Գեներալ-Լեյտենանտ Արմեն Զալինյան
Փետրվար 26, 2021

Փետրվարի 25-ին Հայաստանում տեղի ունեցող պայքարը թեւակոխեց նոր փուլ, բարձրացավ նոր մակարդակի վրա, որը նախեւառաջ անհրաժեշտ է ճիշտ իմաստավորել եւ գնահատել, որպեսզի ժողովրդի կողմից ճիշտ ընկալվի դրա բովանդակությունը եւ հետեւանքները:
Այսօրվա զարգացումները սկսվեցին այն բանից հետո, երբ Փաշինյանը հաղորդավար Մնացականյանի հետ իր հարցազրույցի ժամանակ հայտարարեց պատերազմի ժամանակ «Իսկանդեր» հրթիռային համակարգի օգտագործման եւ դրա անարդյունավտության մասին՝ ընգծելով, որ այդ հրթիռները «10% -ով են պայթել»: Դրան հաջորդեց փետրվարի 25-ին Համացանցում ռուսաստանաբնակ ժուռնալիստ Արամ Գաբրիելյանովի հայտարարությունը՝ կապված պատերազմի ընթացքում Իսկանդերի կիրառման վերաբերյալ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ Նիկոլ Փաշինյանի զրույցների մասին: Արամ Գաբրիելյանովը տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Քանի որ խոսք գնաց Իսկանդերների մասին, մի բան կպատմեմ: Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ երկար եւ ծանր խոսակցություն ունեցա: Ամեն ինչ չեմ կարող պատմել, բայց քանի որ Նիկոլը բարձրացրեց այդ բացառիկ զինատեսակի թեման, բառացի կմեջբերեմ Օնիկ Գասպարյանի ասածը: «Պատերազմի 3-րդ օրը, ես, որպես ԳՇ պետ, որոշեցի կիրառել Իսկանդերը 2 ստրատեգիական օբյեկտների՝ Բաքու-Ջեյհան նավթամուղի եւ մեկ այլ օբյեկտի դեմ: Փաշինյանը կատեգորիկ արգելեց, թեպետ ռուսները հասկացնել էին տվել, թե ձեր պատերազմն է ու ձեր գործը, ինչ ուզում եք՝ արեք: Շուշիի անկումից 3 օր առաջ ես Փաշինյանին խնդրեցի թույլ տալ Իսկանդերի երկու հարված հասցնել ուղիղ Շուշիի տակ կուտակված ադրբեջանցիների կենդանի ուժին: Փաշինյանը կատեգորիկ արգելեց` ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ կբզկտի, եթե մենք միաժամանակ սպանենք թշնամու մի քանի հազար զինվորների: Միակ անգամ ինձ թույլ տվեցին կիրառել Իսկանդերը արդեն Շուշիի ուղղությամբ: Ես այն կիրառեցի: Մենք օգտվեցինք դրանից ու հասցրինք քաղաք մտցնել մի քանի տանկեր: Երկու օր անց ինձ հրամայեցին թողնել Շուշին եւ նահանջել:»»



Փետրվարի 25-ին Համացանցում տարածվեց նաեւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի հարցազրույցը, որի ընթացքում Խաչատրյանն անդրադարձել էր Փաշինյանի վերոհիշյալ հայտարարությանը: Դրան հաջորդեց այն, որ Նիկոլ Փաշինյանը ազատեց Տիրան Խաչատրյանին Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից եւ դրա մասին պաշտոնապես հայտարարեց: Քանի որ ՀՀ գլխավոր շտաբի պետի տեղակալներին նշանակում եւ ազատում է Հանրապետության Նախագահը վարչապետի ներկայացմամբ, ուստի, հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ Տիրան Խաչատրայնը դե-յուրե արդեն Գլխավոր շտաբի պետի տեղակալ չէ, ենթադրվում է, որ Հանրապետության Նախագահն արդեն ստորագրել էր համապատասխան հրամանագիրը:
Այս ամենին հաջորդեց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի, հրամանատա-րական, բարձրաստիճան պաշտոնատար սպայական անձնակազմի հայտարարությունը, որով պահանջվեց վարչապետի եւ կառավարության հրաժարականը, ընդ որում կառավարության գործունեությունը հստակ գնահատ-վեց որպես վտանգավոր Հայ ժողովրդի, Հայոց պետության համար, մասնավորապես նշելով հետեւյալը.
«ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ:


Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:»

Զինված ուժերի Գլխավոր շտաբի վերոհիշյալ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ եւ նույն օրը փետրվարի 25-ին անցկացրեց հանրահավաք Հանրապետության հրապարակում: Այդ հանրահավաքի ժամանակ ժամը 16:19-16:22-ին հայտաարարեց, որ անթույլատրելի է, որ զինված ուժերը, բանակը զբաղվեն քաղաքականությամբ և հանդես գան քաղաքական գնահատականներով, եւ նշեց, որ ինքը հրաման է տալիս բոլոր զինվորականներին կատարել իրենց ծառայությունը, ապահովել երկրի անվտանգությունը:
Այսպիսով՝ ո՞րն է այս ամենի ամենաառաձնգային հարցը, որի պատասխանից են կախված հետագա զարգացումները: Ո՞րն է այն հարցը, որի հիման վրա այսօր պետք է ձեւավորվի օրակարգը: Այդ հարցը, իսկ ավելի ճիշտ հարցերը հետեւյալն են.

1/ արդյո՞ք իրականությանը համապաատասխանում է Փաշինյանի հայտարարությունը Իսկանդերի հրթիռների օգտագործման եւ դրանց 10 տոկոսով պայթելու վերաբերյալ:

2/ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այն, ինչ հայտարարել է Գաբրիելյանովը Օնիկ Գասպարյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած զրույցների վերաբերյալ՝ կապված Իսկանդերի կիրառման հետ: Եթե դա ճիշտ է, ի՞նչ է նշանակում այս ամենը եւ ինչ իրավական հետեւանքներ են դրանք առաջացնում:

3/ արդյո՞ք Գլխավոր շտաբի հայտարարությունը քաղաքական է, քաղաքական գնահատական է, ինչպես փորձում են ներկայացնել Փաշինյանը եւ իր թիմակիցները:

4/ արդյո՞ք Գլխավոր շտաբը դուրս է եկել իր գործառույթների շրջանակներից:

Եվ այսպես՝ անցնենք հարցերի վերլուծությանը:

1/ Եթե Փաշինյանի ակնարկը Իսկանդերի հրթիռների 10 տոկոսով պայթելու վերաբերյալ համապատասխանում է իրականությանը, նշանակում է, որ հրթիռները կամ եղել են անսարք կամ նրանց կառավարման վահանակը, այսպես ասած «արդյունավետ կրակ վարելու բանալին» լիարժեքորեն չի գտնվել հայկական զինված ուժերի ձեռքում: Այդ դեպքում այս հարցի պատասխանը չափազանց կարեւոր է ոչ միայն մեզ համար այսօր, այլեւ վստահ եմ շատերի համար ովքեր գնել, ձեռք են բերել եւ ձեռք են բերում այդ համակարգերը Ռուսաստանից: Եվ պատահական չեն Փաշինյանի այդ հայտարարության կապակցությամբ Ռուսաստանից տարաբնույթ խիստ եւ որոշ դեպքերում ոչ դիվանագիտական գնահատականները: Եթե Փաշինյանի այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը դա վատ հետեւանքներ կունենա: Անգամ Ռուսաստանի Նախագահի հետ հեռախոսազրույցը ոչինչ չի փոխի:

Բոլոր դեպքերում այս հայտարարությունը պետք է դիտարկվի նախեւառաջ այսօրվա զարգացումների համատեքստում: Մասնավորապես, հաշվի առնելով այսօրվա զարգացումները, կարելի է նշել, որ Փաշինյանը նման հայտարարությամբ փորձեց կանխարգելել եւ չեզոքացնել Գաբիելյանովի հայտարարությունը ոչ միայն Գաբրիելյանովի կողմից այլ հենց նույն Օնիկ Գասպարյանի կողմից արվելու դեպքում: Եվ որպես կանխարգելիչ քայլ, հաղորդավար Մնացականյանի հետ հարցազրույցում Փաշինյանն արեց նման հայտարարություն՝ քաջ գիտակցելով դրա վերաբերյալ արձագանքը հենց նույն Ռուսաստանի կողմից, ռուսաստանյան լավագույն զենքերից մեկի նկատմամբ նման ծայրաստիճան վարկաբեկիչ հայտարարություն կատարելով: Իսկ եթե չէր գիտակցում դա ավելի վատ է: Ինչեւէ, բոլոր դեպքերում անցնենք կարեւոր հարցին՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այն, ինչ հայտարարել է Գաբրիելյանովը Օնիկ Գասպարյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած զրույցների վերաբերյալ՝ կապված Իսկանդերի կիրառման հետ:


Եվ այսպես՝

1/ Եթե Գաբրելյանովի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը արգելել է Օնիկ Գասպարյանին կիրառել Իսկանդերը եւ այդպիսով հնարավոր էր միանգամից բեկում մտցնել ճակատամարտի ընթացքի եւ արդյունքների մեջ: Այս կապակցությամբ առաջանում են հետեւյալ հարցերը.

ա/ ի՞նչ հիմքով, ո՞ր իրավունքով էր Փաշինյանը արգելել Գասպարյանին կիրառել Իսկանդերը,

բ/ ի՞նչ հիմքով, ո՞ր պարտականությամբ էր Գասպարյանը պարտավոր ղեկավարվել Փաշինյանի արգելքով:
Իրավական հարթության մեջ այս երկու հարցերի պատասխանները կապված են ,գերագույն հրամանատարե հասկացության եւ բովանդակային ծավալների հետ, ինչպես նաեւ այն հարցի հետ, թե Նիկոլ Փաշինյանը հանդիսանու՞մ էր արդյոք գերագույն հրամանատար՝ ով իրավունք ուներ տալ հրամաններ, իսկ Օնիկ Գասպարյանն էլ պարտավո՞ր էր կատարել հրամանը: Այս հարցի պատասխանը չափազանց կարեւոր է, քանի որ, եթե Նիկոլ Փաշինյանը չէր հանդիսանում եւ չի հանդիսանում գերագույն հրամանատար, ուրեմն ինքն իրավունք չուներ եւ չունի տալու որեւէ հրամաններ Գլխավոր Շտաբի պետին, իսկ Գլխավոր շտաբի պետն էլ պարտավոր չէր եւ չի կատարելու նրա հրամանները, ավելին՝ այդ «հրամանը» կատարելը պարզապես զինվորական կանոնակարգերի խախտում չի:
Իսկ հիմա հասկանանք՝ արդյո՞ք Փաշինյանը ՀՀ Զինված ուժերի գերագույն հրամանատարն է, ինչպես ինքը եւ շատերը պնդում են:

ՀՀ Սահմանադրության 155 հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում ամրագրված է.
«3. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության Նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:

  1. Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»:
    Այսպիսով՝ ՀՀ Սահմանդրության 155 հոդվածի 4-րդ մասի համաձայն վարչապետը զինված ուժերի գերագույն հրամանատարն է դառնում միայն պատերազմի ժամանակ: Եվ այստեղ առաջանում են բազմաթիվ հարցեր.
    իրավական տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը չի գտնվել պատերազմական վիճակում, Ազգային ժողովը որեւէ պետությանը պատերազմ չի հայտարարել, ուստի՝ չկա պատերազմ՝ չկա վարչապետ՝ որպես զինված ուժերի գերագույն հրամանատար: Իհարկե, այստեղ որոշ խմբեր հիմա կասեն, թե այո՛ Հայաստանի Ազգային Ժողովը պատերազմ չէր հայտարարել, բայց չէ որ Հայաստանի վրա հարձակվել էին եւ Հայաստանը փաստացի գտնվում էր պատերազմի մեջ եւ այդ հիմքով էինք պնդում, որ առաջ էր եկել գերագույն հրամանատարի կարգավիճակը: Այդ դեպքում, ի պատասխան այդ խմբերին, կասեմ հետեւյալը. եթե ձեր գնահատմամբ Հայաստանը գտնվում էր պատերազմի մեջ, Հայաստանի վրա հարձակվել էին, ինչու՞ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չդիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի արձանագրվի ագրեսսիայի փաստը եւ գոնե, ըստ այդմ, Հայաստանը կհայտնվեր որպես ագրեսսիայի ենթարկված, պատերազմի մեջ գտնվող պետություն: Նմանատիպ այլ փաստարկներ եւս կարելի է ներկայացնել, սակայն այս պահին կանդրադառնամ պաշտպանության նախկին նախարար Տոնոյանի հայտարարությանը: Այն, որ, ցավոք սրտի, իրավիճակը եղել է մեղմ ասած ոչ իրավաչափ, խճճված, կամայական, վկայում է նաեւ Դավիթ Տոնոյանը, ով 2021 թվականի հունվարի 25-ի իր հարցազրույցում կատարեց չափազանց հետաքրքիր հետեւյալ հայտարարությունը.
    «Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ -պաշտպանության նախարարություն – Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները: Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը եւ գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր – ՊԲ – Արցախի նախագահ գործառույթներին եւ պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը: 2015 թ-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին:»
    Այսպիսով՝ այս ամենի պարագայում, հաշվի առնելով Փաշինյանի բոլոր նախկին հայտարարութունները՝ կապված Բանակի հետ, պատերազմում պարտության մեղքը բարդելով Բանակի վրա, ժողովրդի վրա, չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է հիմնավորել եւ գնահատել Գլխավոր շտաբի հայտարարությունը որպես քաղաքական: Գլխավոր շտաբը պետք է գործի իրավիճակին համարժեք, առավել եւս, երբ հայտարարության մեջ արվում են շեշտադրումներ, որոնք ինքնին պարտավորեցնող են: Գիտե՞ք կարելի է մեկ անգամ սխալվել, բայց երկրորդ անգամ սխալվելը անհասկանալի կլինի:
    Եվ այս ամենով հանդերձ չափազանց կարեւոր է դառնում Հանրապետության Նախագահի դիրքորոշումը ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քանի դեռ առկա չէ Հանրապետության Նախագահի հրամանագիրը Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին, Օնիկ Գասպարյանը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն է՝ դրանից բխող բոլոր իրավունքներով եւ պարտականություններով:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *