Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել Vulture կայքին: Հայազգի երաժիշտը խոսել է խմբի վերջին երգերի, տարիների դադարից հետո վերամիավորվելու, իր քաղաքական հայացքների ու Հայաստանի մասին։ Հարցազրույցում ասվում է, որ որպես ակտիվիստ՝ Սերժ Թանկյանը տարիներ շարունակ ջանքեր է գործադրել Հայաստանի պատմության ցավոտ դրվագների մասին հանրությանը իրազեկելու համար։
Լրագրողի դիտարկմանը, թե հետխորհրդային Հայաստանում գրանցված ընտրակեղծիքների ու խորհրդարանում արձակված կրակոցների մասին (խմբգ հոկտեմբերի 27) տեղեկանալիս մտավախություն կար, որ Ամերիկան կարող է հեշտությամբ գնալ նույն ճանապարհով։ Ինչպե՞ս կարող է նա հանգիստ լինել, երբ հայրենիքում և այն երկրում, որը ներկայումս տուն է անվանում, անհնազանդություններ են տիրում, Թանկյանը պատասխանել է, որ դա ողբերգություն է։
«Արցախում պատերազմը պարտվելուց անմիջապես հետո ստորագրված սարսափելի զինադադարին (ես ասում եմ՝ «սարսափելի», որովհետև լավ է, որ պատերազմը դադարեց, և այլևս մարդիկ չէին զոհվի, բայց հրադադարի կետերը շատ վնասակար էին հայ ազգի համար), հետևեց Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած անկարգությունը: Կարճ ժամանակ անց Ամերիկայում տեղի ունեցավ նույնը։ Դա ինձ ստիպեց զգալ, որ այն, ինչ կատարվում է աշխարհում, շատ փոխկապակցված է: Ես կասեի, որ շատ մարդկանց ցույցերի են տանում այն ուժերը, որոնք շատ եսասեր են իշխանությունը զավթելու հարցում, և դա նույնն է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում», – ասել է Թանկյանը։
Հարցազրույցում նաև անդրադարձ է կատարվել հատկապես վերջին շաբաթներին հայաստանյան ներքաղաքական ոլորտի լարվածությանը, մասնավորապես, ռազմական ղեկավարության մակարդակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Թանկյանն ասել է, որ նոյեմբերի 10-ի զինադադարից ի վեր հայերը սգում են ոչ միայն զոհված երիտասարդների, այլ նաև բռնապետերին կորսված մեր հայրենիքի համար, ովքեր անպատժելիության պայմաններում հարձակվել են մեզ վրա՝ օգտագործելով նորագույն զինատեսակներ և սփռել ապատեղեկատվություն։ Հայազգի երաժիշտը նաև նշել է, որ Հայաստանում ստեղծված տհաճ իրավիճակի արդյունքում շատերը զայրացած են, քանի որ չեն պատկերացնում՝ որ ուժին սատարել։
«Փողոցում կառավարության հրաժարականը պահանջող ընդդիմության շրջանում կան այնպիսի ուժեր, որոնք նույնիսկ խորհրդարանում չեն ու կապված են նախկին իշխանությունների հետ։ Շատերը բարկանում են ներկայիս կառավարությունում տեղի ունեցածի պատճառով: Կան պատերազմի՝ սխալ ղեկավարման ու այլ թեմաների շուրջ չպարզաբանված հարցեր: Բայց մարդիկ նաև չեն վստահում նախկին օլիգարխիկ վարչակարգերին, որոնք շուրջ 20 տարի շարունակ գողացել են քաղաքացիներից։ Միակ ճանապարհը հիմա ժողովրդավարությունն է: Բանակը չպետք է ստանձնի ղեկավարումը: Ընդդիմությունը՝ ևս: Ոչ ոք պարզապես չպետք է խլի իշխանությունը: Պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ: Եվ դրանք պետք է լինեն 2,5 տարուց ավելի շուտ, երբ չի մոտենա հերթական ընտրությունների ժամկետը»,- եզրափակել է նա։
Աղբյուր՝ Volture.com
