահմանադրության փոփոխության հարցը ևս: Հայեցակարգը հրապարակելու համար վարչապետը նշել է հոկտեմբեր ամիսը: Չի բացառվում նաև, որ խորհրդարանը փոփոխի այն դրույթները, որոնց համար Հանրաքվեի անցկացումը պարտադիր չէ: Այս պահին իշխանությունը խոսում է կառավարման խորհրդարանական համակարգը փոխելու հնարավորության մասին, իսկ այդ փոփոխությունը հնարավոր է միայն Հանրաքվեի միջոցով:
