ԳՐԵՑ՝ Սամվել Հովասափյան

Այսօր առավոտ կանուխ հեռախոսի զանգը հնչեց՝ կատաղած, զիլ, շտապեցնող։ Ընկերս էր ԱՄՆ-ից, ով հայտնի է իր հումորով։ Ով շատերիս նման անկողին է մտնում ու արթնանում Հայաս-տանով, Հայաստանի լուրերը ականջին։ Իմ հարցին, թե ինչու է այսքան վաղ զանգում, նա ծիծաղը զսպելով, իր շուտասելուկը, որը նա քնած տեղում մի քանի անգամ մտքում ետ ու առաջ էր արել, մտաբերեց.
Հե՜յ դու՝ քնած մնացած հայրենասեր, լսել ես չէ՞, Հայաստանում բոլորը, անխտիր ամեն մեկը ի՛ր կուսակցությունն է հիմնել ու հիմնում, մենք ուշացանք, երևի հայրենիքի ու ազգի փրկության ելքը միայն դա է, այո, անկասկած, որ միայն դա է, թե չէ՝ այդքան խելոքներ, այդքան քաղաքական գիտությունների դոկտորներ, փաստաբաններ, իրավաբաններ, իրենց ասելով՝ ժողովրդավար քաղաքական գործիչներ, չէին գնա այդ ճանապարհով…
Ցանկություն ունե՞ս նրանց ճանաչելու.
…Լևոն Տեր Պետրոսյան, Արմեն Սարգսյան, Էդմոն Մարուքյան, Լևոն Շիրինյան, Արա Պապյան, Վարուժան Ասատրյան, Նորայր Նորիկյան, Յուրի Վարդանյան, Տիգրան Խզմալյան, Անդրիաս Ղուկասյան, Արման Բաբաջանյան և այլն և այլն… Իսկ բոլորովին վերջերս Դավիթ Սանասարյանը հայտ է ներկայացրել, մի նոր կուսակցություն, այսինքն ի՛ր չափերին «ձևած», «կարված» կուսակցություն, հիմնելու մասին…
Ասա, ե՞րբ ենք Հայաստան գնում, մեր կուսակցությունը հիմնելու, անվանումը արդեն ունեմ, այն կոչելու ենք՝«Խեղճ Հայաստան», որովհետև արդեն բոլոր տեսակի ածականներով Հայաստան կուսակցություն կա, իսկ այս անվանումը, միակն է, որը համապատասխանում է ներկայիս իրականությանը…
Թե չէ, այսպես, որ գնա, վախենամ սրանց գոռոզամտությունը և ինքնասիրահարվածությունը ու նաև Լևոն Տեր Պետրոսյանի ու այլ՝ մերժվածների, լեզուս չի պտտվում նրանց անունը տալ, դաշտ իջնելը, կնշանակի՝ վերջապես Հայաստանը հայաթափել, նրանք պնդում են, որ այդ է միակ լուծումը, հային ազատել իր դարերի տանջանքներից…
Այո, այո, վախենում եմ, որ վերոհիշյալները մեզ հասցնելու են այն չարաբաստիկ օրին, երբ ազգովի արթնանալու ենք և այլ ելք չտեսնելով, գնալու ենք մեր բարեկամ Պուտինի ոտքերն ընկնենք և խնդրենք, որ բարի գտնվի և մեզ ընդունի Ռուսաստանի կազմի մեջ։ Չէ որ նման օրինակներ պատմությունից մեզ հայտնի են երկու տարեթվեր՝ 1828, 1920։ Եվ պատմական փաստ է, որ միայն այդ տարեթվերից հետո է, որ հայությունն իր պատմական հայրենիքում բազմացել է…
Վերջ, իզուր մեզ չ՝չարչարենք, պետք է վաղ, թե՝ուշ՝ խոստովանենք, որ մենք ապաշնորհ ենք եղել և ենք…
Այն ինչ վերը որպես զավեշտ է ներկայացվել, ցավոք Հայաստանի ապագան՝ որպես անկախ պետություն, վտանգող իրականություն է։ Այն ամենից առաջ բացահայտում է հայի եսակենտրոն բանվորությունը և անհատականությունը։ Որոնց գերին է նա ահա ի սկզբանե, դարեր շարունակ…

Սամվել Հովասափյան
Բեռլին, մարտ 2021

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *